Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ԴՊՐՈ՞Ց

Փետրվար 18,2004 00:00

ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ԴՊՐՈ՞Ց Ըստ ծնողների, բրիտանացի Դեյվիդ Բեշֆորդը երեխաներին ամենեւին անգլերեն չէ, որ սովորեցնում էր 2002-ի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դեյվիդ Բեշֆորդն ու Հայաստանի քաղաքացիներից մեկը Երեւանում հիմնել եւ գրանցել էին «Ռուզան» ՍՊԸ-ն, որը կոչված էր հայ երեխաներին եւ ընդհանրապես բոլոր ցանկացողներին անգլերեն սովորեցնել: Միայն մի քանի ամիս անց էր, որ անգլերենի դասընթացներ հաճախող երեխաների ծնողներին ու Դ. Բեշֆորդի գործընկեր 4-5 ուսուցիչներին հայտնի է դարձել, որ բրիտանացին իրականում ավելի շատ զբաղվում է մանկահասակ երեխաների «ապականմամբ», քան՝ անգլերեն ուսուցանելով: Սա այն երեխաների ծնողների ձեւակերպումն է, ում Բեշֆորդն անգլերեն սովորեցնելու փոխարեն, մասնավորապես՝ աղջիկներին, ցուցադրել է պոռնոգրաֆիկ սայթեր, ոմանց՝ մուլտֆիլմեր, նույնիսկ՝ ֆիլմեր: «Երեխաներն այնքան էին ներամփոփվել այդ փաստից, որ սկզբից նրանցից ոչ մեկը չի համարձակվել այդ մասին պատմել ծնողներին, առավել եւս, որ Դ. Բեշֆորդն ամեն «դասից» հետո երեխաներին «հորդորել» է «սովորածի» մասին ծնողներին ոչ մի դեպքում չպատմել: Բայց երեխաները չէին պատմում ավելի շատ ոչ թե վախից, այլ՝ այն պատճառով, որ ամաչում էին բառերով շարադրել այն, ինչ իրենց անընդհատ հրամցվել էր»,- սա թվով 15 ծնողների նամակից մեջբերված մի հատված է: Վերջիններիս պնդմամբ, անգլիացի ուսուցիչը, որն, ինչպես հետագայում է պարզվել, նույնիսկ համապատասխան կրթական ցենզ չունի, երեխաներին պատմել է նաեւ թմրանյութերի, դրանց պատճառած «կայֆերի» մասին՝ պարծենալով, թե ինքը մարիխուանա աճեցնել էլ գիտի: «Նա դպրոցում շրջել է կիսավարտիքով, իսկ 10-12 տարեկան աղջիկների մոտ կարող էր հայտնվել նույնիսկ բոլորովին մերկ»,- պնդում են ծնողները՝ ահազանգելով, որ արտասահմանցին ՀՀ-ում, իսկ ավելի կոնկրետ Կոմիտասի 12, բն.58 հասցեում, զբաղված է երեխաներ «ապականելով»: Դ. Բեշֆորդի հետ երբեւէ աշխատած ուսուցիչներից մեկն ասաց, թե կատարվածի մասին ծնողներից տեղեկանալով, նրանք նախ իրենք են ստուգել եւ համոզվել, որ դա ամենեւին էլ զրպարտություն չէ եւ հեռացել են աշխատանքից: Ու քանի որ ուսուցիչներից մեկը ընկերության հիմնադիրներից է եղել, Դ. Բեշֆորդը ստիպված է եղել նոր ՍՊԸ հիմնել նոր՝ «ԻՄ» անունով: Պարզվեց, նաեւ, որ որ դեռ անցյալ տարեվերջին ծնողներն այս հարցով դիմել էին եւ ՀՀ կրթության նախարարությանը, եւ ԱԳՆ-ին, ԱԱԾ-ին, ի վերջո, նրանց հուշել էին, որ պետք է դիմել Արաբկիրի ոստիկանություն: «Այնտեղ էլ ենք դիմել, ցուցմունքներ էլ ենք տվել: Բայց պարզվում է Հայաստանում ապացուցելու համար, որ անգլիացի «ուսուցիչն» անբարոյական է, բավականին նյարդեր ու ժամանակ է պետք: Մեր որոշ հայրենակիցներ համաձայն են մի երկու դոլարի համար աչք փակել անգլիացու հանցավոր գործունեության վրա»,- պնդում են ծնողները: Նրանք ստիպված են դիմել բոլոր այն ծնողներին, ովքեր կարող են գայթակղվել Դ. Բեշֆորդի «դպրոցի»՝ «Հ2» («Պրոմեթեւս») հեռուստաընկերությամբ պարբերաբար կրկնվող գովազդով. «Անգլերեն լեզվի դպրոց» գովազդ տեսնելիս մի շտապեք բերել ձեր երեխաներին»: Ի դեպ, ծնողների ասելով, ժամանակին Դ. Բեշֆորդի նկատմամբ քրգործ հարուցելու համար նյութեր են նախապատրաստվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: Բայց դատախազությունում այս գործով զբաղվող մարդիկ եզրակացրել են, որ քրգործ հարուցելու հիմքեր չկան՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ուսուցիչներից մեկը, որի հետ մենք երեկ զրուցեցինք, տեղեկացրեց, որ Բեշֆորդը սկզբում հերքել է իրենց առաջադրվող մեղադրանքը՝ հայտարարելով, թե իրեն զրպարտում են, իր գործընկերները դրանով փորձում են վրեժխնդիր լինել իրենից եւ այլն: Բայց հետո, թերեւս, իր փաստաբան Ժորա Խաչատրյանի հորդորով արդեն դատախազությունում արդարացել է, թե իր արարքի մեջ ոչ մի վատ բան չկա: Մենք, անշուշտ, փորձեցինք խոսել նաեւ Արաբկիրի դատախազության համապատասխան պաշտոնյաների հետ: Պարզվեց, որ Բեշֆորդի գործով հիմա արդեն զբաղվում է քննիչ Անդի Վարդանյանը: Վերջինս հաստատեց, թե ժամանակին այդ գործով մերժվել էր քրգործ հարուցել, բայց դատախազի պնդմամբ, այդ որոշումը վերացվել է եւ գործը կրկին քննվում է եւ գտնվում է միայն նախնական փուլում՝ նյութեր են հավաքվում քրգործ հարուցելու համար եւ, թերեւս, այսօր արդեն այդ գործով շահագրգիռ եւ տեղյակ մարդիկ կհրավիրվեն դատախազություն: «Ուզում ենք հավատալ, որ իրավասու մարմիններն ամեն ինչ կանեն դեյվիդբեշֆորդների՝ երեխաների դաստիարակության հետ կապված, գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ»,- հույս են հայտնում ծնողները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել