Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՈՂԻ ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼԻՍ

Փետրվար 21,2004 00:00

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՈՂԻ ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼԻՍ «Առավոտն» արդեն անդրադարձել է «Շիրակ» օդանավակայանի եւ հարակից տարածքների պատճառով Գյումրիի եւ Ազատանի համայնքների միջեւ ծագած կոնֆլիկտին: Այս հարցի շուրջ արդեն տպագրվել են քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանի մեկնաբանությունները: Վերջինիս պնդմամբ, հիշյալ տարածքը մտնում է Գյումրիի վարչական սահմանների մեջ: Այս հայտարարությունը անչափ զայրացնում է Ազատանի համայնքի թե պաշտոնյաներին, թե բնակիչներին: Ազատանցիները վստահ են, որ դրանք իրենց պապական հողերն են, եւ որեւէ մեկին զիջել չեն պատրաստվում: Երեկ «Առավոտը» պարզաբանումներ ստացավ նաեւ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ինչպես նաեւ Ազատանի համայնքապետարանից: Ազատանի համայնքի գյուղապետի տեղակալ Ռոբերտ Չարխիֆալակյանի մեկնաբանմամբ, հիշյալ կոնֆլիկտը Գյումրիի քաղաքապետի զավթողական քաղաքականության հետեւանքն է եւ պատճառը հասկանալի է. քաղաքապետը ձգտում է հիշյալ հողատարածքների համար գանձվող հարկերին տեր դառնալ: Ըստ Ազատանի համայնքապետարանի պաշտոնյաների, հիշյալ կոնֆլիկտը ստեղծվել է 1997-ից, երբ կառավարության որոշման համաձայն հողահարկը գանձելու իրավունքը հանձնվել է համայնքապետարաններին: Նրանց անհայտ է, թե գյուղատնտեսության համար պիտանի, ավելին՝ փաստացի տեր ունեցող սեփականաշնորհված հողերը (մոտ 160 հեկտար սեփականաշնորհված է) Գյումրիի քաղաքապետը ի՞նչ նպատակներով է ուզում: «Եթե նպատակը քաղաքաշինություն ծավալելն է, Գյումրին մոտ 200 տարվա կառուցվելիք տարածք ունի, թող գնան իրենց հատկացված տարածքները բարեկարգեն, որոնք արմատուրի անտառներ են դարձել»,- զայրանում է գյուղապետի տեղակալը: Իսկ եթե Ազատանի ղեկավարությունը իր մարդասիրական վերաբերմունքից դրդված երկրաշարժից հետո անօթեւան գյումրեցիներին տարածք է հատկացրել, դա չի նշանակում, թե նրանք հողային պահանջներ պիտի ներկայացնեն: Ինչ մնում է օդանավակայանին, դա անկախ կառույց է. ոչ Գյումրիինը, ոչ էլ Ազատանինը. այն ենթարկվում է Ավիացիայի վարչությանը, որին Ազատանի համայնքը հողը տրամադրել է անժամկետ օգտագործման: «Կամ թե ինչո՞ւ են քաղաքը հավաքում օդանավակայնի մոտ. Աստված մի արասցե՝ եթե ինքնաթիռ շուռ գա: Այդ դեպքում Գյումրիի իշխանավորները պիտի պահանջեն, որ օդանավակայանը էդ տարածքից հանե՞ն»,- ասում են Ազատանի պաշտոնյաները՝ միաժամանակ վկայելով, որ վիճելի տարածքում կառուցված «դղյակներից» շատերում մինչ օրս մարդ չի բնակվում: Նրանք նաեւ դատապարտում են Գյումրի քաղաքի դեռեւս չհաստատված գլխավոր հատակագիծը, համաձայն որի՝ հիշյալ տարածքը նախատեսվում է տալ Գյումրիին: Այս հարցը «Առավոտին» պարզաբանեց նաեւ չեզոք կողմը՝ մարզպետարանը: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության քաղաքաշինության բաժնի պետ Լեոնիդ Դավթյանի կարծիքով, հարցը շատ ավելի պարզ է, քան ներկայացվում է, եւ այս պարագայում ցանկացած դժգոհություն անհիմն է: Պրն Դավթյանը մեզ ներկայացրեց մի շարք փաստաթղթեր, համաձայն որոնց՝ հիշյալ տարածքը փաստացի գտնվում է Ազատանի համայնքի վարչական սահմաններում: Այլ հարց է, որ եղել են որոշակի առաջարկներ, մասնավորապես ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի պետ Մանուկ Վարդանյանի առաջարկը՝ այն Գյումրիին տրամադրելու մասին, քանի որ «Շիրակ» ու զինվորական օդանավակայանները քաղաքաշինության կարեւոր գործոն են եւ սերտորեն կապված են քաղաքային ծառայությունների ու սպասարկման ոլորտի հետ»: «Առաջարկություն դեռեւս չի նշանակում կառավարության որոշում»,- ասում է քաղաքաշինության բաժնի պետը: Իսկ մի քանի օր առաջ Շիրակի մարզպետը դարձյալ նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանին, որով խնդրվում է կառավարական հանձնաժողովի միջոցով քննարկել Գյումրի քաղաքի եւ հարակից գյուղական համայնքների վարչական սահմանների փոփոխության եւ ճշգրտման հարցը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Արդեն որերորդ դեպքը վկայում է, որ Շիրակի մարզի պաշտոնյաները ինքնուրույն չեն կարողանում աշխատել, համագործակցել ու ամեն մի խնդրի լուծման համար նոր հանձնաժողովի միջամտության կարիք են զգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել