Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻ՞Ն ԷՐ

Փետրվար 13,2004 00:00

ՀՅԴ-Ն ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻ՞Ն ԷՐ Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարները տարակուսում էին, տեղեկանալով, որ պատերազմի պայմաններում գլխավոր հրամանատարի դեմ ցույցեր անելը ընդդիմության իրավունքն է, իսկ այժմ Ռոբերտ Քոչարյանին իշխանությունը վայելելուն խանգարելը՝ կայունության վտանգում: Վստահության հանրաքվեի մասին ընդդիմության նախաձեռնության առնչությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե «համառորեն փորձում են ճոճել կայունության նավը երկրում՝ այն դեպքում, երբ կանգնած ենք մեծագույն մարտահրավերների առջեւ»: Այս առնչությամբ «Առավոտը» նրան ճեպազրույցում հիշեցրեց, որ 1992-ին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր ու իրենք էլ ընդդիմություն էին՝ ինչպես էին ազգային համաձայնության դաշինքներ ստեղծում ու պահանջում նախագահի հրաժարականը: Մեր հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ այսօր մեղադրում եք ընդդիմությանը մի բանի համար, ինչն ինքներդ արել եք ընդդիմություն եղած ժամանակ, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Չի՛ կարելի: Կա մի գիծ, աստիճան, որից հետո ցանկացած քայլ կարող է իսկապես վտանգել երկրի անվտանգության համակարգը: Դրա փայլուն օրինակներից մեկն այն էր, որ թեեւ ՀՅԴ-ն ուներ իսկապես լուրջ ռեսուրսներ երկրում սկսելու շատ ծանր, երկարատեւ գործընթաց եւ համապատասխան բոլոր հնարավորությունները՝ արտաքին քաղաքական լուրջ խոստումներ, ՀՅԴ ղեկավար Հրայր Մարուխյանը 1992-ին, ենթարկվելով անարդար օրենքի պահանջին, կամավոր լքեց հանրապետությունը: Չնայած կարող էր մնալ եւ սկսել գործընթաց: Բայց հասկանում էինք, որ այդ գործընթացը սկսելով՝ մենք երկիրը կմտցնենք ցնցումների մի փուլ, որից հետո դժվար էր ասել, թե հաջորդ քայլում ինչ ձեւով դուրս կգար այս երկիրը: Այս փաստը վկայում է մեր՝ Ձեր ասածին հակառակ գործելու մասին: Միշտ եղել է գործընթաց՝ ընդդիմության իրավունքն է օրենքի սահմաններում աշխատելու, ներկայացնելու իր պահանջները եւ գնալու իշխանափոխության, բայց գործող օրենքների սահմաններում եւ տրամաբանության մեջ»: Վերստին հարցրինք, թե հերքո՞ւմ է, որ անգամ պատերազմի պայմաններում էր ՀՅԴ-ն սուր հակաիշխանական պայքար ծավալում եւ պահանջում նախագահի հրաժարականը: «Նախագահի հրաժարական կարող է պահանջել ցանկացած քաղաքական ուժ, որը հարմար է գտնում,- պատասխանեց Լեւոն Մկրտչյանը:- Դա նաեւ ընդդիմության իրավունքն է: Բա՛յց: Գործողությունները, այդ պահանջն իրականացնելու ձեւերն արդեն մարտավարական այն ներկապնակն են, որի դեպքում, երբ դու անցնում ես որոշակի մի աստիճան, իսկապես կարող է ընդհանրապես հարվածել մեր տասնամյակների հեռանկարային կայունությանը: Այս քայլերը Դաշնակցությունը երբե՛ք չի կատարել եւ լինելով ամենածանր ու կոշտ ընդդիմության մեջ, փակված ու բանտարկված լինելով մեր ղեկավարությունը՝ Դաշնակցությունն արտաքին քաղաքական հիմնահարցերում միշտ կանգնել է պետության կողքին: Սա փաստված է: Կարող եք հիշել «3+1» նախաձեռնությունը եւ այլն: Եվ սա ընդունվում է նաեւ մեր ընդդիմախոսների կողմից: Ավելին, մեր կուսակցական բանտարկված գործընկերները հրաժարվում էին անգամ բողոքի որեւէ նամակ ստորագրել եվրոպական կառույցներին կամ «Միջազգային համաներում» եւ այլ կազմակերպություններին»: Մեր հիշեցմանը, թե այդ տարիներին «Միջազգային համաներում» եւ նման իրավապաշտպան կառույցների զեկույցների առյուծի բաժինը կազմում էին հենց ՀՅԴ-ի նկատմամբ հետապնդումների փաստերը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց. «Զեկույցները լինում էին: Ինչպես հիմա էլ կան զեկույցներ»: Մեր այս երկխոսությունն ուշացումով թղթին հանձնեցինք, քանի որ այս ընթացքում փորձում էինք Լեւոն Մկրտչյանի նշած «ընդդիմախոսներից» պարզել, թե արդյոք համաձա՞յն են վերոհիշյալ պնդումներին: Միանգամից նշենք, որ այդ տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը ղեկավարած անձինք «հաճելիորեն» զարմանում էին, միայն այժմ տեղեկանալով, թե, պարզվում է, Դաշնակցությունը պետության կողքին է եղել արտաքին քաղաքական հիմնահարցերում: Քանի որ նրանք հիշում էին հակառակի մասին վկայող փաստեր: Ասենք, թե ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի գործունեությունն ինչպես էր «տորպեդահարվում» Վաշինգթոնում, Նյու-Յորքում եւ ԱՄՆ մնացած վայրերում գործող ՀՅԴ խմբերի կողմից: Կամ՝ ինչպես էին նրանց կառույցները բացառել որեւէ համագործակցություն տարբեր երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Եվ ընդհակառակն՝ անգամ ցույցեր էին անում մեր դեսպանությունների դեմ, ասենք, երբ արտգործնախարար Վահան Փափազյանը Թուրքիա մեկնելու համար օգտվել էր թուրքական ավիաընկերության ծառայություններից: Պաշտոնական այցով Իրան մեկնած Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին էլ Սպահանի հայ համայնքի դաշնակցականներն էին դիմավորել բողոքի ցույցերով՝ պահանջելով ազատ արձակել Հրանտ Մարգարյանին: Նախկին իշխանությանը մաս կազմող մեր զրուցակիցներից մեկը համագործակցության մի փորձ այնուամենայնիվ հիշեց՝ 1997-ին Ամստերդամում կայացած հանդիպումը, որը մեկնաբանեց այսպես. «Քանի որ այդ ժամանակ բանակցություններ էին ընթանում Հայաստանի իշխանությունների հետ, որ ՀՅԴ Հայաստանի կառույցի կանոնադրությունը համապատասխանեցվի երկրի օրենքներին ու վերագրանցվի կուսակցությունը՝ այդ ընթացքում նրանք սկսեցին ցույց տալ, թե աջակցում են իշխանությանը եւ այլն: Իսկ մինչ այդ չի եղել եւ ո՛չ մի կապ»: Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանն ուղղակի ասաց, թե Դաշնակցությունը խանգարելուց բացի՝ արտաքին քաղաքական որե՛ւէ հարցում չի եղել պետության կողքին: Նրա հետ զրույցը՝ առաջիկայում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել