Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՔՐԵԱԿԱ՞Ն ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 21,2004 00:00

ՄԻԱՅՆ ՔՐԵԱԿԱ՞Ն ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ «ՆԱՏՕ-ն դատապարտում է փետրվարի 19-ին Բուդապեշտի ազգային պաշտպանության համալսարանում տեղի ունեցած միջադեպը, որը խլեց հայ սպայի կյանքը, եւ ցավակցում է զոհվածի հարազատներին»: Այս մասին երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանի ներկայացուցիչը, որը համաձայնել է որոշ մեկնաբանություններ տալ իր անունը չհրապարակելու պայմանով: Միաժամանակ, ընդգծել է Դաշինքի ներկայացուցիչը, ՆԱՏՕ-ն այդ «ողբերգական պատահարը» դիտարկում է իբրեւ «քրեական հանցագործություն»: Մեկ այլ հաղորդագրության համաձայն, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված, Դաշինքի ղեկավարությունը քննարկում է ՆԱՏՕ-ի «Համատեղ ջանք 2004 զորավարժությունները այլ երկրում (ոչ Ադրբեջանում) անցկացնելու հարցը: Գուրգեն Մարգարյանի սպանության առիթով ՀՀ ԵԿՄ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ երկրապահներս, անգամ ղարաբաղյան ինքնապաշտպանական պատերազմի ահեղ պահերին, երբ պարտադրված պաշտպանում էինք մեր հողն ու հարազատներին եւ ազերի զինվորը խուճապահար փախչում էր, նման նենգություն մեզ թույլ չենք տվել։ Նենգությունը թույլի զենքն է, որը ծրագրվում է ադրբեջանական ահաբեկչական գործելաոճ ընդունած իշխանությունների կողմից։ Նրանք կարծես թե մոռացել են անցած պատերազմի դասերը։ ՀՀ երկրապահ-կամավորականներս ադրբեջանցի սպայի կողմից կատարած ահաբեկչությունն ընդունում ենք որպես ծրագրված մարտահրավեր եւ հավատացնում, որ նման գործողությունների շարունակման դեպքում պատրաստ ենք ոչնչացնել ադրբեջանական ահաբեկչական կենտրոնները»։ Նույն առիթով «Առավոտը» բաց նամակ է ստացել Երեւանի թիվ 128 դպրոցից. «Եթե առաջավոր մարդկությունը, հզոր տերությունները ցանկանում են արմատախիլ անել ահաբեկչությունը, ապա այսօր դրեք դրա հիմնաքարը՝ դատապարտելով այն ոչ միայն դիվանագիտական ժեստերով, այլեւ միջազգային գործող օրենքներով»,- գրում են դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողները։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել