Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԻ

Փետրվար 13,2004 00:00

ՀԱՅԵՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԻ Հարցազրույց Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիկ Մուրադյանի հետ – Միխայիլ Սահակաշվիլուն ճանաչում եմ 1995-ից, որպես պատգամավոր միասին աշխատել ենք: Որպես պրոֆեսիոնալ իրավաբան էլ նրան շատ բարձր եմ գնահատում: Նրա հետ խոսակցություն եմ ունեցել նաեւ նախընտրական փուլում: Նա էլ է կարծում՝ այն պոտենցիալը, որ հայերն ունեն Վրաստանում՝ պիտի օգտագործվի: – Այսինքն առայժմ չի՞ օգտագործվել: – Ոչ: Խորհրդային տարիներին մարդիկ իրենց պոտենցիալն օգտագործում էին՝ անկախ ազգությունից: Հետո, 90-ականների սկզբին, Զվիադ Գամսախուրդիայի ժամանակ քաղաքում կախեցին «Վրաստանը վրացիների համար» լոզունգը: Մենք դրան շատ վատ արձագանքեցինք, որովհետեւ միայն լոզունգը չէր, իրականում էլ այդպես էր: Ցավոք, Շեւարդնաձեն եկավ եւ այդ տենդենցը շարունակեց: Սահուն կերպով հայերին սկսեցին դուրս մղել կարեւոր ոլորտներից: Այս մասին Սահակաշվիլու, Բուրջանաձեի եւ Ժվանիայի հետ խոսել ենք: Ես նրանց վստահում եմ: – Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Սահակաշվիլին Զ. Գամսախուրդիային անվանում է ազգի հերոս եւ գտնում, որ պետք է նրան վերահուղարկավորել Վրաստանում: – Տարիների ընթացքում Գամսախուրդիան այլախոհ է եղել եւ այն մարդն է, որը Վրաստանի անկախության համար շատ գործ է արել: Նրա օրոք է այս երկրում անկախություն հաստատվել: Այսօր վրացիների համար դա է ամենակարեւորը: Սահակաշվիլին ասում է, որ, այո, նրա օրոք սխալներ եղել են, սակայն դա այն մարդն է, որը Վրաստանի պատմության մեջ մեծ դերակատարում ունի: – Չե՞ք վախենում, որ «Վրաստանը վրացիների համար» լոզունգն էլ կվերադառնա: – Ոչ, այդ լոզունգը չի կարող վերադառնալ: Ցանկացած խելահաս մարդ պետք է հասկանա, որ այդ լոզունգը Վրաստանի համար ուտոպիա է: Թեկուզ այն պարզ պատճառով, որ դժվար է այսօր այստեղ գտնել վրացու, որը հայ հարեւան, բարեկամ, ընկեր կամ ազգական չունենա: – Անգամ նրանց կողմից հերքելուց հետո հիմա խոսում են եռյակի հայկական արմատների մասին: Դա որեւէ կերպ խանգարու՞մ կամ օգնու՞մ է տեղի հայ համայնքին: – Իհարկե՝ խանգարում է: Ցավոք, կան, այդ թվում եւ լուրջ քաղաքական գործիչներ, որոնք անընդհատ դա շահարկում են: Ընդ որում, շահարկում են շատ պարզունակ ձեւով՝ արմատով՝ Սահակ-Սահակաշվիլի: Ես Մուրադյան եմ, Կախեթիայում բազմաթիվ Մուրադիշվիլիներ են ապրում: Այն մարդիկ, որոնք Սահակաշվիլու, Բուրջանաձեի եւ Ժվանիայի դեմ լուրջ փաստարկներ չունեն, սկսում են դա շահարկել: Սա լուրջ խանգարող գործոն է, որովհետեւ հասարակության վրա դա ազդում է: – Բայց այդ երեքից Ժվանիան հայերի հետ իսկապես կապված է: – Այո, բայց ոչ այն պատճառով, որ նրա մայրը հայ է: Ես նրան 1994-ից ճանաչում եմ, 1995-ից նա մեծ քաղաքականության մեջ է եւ հենց այդ ժամանակվանից հասկանում է, որ հայկական գործոնը բացառելը Վրաստանի համար ուտոպիա է, պետք է դա օգտագործել հօգուտ Վրաստանի: – Վրաստանի իշխանությունները ինչո՞ւ պիտի շահագրգռված լինեն հայերի հույսերը արդարացնելով: – Ասում են, որ ամբողջ աշխարհում հայերը իրենց ձայնը տալիս են գործող իշխանությանը: Վրաստանում, երեւի պատմության մեջ առաջին անգամ, հայերը ապացուցեցին, որ իրենք արժանապատվության զգացում եւ իրենց ընտրությունը կատարելու իրավունքն ունեն: Նոյեմբերի ընտրություններին, երբ Շեւարդնաձեի կառավարական բլոկը դեռ մասնակցում էր, միայն Ախալքալաքում ավելի քան 10 հազար մարդ իր ձայնը տվել է այն ժամանակվա ընդդիմությանը: Սահակաշվիլին, Բուրջանաձեն եւ Ժվանիան շատ լավ հասկանում են, որ եթե չարդարացնեն հայ ընտրողների հույսերը, վերջիններս կանեն իրենց ընտրությունը: – Հայ համայնքի կյանքի վրա ազդո՞ւմ են Հայաստան-Վրաստան պաշտոնական հարաբերությունները: – Իհարկե, դրանք ինչքան լավ լինեն, մենք թիկունքում մեզ պաշտպանված կզգանք: Երբ հայաստանցի պաշտոնյաներից գալիս են այստեղ, մենք շատ ենք ոգեւորվում: Օրինակ, Վրաստանի հայերի միությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանների աջակցությամբ Պանթեոնը վերականգնեցինք: Կարող եք մի քանի վրացական թատրոնների վիճակը տեսնել, մենք հպարտ ենք, որ Հայկական թատրոնի վերականգնման եւ վերանորոգման աշխատանքները ֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը: Համագործակցության ռեսուրսները շատ են. Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը զարգացած է: Այդ ձեռնարկությունները կարող են այստեղ մասնաճյուղեր բացել եւ նոր շուկա ունենալուց բացի, որովհետեւ շատ ավելի որակով արտադրանք են տալիս, քան, ասենք, համանման ռուսական ներմուծածն է, տեղի հայերին էլ աշխատանքով ապահովել: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել