Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱԼ ՄԱՐՏԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՃՈՎ

Փետրվար 14,2004 00:00

«Առավոտի» մարզասեր ընթերցողներին տեղեկացրել ենք, որ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամները վերջին ստուգողական մրցամարտերն անցկացրին նաեւ օլիմպիական վարկանիշային միավորներ բերող այդ մրցամարտից առաջ ու փետրվարի 16-ին մեկնելու են Խորվաթիայի Պուլա քաղաք:

Փորձամրցումներին հետեւում էր նաեւ մարզաձեւի մեր երախտավորներից մեկը՝ Օլիմպիական մարզաձեւերի համակարգման վարչության պետ, նախկին մարզիկ եւ վաստակաշատ մարզիչ Լեւոն Հովհաննիսյանը: Նրան էլ խնդրեցինք կիսել մարտերից ստացած իր տպավորությունները:

– Տպավորությունս այն է, որ բռնցքամարտիկներն այս փուլի համար ֆունկցիոնալ առումով վատ վիճակում չեն: Սակայն, իմ կարծիքով, անելիքներ դեռ կան: Նախ, պետք է մարզիկներն աշխատեն արագության վրա, չնայած, հավաքականի առաջին համարները ցույց տվեցին, որ, կարծես, ճիշտ ճանապարհով են ընթանում: Իմ նկատած թերությունները սուբյեկտիվ են, վերջնական խոսքն, անշուշտ, գլխավոր մարզչինն է: Նա կարող է համաձայնել կամ չհամաձայնել իմ տեսակետին: Բայց շարունակեմ. դեռ ժամանակ կա ու հնարավոր է, այս հանգամանքը մարզիչները հաշվի առնեն:

Ինքս, որպես մասնագետ, որոշ լարվածություն նկատեցի տղաների մեջ: Բայց նաեւ տեսա, որ տղաները շարունակում են մարզաձեւի հայկական դպրոցի ավանդույթները՝ դավանում են տեխնիկային, այսպես կոչված, խաղային ոճին:

– Այսօրվա մարտերի արդյունքով ու՞մ կառանձնացնեիք:

– Անուններ այս պահին չէի ցանկանա տալ: Բայց, այնուամենայնիվ, նշեմ Ալեքսան Նալբանդյանին եւ Անդրանիկ Հակոբյանին: Սակայն վերջինը պետք է կարողանա պահպանել լավ մարզավիճակը:

– Տղաները տեխնիկապես վատ չեն, բայց ժամանակակից բռնցքամարտում գնահատվում են նաեւ այլ չափորոշիչներ:

– Անշուշտ: Դրանք են արագությունը, հարվածների հստակությունները: Հայ բռնցքամարտիկներին բնորոշ են հարուստ զինանոցը, այսինքն, հարձակվողական, հակահարձակվողական ոճերը, մերձամարտը, միջին եւ հեռու տարածություններից մենամարտելը, այլ որակներ: Մերոնք, կարծես, ֆիզիկապես էլ վատ չեն եղել: Տղաներին հուշելու կարգով մի բան եմ ուզում ասել. եթե առաջ ռաունդը տեւում էր երեք րոպե եւ այդ որակները բաշխվում էին այդ ժամանակահատվածի վրա, հիմա այդ ամենի համար տրվում է ընդամենը երկու րոպե: Հետեւաբար, պետք է կարողանալ հստակ կատարել երկու րոպեում, խտացված կարգով:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել