Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈԴԱՑՄԱՆ

Փետրվար 13,2004 00:00

ՀԱՆՈՒՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈԴԱՑՄԱՆ Երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել բնապահպանության նախարարության ներկայացրած «Թափոնների մասին» օրինագծին եւ առողջապահության նախարարության մշակած յոդի անբավարարության հետեւանքների դեմ պայքարի ազգային ծրագրին։ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ասաց, որ Հայաստանում նկատվում է թափոնների ծավալի աճ։ Միայն 2002-ին առաջացել է 327,8 հազար տոննա թափոն, որից 1200 տոննան վտանգավոր է։ Վտանգավոր թափոնների վնասազերծումն ու ոչնչացումը անշահութաբեր եւ ծախսատար գործընթաց է (մեկ տոննան վնասազերծվում է $1000-1200-ով), ուստի ենթադրվում է այս գործը նախաձեռնողներին «շահութահարկի եւ բնապահպանական վճարների գծով արտոնություններ տրամադրել»։ Այսօր Հայաստանում չկան միայն վտանգավոր թափոնների ոչնչացման պոլիգոններ: Ճիշտ է, չկան նաեւ ոչ վտանգավոր թափոնների վերամշակման ձեռնարկություններ։ Յոդացման ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը։ Ըստ նրա, այս ոլորտի իրավական դաշտն էլ է թերի եւ ծրագիրը ոչ միայն «մարդու առողջությունը կարեւորելով, արգելում է սննդում օգտագործվող, բայց չյոդացված աղի ներմուծումն ու արտադրությունը», այլ նաեւ անդրադառնում բնակչության հիգիենիկ դաստիարակության խնդիրներին։ Վ. Դավիդյանցի տեղեկություններով, չյոդացված աղ ներմուծվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունաստանից, Իրանից։ Իսկ Ավանի աղի կոմբինատում էլ յոդացվում է միայն «Էքստրա» տեսակի աղը։ Ի դեպ, այս աղի յոդացումից հետո 10%-ով նվազել են յոդի անբավարարությամբ պայմանավորված շեղումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել