Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՆ ՊՈԼԸ ՀՍԿՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ 570 ՈՍՏԻԿԱՆ

Փետրվար 19,2004 00:00

ՍԵՆ ՊՈԼԸ ՀՍԿՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ 570 ՈՍՏԻԿԱՆ Նահանգապետը մահապատիժ է առաջարկում ոստիկաններին սպանողների համար Մինեսոտա նահանգում գտնվելուս օրերին ձերբակալվել էր Պիցբուրգ քաղաքի բնակչուհի, 37-ամյա Դոն Սանդեյը, որը Ալյասկա թռչելու ժամանակ, խմելով 3 բաժակ օղի, սպառնում էր ուղեւորներին, թե ուր որ է պայթեցնելու է ինքնաթիռը։ Պայթյուն բառը լսելով անվտանգության աշխատակիցը փորձում է կարգի հրավիրել նրան եւ փոխարենը գլխին հարվածներ է ստանում։ Օգնության հասած 4 ոստիկաններ կնոջը իջեցնելով ինքնաթիռից, տանում են բաժին։ Սեն Պոլում տարեկան 20 սպանություն է լինում։ Նահանգի երկրորդ քաղաքում՝ Մինիապոլիսում՝ 40-50։ Այստեղ նախնական կալանքի տակ գտնվողը պահվում է 72 ժամ։ Ամեն տարի 25 հազար մարդ անցնում է «կապեզեով»։ Բաժնում վերցնում են մատնահետքերը, եւ կասկածյալները սպասում են իրենց հերթին։ Առգրավված հագուստները ճոճվում են հարեւան սենյակում՝ ինչպես քիմմաքրման կետերում։ Ամերիկյան «կապեզեում» միացրած է հեռուստացույցը, սրահի մեջտեղում հեռախոսն է, կողքին՝ «Քաղաքում աշխատող փաստաբանական ծառայությունների մասին» հեռախոսագիրքը։ Անվտանգության մեկ աշխատակից է հսկում այդ տարածքում գտնվող 60-ից ավելի կասկածյալներին, զինված չէ, գոտու վրա մեկ սարք կա, որը բավական է օգնություն կանչելու համար։ Միակ փախուստի ճանապարհը վերելակն է, սակայն դա չի հաջողվի, որովհետեւ խցերը նայվում են հեռուստացույցով։ Օպերատորների մոտ այնպիսի սարքեր են տեղադրված, որ եթե կասկածյալը փորձի կարդալ կամ գրել որեւէ «քսիֆ», կտեսնեն խոշորացված տառերը։ Աչք զարնողը սեւամորթների առատությունն է։ Երբ զարմացա, թե ինչու են տղամարդկանց եւ կանանց խցերը դեմ դիմաց եւ չքողարկված պատուհաններով, պատասխանեցին, որ շուտով վարագույրներ են լինելու։ Սեն Պոլի ոստիկանապետի օգնական Պաուլ Շնելը հայտնում է, որ քաղաքն ապահով է եւ հանցատեսակներից տարածվածը ավտոմեքենաների գողությունն է։ Այստեղ ծանր հանցագործություն է համարվում 500 դոլարից ավելի արժողության գողոնի հափշտակումը։ Քաղաքն ունի 350 հազար բնակչություն։ 2001-ին սպանվել է 2 ոստիկան, իսկ 1882-ից սկսած, այս նահանգում սպանվել է 30 ոստիկան։ Ինչու եմ շեշտում այս հանգամանքը, որովհետեւ նահանգապետը առաջարկել էր ոստիկան սպանելու համար մահապատիժ կիրառել։ «Անձամբ կարծում եմ՝ նահանգը պատրաստ չէ մահապատիժ կիրառելու»,- ասում է ոստիկանապետի օգնականը։ Նահանգապետի նախաձեռնությունը՝ մահապատիժ կիրառելու մասին, ոչ ոք չի հիմնավորում եւ չի պատճառաբանում, թե ոստիկանի մասնագիտությունն ամենավտանգավորն է։ Ի դեպ, ներկայումս քաղաքում աշխատող 570 ոստիկանից 100-ը կանայք են։ Ոստիկաններն այս օրերին բռնել էին նաեւ նահանգի հպարտությանը՝ ճանաչված բռնցքամարտիկ, 25-ամյա Վանդային (Գիշատիչ մականունով)՝ թմրանյութերի եւ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով։ Նրա մոտ գտնվել էր 12 հազար դոլար կանխիկ գումար։ Բռնցքամարտիկի ընտանիքի անդամները հրաժարվել էին լրագրողների հետ հանդիպելուց։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Սեն Պոլ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել