Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտությունը՝ խորթ զավա՞կ

Փետրվար 24,2004 00:00

Գիտությունը՝ խորթ զավա՞կ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության ներքո գործող ինստիտուտներից շատերը 20-30 տարի հիմնական վերանորոգման չեն ենթարկվել, իսկ ձմռանը զրկված են ջեռուցման հնարավորությունից։ ԳԱԱ գործերի կառավարիչ Էլմիր Գեւորգյանի հավաստմամբ, հատկապես անմխիթար վիճակում են հայտնվել Գյումրիի երկրաֆիզիկայի եւ հատուկ փորձակոնստրուկտորական ինստիտուտները (որոնք գործում են տնակային պայմաններում), Բյուրականի աստղադիտարանի մասնաշենքերը, Երեւանի մոլեկուլային կենսաբանության, Անօրգանական, Օրգանական, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտների, ինչպես նաեւ՝ Դավթյանի անվան ագրոքիմիայի եւ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի շենքերը։ Երեք տարի շարունակ ԳԱԱ ղեկավարությունը դիմել է կառավարությանը եւ քաղաքաշինության նախարարությանը՝ վթարային վիճակում գտնվող շենքերի վերանորոգման համար միջոցներ հայթայթելու նպատակով։ Արդյունքում ոչինչ չի փոխվել. պետբյուջեով հիմնովին վերանորոգման համար ԳԱԱ-ին վերջին անգամ գումարներ հատկացրել են 2000 թվականին։ Մեկ անգամ էլ անցյալ տարի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է կառավարության պահուստային ֆոնդից 55 մլն դրամ հատկացրել կաթսայատան վերանորոգման եւ գրապահոցի՝ էլեկտրասնուցման շարքից դուրս եկած ցանցի վերանորոգման համար։ Եվս 60 մլն դրամ է պետք՝ բոլոր կաթսայատները ոտքի կանգնեցնելու համար։ Համաձայն «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, սկսած 2002թ., պետությունը միջոցներ է հատկացնում պետբյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով»։ Սակայն այդ օրենքը չի կատարվում, եւ գիտությունն այսօր ֆինանսավորվում է պետբյուջեի տարեկան ծախսային մասի մեկ տոկոսի չափով։ Տարբեր գույների բազեների համար սեզոնային հավաքներ կազմակերպելու նպատակով պետբյուջեից պատկառելի գումարներ տրամադրելու ֆոնին ծիծաղելի է ֆինանսների սղությունից տրտնջալը եւ անհեթեթ՝ ցանկացած արդարացում։ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829