Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերիս բախտը չի բերել»

Փետրվար 25,2004 00:00

«Հայերիս բախտը չի բերել» Կարծում է հայաստանցի տրանսվեստիտ Հիլդան Մեր երկրում չկա հստակ վիճակագրություն սեռական փոքրամասնությունների «տեսականու» եւ քանակի մասին։ Վերջիններս «գործում» են գաղտնի, ծպտված, ինչպես ասում են՝ անլեգալ։ Հասկանալի պատճառով Հիլդան հրաժարվեց հայտնել տղամարդու իր անուն-ազգանունը։ Ըստ մեր զրուցակցի, տրանսվեստիտի իր «կոչումը» զվարճանք է, այլ ոչ ապրուստի աղբյուր։ «Աշխատում եմ բարում։ Տնօրինությունը գոհ է աշխատանքիցս, թեպետ գիտեն, որ գեյ եմ։ Արդեն 3 տարի է, ինչ տրանսվեստիտ եմ,- տեղեկացրեց մեր հերոսը,- սիրում եմ կնոջ զգեստներ կրել ու ինձ կին զգալ»։ Մեր հարցին՝ տրանսվեստիտը պետք է պարտադիր գե՞յ լինի, Հիլդան պարզաբանեց. «Երեւանում տրանսվեստիտները քիչ են՝ մոտ 10 հոգի ու, իմ համոզմամբ, տրանսվեստիտը գեյ չլինել չի կարող»։ Ավելին, ներկայացնելով իրեն, ասաց, որ ինքը «նորմալ հոմոսեքսուալիստ է» եւ պարզապես իրեն դուր է գալիս երեկոյան կամ գիշերային ժամերին կնոջ «աչքի ընկնող» հագուստով զբոսնելը։ «Հանդիպում են տղամարդիկ, որ ապշում են, երբ իմանում են, որ տղա եմ։ Լինում են նաեւ կոնֆլիկտներ, որոնք մեր գործում անխուսափելի են։ Թեեւ ոչ ինձ հետ, գրանցվել են նաեւ ծեծկռտուքի դեպքեր»,- նշեց Հիլդան, շարունակելով, որ ոստիկանության կողմից հաճախ պատահում են ճնշման դեպքեր. «Շանտաժի ենթարկելով ուզում են գումար վաստակել»։ Հիլդան նեղվում է իր նմանների՝ Հայաստանում չհասկացված լինելուց. «Սա իմ պրոբլեմն է ու իմ նախասիրությունը»։ Իր սեռական կողմնորոշման համար մեր զրուցակիցը տարիներ առաջ դատապարտվել է։ «Նստել եմ երեք ամիս, հետո «մուծել» են 1000 դոլար, որ 3 ամիս հետո դուրս գամ, եթե ոչ՝ պատիժս կերկարաձգվեր եւս 6 ամիս»,- անկեղծացավ Հիլդան։ Ո՞վ է հանձնել «փրկագինը» հարցին՝ նա պատասխանեց. «Իհարկե՝ ծնողներս, որոնք վաղուց գիտեին, որ իրենց տղան գեյ է, բայց ոչ մի տեղեկություն չունեին որդու նաեւ տրանսվեստիտ լինելու մասին»։ «Ե՞րբ ու որտե՞ղ եք կերպարանափոխվում կնոջ, որ ծնողները չեն նկատում» հարցին Հիլդան պատասխանեց. «Շատ դժվար է։ Սպասում եմ հարմար պահի, որ կերպարանափոխվեմ ու դուրս պրծնեմ տնից։ Շատ անգամ դա իրականացնում եմ, երբ ծնողներս քնած են լինում»։ Հաջորդ՝ «Այդպես հագնված ինչքա՞ն կարող եք գոյատեւել» հարցին ի պատասխան՝ Հիլդան ասաց, որ իրենք (նկատի ունի սեռական փոքրամասնություններին) հույս էլ չունեն, որ համապատասխան օրենքներ դուրս կգան։ «Սա Հայաստան է։ Միակ ելքը Հայաստանից դուրս գալ մոտակա երկիր ու այնտեղ գտնվող դեսպանատներին նման խնդրանքով դիմելն է»,- համոզված են Հիլդան ու իր համախոհները։ Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի հունիսին հայաստանյան սեռական փոքրամասնություն կազմող «խումբ-խմբակցությունները» որոշել էին դուրս գալ շքերթ-դիմակահանդեսի։ Բայց մտահղացումը չի իրականացվել վախի պատճառով։ «Սա այն դեպքում, երբ աշխարհի առաջադեմ երկրներում (Ամերիկայի տարբեր քաղաքներ ու եվրոպական երկրներ) հունիսի 29-ը սեռական փոքրամասնությունների տոնն է ու կոչվում է հպարտության օր։ Այդ օրը բոլորը (գեյերը, լեսբուհիները, տրանսվեստիտները եւ մյուսները) թափահարելով ծիածանի գույներով ներկած դրոշները, բարձրաձայն հայտարարում են իրենց գոյության մասին, պահանջելով նոր, ավելի կատարյալ օրենքներ»,- նկատեց Հիլդան։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա վերաբերվում վիրահատական միջամտությամբ սեռը փոխելուն։ Հիլդան պատասխանեց. «Դա թանկ հաճույք է։ Տարիներ առաջ հայ տրանսվեստիտներից մեկին՝ Լինդային առաջարկվել էր Հայաստանում վիրահատական ճանապարհով սեռը փոխելու առաջին փորձը կատարել։ Նա հրաժարվեց, պատճառաբանելով, որ ունի հարազատներ, բարեկամներ ու ամենամեծ արգելքը՝ որ հայ է ու Հայաստանում է»։ Հիլդան տեղեկացրեց նաեւ, որ ինքն ունեցել է «շփումներ» բարձրաստիճան անձանց հետ՝ զվարճացնողի դերում։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել