Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆ CD-Ն ԱՆՀԱՅՏ Է, ԵՐԳԵՐԸ՝ ՀԱՅՏՆԻ

Փետրվար 24,2004 00:00

ԼԱՎԱԳՈՒՅՆ CD-Ն ԱՆՀԱՅՏ Է, ԵՐԳԵՐԸ՝ ՀԱՅՏՆԻ Այսօր Վահան Արծրունու համերգի ժամանակ հանդիսատեսին անվճար բաժանվելու են նրա CD-ները: Այսօր Երեւանի պետական կամերային թատրոնում կկայանա երգիչ, երգահան Վահան Արծրունու համերգ-ակցիան, որտեղ ունկնդրին առաջին անգամ կներկայացվի 2003թ. վերջին անցկացված Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում «Լավագույն ալբոմ» ճանաչված երաժշտի CD-ն։ – Տարօրինակ չէ՞, որ հանրությանն անհայտ CD-ն ճանաչվեց լավագույնը։ – Ալբոմում ընդգրկված են ավելի քան 20 տարիների ստեղծագործական կյանքիս ընթացքում ստեղծված երգերը, որոնք, փաստորեն, բազմիցս լսված են ու ծանոթ։ CD-ն թողարկվել է ԱՄՆ-ում, հիմա արդեն վաճառվում է Հայաստանում։ Այս համերգ-ակցիայի նպատակը CD-ն ճանաչելի դարձնելն է։ – Ճանաչելի դարձնելու համար հարմար չէ՞ր մեծ սրահում անցկացնել ակցիան։ – Մեզ մոտ համերգային դահլիճների վերանորոգումից հետո մեծ սրահները տրամադրվում են մեծ գներով։ Օրինակ, Դրամատիկ թատրոնի բեմն արժե 450 հազար դրամ, Տիկնիկայինը՝ 400 դոլար եւ այլն։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում, ի տարբերություն զարգացած եվրոպական երկրների, արվեստագետների ֆինանսական վիճակը լավ չէ։ Իսկ այստեղ բիզնես անելը պարզապես անհնար է։ Հետեւաբար մեծ գումար չկա արենդայի համար։ – Դուք հիմնականում հանդես եք գալիս արտերկրում ու, բնականաբար, ոչ անվճար։ – Տարիների ընթացքում աշխատածիս արդյունքը այսօր գործող իմ ձայնագրման ստուդիան է, որը մի չտեսնված երջանկություն է ընկերներիս, համախոհներիս ու ինձ համար։ – Ի դեպ, այն երաժիշտները, ովքեր կնվագակցեն այսօր (բաս կիթառ՝ Արթուր Մոլիտվին, ֆլեյտա՝ Վալերի Տոլստով), մեկ տաի առաջ ԱՄՆ-ում Արթուր Մեսչյանի կազմակերպած մեծ ու ներկայանալիք համերգին ձեզ հետ չմեկնեցին, թեեւ կար հրավեր։ – Այո, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երաժիշտներին չտվեց մուտքի թույլտվություն, վկայակոչելով այն փաստերը, երբ Ամերիկա գնացող երաժիշտների խմբում «հավելագրում են» ոչ երաժիշտների։ – Ըստ հավաստի լուրերի, այսօրվա համերգին ունկնդիրը, վճարելով 2000-2500 դրամ, ձեռք կբերի նաեւ ձեր CD-ն։ – Թեեւ իմ ունկնդրին անուն առ անուն գիտեմ, գիտեմ նաեւ նրանց վերաբերմունքն իմ արվեստի հանդեպ, այնուամենայնիվ, չէի կարող նրանց գլխին «կոտրել» 5000 դրամ։ Տեղեկացնեմ, որ եւ ԱՄՆ-ում, եւ Հայաստանում CD-ն վաճառվում է 25-30 դոլարով, որը արտադրող ֆիրմայի սակագինն է։ – Ձեր երգերը գրված են Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի ու Վահան Արծրունու տեքստերով։ Կոմիտասյան երգն ու բառը հնչում է գեղջուկ երգին հատուկ անխորամանկ շեշտով։ Արդյո՞ք մեր օրերում Ռազմիկ Դավոյանի ու ձեր տողերում խորամանկություն չկա՝ թեկուզ ունկնդրին գրավելու իմաստով։ – Իմ համոզմամբ, բոլոր ժամանակներում տողերի հեղինակների ասելիքը եղել է նույնը։ Փոխվել են միայն մատուցման եղանակները։ Կարծում եմ, բոլորս էլ ձգտում ենք սատար լինել մարդուն՝ նրա դժվարին ճանապարհին, արթուն պահել խիղճը ու նրան մաքրել։ Օրինակ, Կոմիտասի «Գարուն ա»-ն հայոց եղեռնի մորմոքն է ու այն մերժում է բռնությունը՝ որպես մեծագույն հանցանք կյանքի ու մարդու դեմ։ Տեղեկացնեմ, որ այս տարի նույնպես, «Նարեկացի» արվեստի միության հրավերով կմեկնեմ ԱՄՆ՝ մասնակցելու եղեռնին նվիրված միջոցառման։ Նպատակս է ոչ թե սգալ, այլ այդ հիշատակին զուգահեռ հաստատել, որ կյանքը շարունակվում է։ Այս միտքը, կարծում եմ, «տեղ հասավ» անցյալ տարի Հոլիվուդում կայացած «Արթուր Մեսչյան ու ընկերներ» համերգին, որին հրավիրված էին նաեւ Տաթեւիկ Հովհաննիսյանն ու Աննա Մայիլյանը։ – Եթե բոլոր ժամանակներում արվեստագետի ասելիքը նույնն է, ձեր խոսքերով՝ մատուցման եղանակները տարբեր, ապա ինչպե՞ս բացատրել այսօր ցածրորակ, ցածրաճաշակ հայկական երգերի մեծ պահանջարկը, այդ թվում՝ արտերկրում։ – Իմ խորին համոզմամբ, դա գալիս է հանդիսատեսի ցածր պահանջներից։ Սա դաստիարակության խնդիր է, որի արմատներն առաջին հերթին ընտանիքում են։ Անկասկած մեծ է արվեստագետի դերն այդ հարցում։ Ի դեպ, տարիներ շարունակ Մոսկվայում գործում է Ելենա Կամբուրովայի երաժշտության եւ պոեզիայի թատրոնը, ուր ստեղծվում են երգեր Մարինա Ցվետաեւայի, Աննա Ախմատովայի եւ այլ մեծերի տեքստերով։ Փաստորեն, ռուսական իրականությունում հսկայական շարժում է սկսված։ Այս թատրոնում հավաքված համախոհները ռուս դասական եւ ժամանակակից պոետներին ներկայացնում են թեեւ նոր եղանակներով (նկատի ունի ժամանակակից երաժշտական ռիթմերը), բայց սա մեծ դաստիարակչական նշանակություն ունի, որից կարելի է օրինակ վերցնել։ Միգուցե նմանատիպ եղանակներով կարողանանք բարձրացնել մեր ունկնդրի մակարդակը։ Հարցազրույցը՝ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ. Գ. Այսօրվա համերգից հետո Վ. Արծրունին Երաժշտության եւ պոեզիայի թատրոնի հրավերով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու երգող պոետների փառատոնին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել