Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

Փետրվար 19,2004 00:00

«ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ» ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի ավարտական բանաձեւի մեջ տեղ չգտան այն կտրուկ հայտարարությունները, որոնք իր ելույթում արել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: ՀՅԴ խմբակցության ղեկավար, Ընդհանուր ժողովի պատվիրակ Լեւոն Մկրտչյանը պարզաբանումներ ներկայացրեց ե՛ւ այդ հայտարարությունների, ե՛ւ ժողովի առնչությամբ: – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի ելույթի որոշ դրույթները, որոնք հարուցեցին ձեր կոալիցիոն գործընկերների վրդովմունքը՝ զուտ Հրանտ Մարգարյանի անձնակա՞ն տեսակետներն էին, թե՞ կուսակցության դիրքորոշումը: – Դաշնակցության ներկայացուցչի ելույթն արտահայտում էր ՀՅԴ Բյուրոյի կեցվածքը: Իսկ Ընդհանուր ժողովը քննեց Հայաստանի ընդհանուր կացությունը եւ շատ կարեւորեց կոալիցիայի համաձայնագիրը, որի դրույթներն իրագործելու համար տրվեց աշխատանքները շարունակելու ընդհանուր ուղղություն: Մնացած բոլոր խնդիրները Հայաստանի կառույցի եւ Գերագույն ժողովի հարցերն են: – Ո՞րն է պատճառը, որ՝ թեեւ անընդհատ խոսվում էր Դաշնակցությունը հայաստանակենտրոն դարձնելու ծրագրի մասին, բյուրոյի նորընտիր կազմում ընտրվեցին Հայաստանի միայն 2 քաղաքացիներ: Գերազանցապես օտարահպատակ քաղաքացիներից կազմված մարմի՞նն է շարունակելու որոշել Հայաստանին վերաբերող հարցերը: – Ընդհանուր ժողովը քննարկում է ՀՅԴ առաջիկա 4 տարիների քաղաքականությունը, եւ օրակարգի հարցերից ընդամենը մեկն էր Հայաստանի արտաքին ու ներքին խնդիրների քննարկումը՝ այնպես, ինչպես քննարկվել են Ջավախքի, Արցախի, Հայ Դատի, սփյուռքյան հիմնահարցերը: ՀՅԴ-ն, որպես համաշխարհային կառույց՝ քննարկում է այդ բոլոր հիմնախնդիրները: Բյուրոն ընտրվում է ընդհանուր խնդիրներ լուծելու համար: Եվ, իմ կարծիքով, հայաստանակենտրոն լինելը չի որոշվում այն հանգամանքով, թե քանի հայաստանցի կա 9 հոգանոց Բյուրոյի մեջ: Հիմա Բյուրոյի 3 անդամներն են արդեն հայաստանաբնակ՝ Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը եւ Ալբերտ Աճեմյանը, որ նախկինում բնակվում էր Իրանում: Կարեւորն այն է, որ Բյուրոյի կենտրոնական գրասենյակն է Երեւանում եւ այլ տեղ չկա գրասենյակ. այս իմաստով ինքը՝ Բյուրոն հայաստանակենտրոն է: – Ջավախքի շուրջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հայտարարությունները դիտարկվեցին իբրեւ խիստ վտանգավոր: Ընդհանուր ժողովի հայտարարության մեջ էլ ամրագրվեց, թե ՀՅԴ-ն «արձագանքելու է Ջավախքի հայության՝ Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրվելիք ինքնավարության ձգտումներին»: Ի՞նչ գործնական քայլեր են արվելու այս ուղղությամբ: – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն իր ելույթում չասեց մի որեւէ բան, որը Դաշնակցությունը չէր ասել նախկինում: Ջավախահայության պարագայում եւս հստակ էր դիրքորոշումը: Մենք հետապնդելու ենք Վրաստանի կազմում Ջավախքի ինքնավարության խնդիրը, որը թելադրված է հենց Ջավախքից: Կարեւորն այստեղ ոչ թե գործնական քայլերն են, այլ Վրաստանի ֆեդերալիզացիան՝ Սահմանադրության մշակման ընթացքում ջավախահայությունը փորձում է պաշտպանել իր իրավունքները՝ լինելով Վրաստանի հավատարիմ քաղաքացի: Այդ ջանքերը բխում են ՀՅԴ ծրագրային դրույթներից եւ, բնականաբար, ստանալու են աջակցություն: – Այդպես է նաեւ Շահումյանի եւ Գետաշենի ազատագրությա՞ն պարագայում: – Սա եւս միշտ սկզբունքային դիրքորոշում է եղել մեզ համար: Մենք համարում ենք դրանք բռնազավթած տարածքներ, եւ մեր այդ կորստի խնդիրը նույնպես պետք է քննարկվի բանակցային սեղանի շուրջ՝ ինչպես քննարկվում են տարբեր այլ խնդիրներ: – ՀՀԿ գործիչները անընդունելի համարեցին այն, որ ՀՅԴ-ն կարծես փորձում է ձերբազատվել ընտրախախտումների համար պատասխանատվությունից՝ այն պայմաններում, երբ նույնքան ներկայացուցիչներ ունեիք ընտրական հանձնաժողովներում: – Ընտրախախտումների վերաբերյալ մեր տեսակետներն արտահայտել ենք միշտ, իսկ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչն անգամ չստորագրեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ արձանագրությունը: Սակայն պատասխանատվությունից խուսափելու խնդիր չկա ընդհանրապե՛ս: Մենք գիտակցում ենք, որ մաս կազմելով կոալիցիային՝ ստանձնել ենք ամբողջական պատասխանատվություն եւ պատրաստ ենք այն կիսել: – Կարո՞ղ եք փաստարկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի այն պնդումը, թե առայժմ չի հաջողվել կառավարությունը դարձնել քաղաքական մարմին եւ ստեղծել հավաքական ղեկավարություն: – Քանի որ կոալիցիայի նախաձեռնությունն ինքնին քաղաքական էր, ապա կառավարության գործունեությունն էլ պետք է ունենա որակապես ավելի շատ քաղաքական կողմնորոշվածություն, քան նախկինում էր: Այս իմաստով՝ դեռ ունենք հավաքական քաղաքական կառավարման փորձի պակաս: Եվ պետք է քայլ առ քայլ կարողանանք հասնել կոալիցիոն հուշագրի դրույթներից բխող քաղաքական կառավարման համակարգին: – Այսուհանդերձ, եթե այս 3 ուժերը տարաբեւեռ մոտեցումներ ունեն արտաքին ու ներքին քաղաքականության շուրջ՝ բավարար կլինի՞ միայն Ռոբերտ Քոչարյանի մղումը՝ պահպանելու կոալիցիան: – Միշտ ասել ենք, թե կոալիցիա ամենեւին չի նշանակում կարծիքների եւ դիրքորոշումների միանմանություն: Եվ կոալիցիան միշտ շեշտել է, որ ձեւավորված է հուշագրով նշված խնդիրների կատարման համար: Դրանց ծավալն այնպիսին է, որ առկա հակասությունները կամ պատկերացումների տարբերություններն ամենեւին չեն խանգարում լուծելու աղքատության հաղթահարման, հակակոռուպցիոն ծրագրի եւ այլ խնդիրները: Եվ իբրեւ նախագահին պաշտպանող ուժ, բնականաբար, այդ խնդիրները լուծելու ենք սատարող մյուս ուժերի հետ համատեղ: Այնքան ժամանակ, քանի առկա հակադրությունները չեն խաթարի եւ վնասի հուշագրի սկզբունքների իրականացմանը՝ այդքան ժամանակ կենսունակ կլինի կոալիցիան: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել