Լրահոս
Օրվա լրահոսը

Ոճրագործը փախստական է

Փետրվար 21,2004 00:00

Ոճրագործը փախստական է Թեեւ Բուդապեշտի ոստիկանության մայոր Վալտեր Ֆուլոպի գնահատմամբ հայ սպայի սպանությունը կատարվել է «անհավանական դաժանությամբ» (զոհի գլուխը գրեթե առանձնացած է մարմնից), այդուհանդերձ, Հունգարիայի պատկան մարմիններն առայժմ հակված չեն ողբերգության մեջ քաղաքական շարժառիթ տեսնել: Հունգարիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Պիտեր Մատյուսը դեպքի առնչությամբ նշել է, թե Հունգարիայի կառավարությունը եւ պաշտպանության նախարարությունը «չեն ցանկանում քաղաքական շարժառիթ տեսնել այդ հանցանքում»: Մատյուսը խուսափել է հավելյալ բացատրություններից, ասելով. «Մենք չենք մեկնաբանում հանցագործությունները, նույնիսկ, եթե դրանց զոհ կամ մասնակից են դարձել հունգարացի սպաները: Դա ուղղակի հանցագործություն է, հուսով եմ, որ հետաքննությունը կպարզի դրա շարժառիթը»: Այդուհանդերձ, հունգարացի ոստիկանները հայտարարել են, որ հայ զինծառայողի սպանության մի շարք այլ վարկածների թվում ուսումնասիրվում է նաեւ քաղաքականը: Իրենց հերթին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները եւս հրաժարվել են մեկնաբանություններից, նշելով, որ Բուդապեշտի Ազգային պաշտպանության համալսարանում անգլերենի ուսուցման ծրագիրը, որին մասնակցում էին Մարգարյանը եւ Սաֆարովը, կազմակերպել են Հունգարիայի իշխանությունները: Ցինիզմի ընդգծված տարրեր են նկատվում ադրբեջանական կողմի արձագանքներում: Ըստ «Զերկալո» օրաթերթի, Ադրբեջանի ՊՆ խոսնակ Ռամիզ Մելիքովը, հաստատելով սպանության փաստը, հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել իրենց եզրակացություններում: «Ոչ ոք իրավունք չունի ադրբեջանցի սպային մարդասպան կոչել, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ քննությամբ եւ դատարանի վճռով»,- ասել է Մելիքովը, ավելացնելով, թե Սաֆարովն առայժմ ձերբակալված է իբրեւ կասկածյալ: Բաքվի «Էխոն», իր հերթին, շոշափում է ոճրագործին Ադրբեջանում դատելու հնարավորությունը: Ըստ այդմ՝ նշվում է, թե Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ էքստրադիցիայի մասին համաձայնություն ստորագրված չէ: «Տեսականորեն ադրբեջանական կողմը կարող է դիմել էքստրադիցիայի մասին հարցումով` հիմնվելով 1983 թվականի դատապարտվածների փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիայի վրա, սակայն, հունգարական կողմն ունի հարցումը մերժելու բոլոր հիմքերը»,- «Էխոյին» ասել է ադրբեջանցի փորձագետ Նիզամի Սաֆարովը: Ադրբեջանական մամուլը նաեւ ոճրագործի մեղքը մեղմացնելու ակնհայտ ճիգեր է անում: Մասնավորապես, նշվում է, թե Սաֆարովը ծագումով «հայերի կողմից օկուպացված Ջեբրաիլի շրջանից է», «նրա 6 հոգուց բաղկացած փախստական ընտանիքը ներկայումս ապրում է հանրակացարանում», իսկ պատերազմի ժամանակ «նրա բազմաթիվ այլ հարազատները սպանվել են»: Եվ, այնուամենայնիվ, հանգամանքը, որ մարդասպանը ձերբակալվելիս ոչ մի դիմադրություն ցույց չի տվել եւ չի ժխտել իր մեղքը, խոսում է սպանության ոչ կենցաղային բնույթի մասին: Վերջինս մինչ Հունգարիա գործուղվելը ավարտել է Նախիջեւանի ռազմական լիցեյն ու թուրքական զինվորական ուսումնարանը: Ի դեպ, երեկ լուր ստացվեց նաեւ այն մասին, որ հարձակման ենթարկված մյուս հայ զինծառայողի կյանքը փրկել է նույն դասընթացների մասնակից լիտվացի սպան: Այդուհանդերձ, ենթադրելի է, որ ՆԱՏՕ-ն, ըստ ամենայնի, կխուսափի կատարվածը քաղաքական սպանություն որակելուց: ՀՀ-ի նկատմամբ ալյանսի վերաբերմունքն արդեն իսկ պարզ էր ՆԱՏՕ-ի՝ Բաքվում կայացած խորհրդաժողովի օրերին: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել