Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ

Փետրվար 20,2004 00:00

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ Փետրվարի 16-18-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգում դրված էր նաեւ «Դոպինգի դեմ» եւ «Մարզական միջոցառումների, մասնավորապես, ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» կոնվենցիաներին Հայաստանի միանալու հարցը: Սակայն դահլիճում պատգամավորների պատշաճ թվաքանակի բացակայության պատճառով քվեարկությունը հետաձգվեց: Միջազգային այդ փաստաթղթերի՝ իրենց մեջ պարունակած բովանդակության մասին զրուցեցինք հարցն ԱԺ-ում ներկայացրած ՀՀ Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի հետ: – Իմ ելույթից հետո եղան հարակից զեկուցումներ, սակայն քվեարկություն չկայացավ: Այնպես որ, Հայաստանը վավերացնո՞ւմ է այդ փաստթղթերը, թե՞ ոչ,, կարող ենք ասել միայն քվեարկության արդյունքներից հետո,- ասաց նա:-Ինչ վերաբերում է դրանց բովանդակությանը, առանձին-առանձին ներկայացնելու անհրաժեշտություն կա: Դոպինգի դեմ պայքարի կապակցությամբ ՄՕԿ-ը ժամանակին դիմել է Եվրախորհուրդ: Վերջինս էլ ընդունել է համապատասխան որոշում այդ չարիքի դեմ պայքարելու, մարդկանց առողջությունը պահպանելու, հետագայում այդ արատավոր երեւույթն արմատախիլ անելու վերաբերյալ: Ըստ որում, դա ուղղված է ոչ միայն մարզիկների, այլեւ ընդհանրապես ազգաբնակչության առողջության հետագա պահպանման խնդիրների լուծմանը: Մարզական տեսակետից դա հետապնդում է ազնիվ պայքարի, մարզիկի իրական հնարավորությունները դրսեւորելու նպատակ: – Դոպինգն, իրոք, չարիք է: Եվ ժամանակակից գիտության պայմաններում արդեն լուրջ վտանգ է հասցնում մարդու կյանքին: Ցավոք, վերջին շրջանում կոնկրետ օրինակներ էլ կան, երբ մահանում են անվանի մարզիկներ: – Այո, դա այդպես է: Եթե առաջ դոպինգների քանակն ընդամենը մի քանի հարյուր էր, հիմա դրանց թիվը հազարներով է հաշվվում: Դրանց մեջ մտնում են եւ անաբոլիկներ, եւ գրգռիչ այլ պրեպարատներ, որոնց օգտագործումը սկզբում ակտիվացնում է օրգանիզմը, բայց հետո միանգամայն հակառակ ազդեցություն է ունենում: – Բայց լինում է նաեւ, որ մարզիկը հանիրավի է պատժվում: – Դա շատ լուրջ եւ հստակեցում պահանջող խնդիր է: Սովորական սննդի մեջ կարող է դոպինգ համարվող բաղադրիչ լինել: Տարբեր պետություններում դոպինգային պրեպարատները տարբեր անվանումներ ունեն, որի հետեւանքով խառնաշփոթ է առաջանում ու բացառված չէ, որ մարզիկը կամ մարզիչը չիմանա,որ իր օգտագործած «անմեղ» դեղամիջոցում արգելված տարր կա: Թեեւ, պիտի ասել նաեւ, որ շատ դեպքերում մարզիկները գիտակցելով են նման քայլերի դիմում: Դրա համար էլ ՄՕԿ-ը անհաշտ պայքար է ծավալում դրա դեմ ու պատժամիջոցները խստացնում է: – Հիմա եկեք խոսենք մարզական միջոցառումների ժամանակ հանդիսականների պահվածքին վերաբերող կոնվենցիայի մասին: – Դա ուղղված է հատկապես ֆուտբոլային հանդիպումների ժամանակ անկարգությունների դեմ պայքարին եւ ըստ էության ճիշտ ձեւակերպված փաստաթուղթ է: Այն առաջին հերթին վերաբերում է մարզիկներին, նրանց համար դաստիարակչական նշանակություն ունի, որպեսզի իրենց դաշտում լավ պահեն, լինեն փոխադարձաբար հարգալից: Հակառակ դեպքում՝ լարվածությունը փոխանցվում է հանդիսականին: Հաճախ այդպես պատահում է: Երկրորդ, դա վերաբերում է նաեւ մրցավարներին, որոնց անկողմնակալությունից էլ շատ բան է կախված: Մյուս կողմից կոնվենցիան ունի նաեւ հետեւյալ նպատակը. մարզական միջոցառումները կազմակերպել այնպես, որպեսզի դրանց ընթացքում եւ ոստիկանությունը, եւ անվտանգության մյուս ծառայությունները լինեն իրենց տեղում, կարողանան անհրաժեշտ պահին կրքերի բռնկումները կանխել: Այս գործում, ի դեպ, բավականին փորձ կա կուտակված ու դա արդյունավետ աշխատում է: Փաստաթուղթը նաեւ էվակուացիայի ապահովումն է կարեւորում, իր մեջ ներառում է անվտանգության բազմաթիվ այլ առաջնահերթ հարցեր: Սա շատ բարդ եւ դժվար իրականացվող խնդիր է, որը, չնայած իր նկատմամբ եղած առանձնահատուկ վերաբերմունքին, այսօր էլ լրիվ չի ծառայում նպատակին: – Այսինքն, այդ երկու խնդիրները հայկական չեն՝ համընդհանուր են: Բայց մենք չենք կարող մի կողմ քաշված մնալ: – Անշուշտ: Հակառակ դեպքում ինչո՞ւ ՄՕԿ-ը Եվրախորհրդին դիմելու անհրաժեշտություն պետք է զգար, երկրորդն էլ նման որոշումներ կայացներ: – Պարոն Իսպիրյան: Մեր Սահմանադրական դատարանը այս երկու կոնվենցիաներին անդրադարձել է դեռեւս 2000 թվականին: Ինչո՞ւ է այն ԱԺ-ի հաստատմանը ներկայացվում չորս տարի ուշացումով: – Դա ՍԴ-ի աշխատանքային պարտականությունն է: ՍԴ-ն նայում է միջազգային փաստաթղթերը՝ տեսնելու, թե դրանք արդյոք չե՞ն հակասում մեր Սահմանադրությանը եւ տալիս է իր եզրակացությունը: Վավերացումն ԱԺ-ի ֆունկցիան է: Սպորտպետկոմը ստեղծվել է վեց ամիս առաջ ու այս ընթացքում կոնվենցիաների վավերացումը եղել է նրա առաջնային անելիքներից մեկը: Իսկ թե մինչ այս ինչո՞ւ հարցն ԱԺ օրակարգ չի մտել, պատասխանել չեմ կարող: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել