Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ կլիներ, որ ես մասոն լինեի»

Փետրվար 19,2004 00:00

«Ճիշտ կլիներ, որ ես մասոն լինեի» Ասում է Ռուբեն Գեւորգյանցը «Հայ ազգայնական ճակատը» անվանումը կրող 2 կազմակերպություններ, որոնց ղեկավարում է Արմեն Ավետիսյանը, վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, որով, մասնավորապես, խոստանում է վերսկսել իր գործունեությունը՝ հայ մասոնական ճակատի գործունեությանը հակադրվելու համար։ Արմեն Ավետիսյանի ճակատը հայտնում է նաեւ, որ «… ազգայնական խժդժությունները հրահրում են «Արդարություն» դաշինքի մասոնական որոշակի շրջանակներ, որոնք ՀԺԿ, ԱԺՄ եւ այլ կուսակցություններում ունեն լուրջ դերակատարություն»։ «Առավոտի» հետ զրույցում պրն Ա. Ավետիսյանը խոստացավ առաջիկայում հրապարակել ընդդիմադիր մասոնների անունները։ Ի հակադրություն այս հայտարարության, «Հայ ազգայնական ճակատ» «լեյբլին» մեկ այլ հավակնորդ՝ ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը մեզ հետ զրույցում այսպես խոսեց. «Ութ ամիս առաջ մենք այդ երկու կազմակերպությանը հեռացրել ենք ճակատից։ Իրենք կառուցողական չեն, ընկել են ինչ-որ անիմաստ բաների ետեւից։ Սնվում են «Հանրապետական» կուսակցությունից եւ նրանց են ծառայում»։ Ռուբեն Գեւորգյանցի մատուցմամբ՝ «Արմեն Ավետիսյանն այնքան ասաց, որ ես կապ ունեմ մասոնների հետ՝ ես էլ սկսեցի ուսումնասիրել, թե ինչ է մասոնությունը»։ Արդյունքում, պրն Գեւորգյանցն իր համար հայտնաբերել է, որ շատ ու շատ մեծամեծ գործիչներ, այդ թվում նաեւ հայ, եղել են մասոն։ «Մտածեցի, որ դա այնքան էլ վատ բան չի,- խոստովանեց Ռ. Գեւորգյանցը ու հավելեց,- ես իմ կյանքով ու հասարակական գործունեությամբ այնքան բան եմ արել, որ բոլորը գիտեն, թե ով եմ ես։ Որեւէ բան ապացուցելու կարիքը չունեմ։ Բայց եթե ես լինեի մասոն, դա ճիշտ կլիներ»։ Հարցի՝ «Այսինքն, դուք մասոն չե՞ք», պատասխանը եղավ բացասական։ Իսկ թե ինչու է մեր զրուցակիցը գտնում, որ ճիշտ կլիներ, եթե ինքը մասոն լիներ՝ «Չգիտեմ, շատ հայտնի, հանճարեղ մարդիկ եղել են մասոններ։ Միգուցե դա այն շարժումն է, որով մարդկությունը կպաշտպանի իրեն։ Դա շատ հումանիստական շարժում է բոլոր ազգերի համար։ Բայց դա իմ պրոբլեմը չէ, դա Արմեն Ավետիսյանի պրոբլեմն է, որովհետեւ դա իր համար հիվանդագին բան է դարձել։ Ինքը (Ա. Ավետիսյանը.- Ն. Գ.) փոքրիկ ճնճղուկ է, որը պատվեր է կատարում՝ մեր ազգայնական շարժումը պղծելու համար։ Ի՞նչ գործ ունենք հրեաների հետ, մեզ թուրքերը քիչ էին, հիմա էլ հրեաներին թշնամի սարքենք»,- իր մտահոգությունները բարձրաձայնեց Ռ. Գեւորգյանցը։ «Իսկ ո՞ւմ է ձեռնտու ազգայնականության պղծումը» հարցին ի պատասխան, ընդհանուր դատողություններով սահմանափակվեց մեր զրուցակիցը. «Մեր թշնամիներին։ Այնտեղ, որտեղ ազգայնականությունն ուժեղ է՝ դա մեծ զենք է ազգի ձեռքին։ Իսկ մեզ մոտ այնքան կուսակցություններ կան, որ իրենց գրպանների մասին մտածելով ուզում են ազգայնականությունը թուլացնել»։ Ռ. Գեւորգյանցը ցավալի է ընդունում ԼՂՀ հարցի վերաբերյալ եվրոպական վերջին արձագանքները, չնայած, լսելով մեր քաղաքական գործիչներին, չի կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել այնտեղ։ Մինչդեռ, ամեն ինչ պայմանավորում է նրանով, որ «10 տարի մեր պետությունը չունի իր կոնցեպցիան Ղարաբաղի վերաբերյալ։ Ի՞նչ է մեզ համար ԼՂՀ-ն։ Այն եվրոպացիները, որոնք իրենց կոկտեյլներից ու սիգարներից այն կողմ բան չեն տեսնում, չգիտեն, որ հայ ժողովրդի հետ կատակ անելը մեծ վնաս է բերելու աշխարհին՝ չեն անի։ Հարյուր անգամ ասեցի մի ֆիլմ պատրաստենք, որ հասկանան ինչ է կատարվել 15 թվին, 20 թվին՝ էդ դեպքում թիկունք կկանգնեն»,- համոզված է հայ ազգայնականը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել