Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ

Փետրվար 24,2004 00:00

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ Խորվաթիայի Պուլա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 35-րդ առաջնության յուրաքանչյուր հերթական օրը նոր հստակեցում է մտցնում մասնակիցների ցուցակում: Համեմատաբար թույլերը հրաժեշտ են տալիս առաջնությանը՝ տեղը զիջելով ավելի ուժեղներին: Ու այդպես շարունակվելու է մինչեւ եզրափակիչ: Խորվաթիայում, ցավոք, կորուստներ ունի նաեւ Հայաստանի հավաքականը: Առաջին մենամարտերը տանուլ տվեցին Վաչագան Ավագյանը (51 կգ քաշային կարգ) եւ 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը: Դրա փոխարեն մեկնարկային փուլում Արտակ Մալումյանը (81կգ) միավորների 34:16 տարբերությամբ հաղթեց ռումինացի Կոնստանտին Բեյենարուին, Հարություն Թովմասյանը (57)՝ ուելսցի Դավիդ Դավիեսին, Բագրատ Ավոյանը (60)՝ մոլդովացի Սերգեյ Օբերնաչին, Անդրանիկ Հակոբյանը (75)՝ բուլղարացի Դիմիտրի Ուսագինին, Ալեքսան Նալբանդյանը (48)՝ ռումինացի Օլթեանու Սիլվիային, Մարատ Թովմասյանը (91)՝ լատվիացի Ռայտիս Ռիտենեկսին: Ընդորում, Մարատն ու Բագրատը մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելություն ունեին եւ մրցավարները մարտերը դադարեցրին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ ռաունդներում: Շաբաթ օրն սկսված 1/8 եզրափակիչում մեր պատվիրակությունից հաղթարշավը շարունակեցին Ալեքսան Նալբանդյանը, որը վստահորեն պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռեդուան Ասլումին՝ 42:25, Արտակ Մալումյանը, որին դիմակայել չկարողացավ շվեդ Կամարա Բաբաքարը՝ 25:14: Կաշվե ձեռնոցի մեր այս երկու վարպետները մտան քառորդ եզրափակիչ եւ նվազագույն առաջադրանքը կատարած լինելու համար նրանցից պահանջվում է անել առնվազն եւս մի քայլ: Իսկ Հարություն Թովմասյանը եւ Մարատ Թովմասյանը տանուլ տվեցին ու դուրս մնացին օլիմպիական ուղեգրերի համար պայքարից: Երեկ իրենց երկրորդ մենամարտերը պետք է անցկացնեին Բագրատ Ավոյանը (նրա մրցակիցը լինելու էր Այդին Սելչուկը՝ Թուրքիայից) եւ Անդրանիկ Հակոբյանը: Նա ուժերը չափելու էր սլովակ Նիկոլա Շեկլոչայի հետ: Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ երկրորդ շրջանում մեր վերջին երկու բռնցքամարտիկները նույնպես ստիպված եղան ձեռնոցներն առայժմ կախել պատից: Քառորդ եզրափակիչի ճանապարհին զենքերը վայր դրեցին Բագրատ Ավոյանը (60կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75կգ): Այսպիսով, օլիմպիական ուղեգրերի համար մեր հանրապետությունից պայքարը շարունակում են երկու բռնցքամարտիկներ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829