Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ

Փետրվար 19,2004 00:00

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ «Առավոտը» երեկ վարչապետին խնդրեց մեկնաբանել նախորդ օրը «Օրինաց երկրի» պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայտարարությունը, թե ԿԸՀ նախկին շենքը կառավարության որոշմամբ «ջրի գնով» վաճառվել է Հմայակ Հովհաննիսյանին, քանի որ նա կառավարությունում հովանավոր «պապաներ» ունի. «Հետաքրքիր է, թե ո՞ր պատվերն այդքան թանկ արժեցավ»: Մեր հարցին՝ ընդունո՞ւմ է ակնարկի մեջ պարունակվող կշտամբանքը, թե Հմայակ Հովհաննիսյանը ՀՀԿ-ի պատվերով է հանդես գալիս ՕԵԿ-ի դեմ՝ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Բնականաբար՝ ո՛չ: Նախ՝ «ջրի գնով» չի սեփականաշնորհվել՝ հաշվարկվել է ընդունված մեթոդոլոգիայով: Երկրորդը՝ այդ տարածքը մինչ այդ էլ վարձով էր տրված Քաղաքագետների միությանը: Եվ կառավարությունը որոշում ուներ տարածքն այդ միությանը վաճառելու վերաբերյալ: Ուղղակի Քաղաքագետների միությունը դիմեց կառավարությանը, թե կազմակերպությունը հնարավորություն չունի գնելու տարածքը եւ հնարավորություն կունենան, եթե վաճառվի անձի: Ուստի կառավարությունն ուղղակի փոխեց իր որոշումը եւ վաճառեց Հմայակ Հովհաննիսյանին, եւ ոչ թե միությանը: Այստեղ ՀՀԿ-ի կողմից դիտավորություն չկա եւ ընդունելի չեն այն մեղադրանքները, թե կառավարությունում «պապաներ» կան»: «ՀԺ»-ի թղթակիցը խնդրեց մեկնաբանել այն իրողությունը, որ «Ժողովրդական պատգամավոր» խումբը երեկ չքվեարկելով կամ «դեմ» քվեարկելով տապալեց կառավարության ներկայացրած 3 օրինագծերը: Ի պատասխան վարչապետը հիշեցրեց, թե «ԺՊ»-ն մասնակցել է մնացած բոլոր քվեարկություններին. «Իրենք հատուկ վերաբերմունք ունեին այդ նախագծերի նկատմամբ, ուստի դեմ են քվեարկել: Բայց այդպիսի երեւույթ չեմ նկատում, թե նրանք կազմակերպված ձեւով դեմ են գնում կառավարության ներկայացրած նախագծերին»: Անդրանիկ Մարգարյանը կոշտ արձագանքեց ընդդիմության հայտարարությանը, թե խորհրդարան կվերադառնան միայն այն դեպքում, եթե կոալիցիան ոչ միայն օրակարգ ընդգրկի, այլ նաեւ ընդունի «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները. «Սա նշանակում է, որ նրանք ի սկզբանե ասում են, թե չեն գալու ԱԺ, քանի որ կոալիցիայի կուսակցություններն արտահայտել են իրենց դիրքորոշումը, եւ այն չի փոխվելու»: Շատ կարճ՝ միայն «ո՛չ» պատասխանեց վարչապետը «Առավոտի» այն հարցին, թե արդյոք կոալիցիան միացնող միակ ուժը Ռոբերտ Քոչարյա՞նն է, երբ անգամ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն է ենթադրում, որ իրենց դեմ աշխատողները չպիտի ցանկանային Դաշնակցությանն իրենց կողքին տեսնել, սակայն «հավանաբար նրանց այդ քայլին մղողը երկրի նախագահն էր»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել