Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղների արտահոսքը կավելանա

Փետրվար 20,2004 00:00

Ուղեղների արտահոսքը կավելանա ԱԺՄ վարչության հայտարարությունը «Զինապարտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը ներառում է հոդվածներ, որոնք ոչ միայն չեն ծառայի բանակի արդիականացման եւ հզորացման բուն նպատակին (ինչին իբր կոչված է նոր օրենքի նախագիծը), այլեւ ազգի առաջադիմության եւ պետականության հետագա ամրապնդման տեսակետից կառաջացնեն մի շարք բացասական եւ նույնիսկ՝ կործանարար հետեւանքներ։ Այն է. – գիտական եւ կրթական պրոցեսում երկամյա ընդմիջումը անխուսափելիորեն կբերի երիտասարդների՝ գիտությամբ զբաղվելու կարողության եւ ցանկության նվազմանը, էապես կտուժի գիտական եւ կրթական ընդհանուր մակարդակը, Հայաստանը ժամանակակից աշխարհում է՛լ ավելի ետ կմղվի, կթուլանա նաեւ երկրի պաշտպանունակությունը եւ անվտանգությունը, – էապես կավելանա ուղեղների արտահոսքը եւ արտագաղթն առհասարակ, – այդ օրենքով հիմք կդրվի գիտության եւ կրթության նկատմամբ պետության քամահրական վերաբերմունքին, որը հետզհետե կհանգեցնի անդառնալի հետեւանքների եւ ի վերջո ազգի հոգեկերտվածքի խաթարման։ Շինծու է նաեւ օրենքի նախագծի հեղինակների այն պնդումը, որ նշված կատեգորիայի երիտասարդները բանակում իբր պետք է ծառայեն իրենց մակարդակին համապատասխան պաշտոններում։ Դա հնարավոր չէ ապահովել բարձր տեխնոլոգիաների եւ բնագիտության բնագավառներում, իսկ մշակույթի եւ հումանիտար բնագավառների դեպքում այն հասնում է զավեշտի։ Տարակուսելի է նաեւ այն պնդումը, թե նոր օրենքը էապես կնվազեցնի կոռուպցիան կրթական համակարգում։ Կրթական համակարգում, ինչպես նաեւ հանրապետությունում առկա համընդհանուր կոռուպցիայի արմատները թաքնված են պետական կառավարման արատավոր եւ ապականված համակարգում եւ միամտություն է կարծել, թե առանց վերջինիս ապաքինման հնարավոր է բարեփոխել կրթական համակարգը, պայքարել կոռուպցիայի դեմ։ Ելնելով վերոշարադրյալից, ԱԺՄ կուսակցությունը խստիվ դեմ է «Զինապարտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին եւ հետամուտ է լինելու սույն նախագծի ընդունման գործընթացի կասեցմանը, համագործակցելով համախոհ քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունների հետ։ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԺՄ նախագահ, 19.02.2004 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել