Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է նա…

Փետրվար 26,2004 00:00

Ով է նա… Ավանդաբար ռուսամետ, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ ռուսամոլ Հայաստանի համար ՌԴ նոր վարչապետի հավանական թեկնածությունները պակաս հետաքրքիր չեն, քան բուն Ռուսաստանի համար, եւ դա բնական է: Ետխորհրդային տարածքում անձերին հսկայական նշանակություն է վերապահված, եւ կախված այն հանգամանքից, թե ով կլինի Ռուսաստանի կառավարության նոր ղեկավարը, ընդհանուր գծերով պարզ կդառնա, թե ինչպիսի ներքին ու արտաքին ուղղվածություն է ունենալու այս երկրի քաղաքական կուրսն առնվազն առաջիկա հինգ տարիներին: Իսկ Ռուսաստանից հազար ու մի տեսանելի եւ անտեսանելի թելերով կախված Հայաստանին դա, բնականաբար, չհետաքրքրել չի կարող: Եվ այսպես, ի՞նչ կանխատեսումներ են շրջանառվում եվրոպական եւ ռուսաստանյան քաղաքագիտական շրջանակներում, եւ հատկապես ու՞մ վրա են կանգնեցնում իրենց ընտրությունը միջազգային լրատվամիջոցները: Վարչապետի պաշտոնակատար Խրիստենկոյի թեկնածությունն առանձնապես լուրջ չի ընդունվում. շատերը նրան պարզապես ժամանակավոր ֆիգուր են համարում, թեեւ ամերիկյան «Financial Times»-ը բավականին բարձր է գնահատել Խրիստենկոյի շանսերը: Ռուսական «Վեդոմոստի»-ի համաձայն, հավակնորդների թվում են առնվազն յոթ մարդ, որոնց՝ վարչապետ դառնալու հնարավորությունները գործնականում միմյանցից շատ չեն տարբերվում: Առավել հավանական թեկնածուների թվում է ներկայիս ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, որը Պուտինի հետ աշխատել է դեռեւս Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետարանում: Բնականաբար, «հիթ-թեկնածուների» թվին չէր կարող չպատկանել ՌԴ նախագահի համար խիստ սիրելի՝ տեսակով հոգեհարազատ Սերգեյ Իվանովը: Այս մասին նշում է նաեւ «The Washington Post»-ը, համոզմունք հայտնելով, որ այդ նշանակման դեպքում Ռուսաստանն անպայման «կվաստակի» Արեւմուտքի անվստահությունը: Հավակնորդների թվում այլ՝ ոչ պակաս հետաքրքիր անուններ էլ են նշվում. նախագահի աշխատակազմի ոչ վաղուց նշանակված ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը, նրա առաջին տեղակալ Դմիտրի Կոզակը, ինչպես նաեւ մյուս տեղակալ Իգոր Շուվալովը: Մեզ՝ հայաստանցիներիս թերեւս կհետաքրքրի «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի գիտակներից մեկի՝ փոխվարչապետ Բորիս Ալյոշինի թեկնածությունը, որը նույնպես, ըստ ռուսական մամուլի, քննարկվողների թվում է: ՌԴ վարչապետի հավանական թեկնածու է նշվում նաեւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Այս կանխատեսումներն, իհարկե, միայն վարչապետի անձով չեն սահմանափակվում. հաճախ շոշափում են նաեւ կառավարության կազմում իրականացվելիք «լուրջ կադրային տեղաշարժերը»: Այսպես. որոշ ռուսական լրատվամիջոցներ Ռուսաստանի արտգործնախարարի աթոռին «տեսնում» են ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Յուրի Ուշակովին, չբացառելով, որ այդ դեպքում Իգոր Իվանովին կառաջարկվի գլխավորել Անվտանգության խորհուրդը: Ըստ այդմ, նոր կաբինետում ֆինանսների նախարարի պորտֆելը կստանա Պետդումայի ներկայիս առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը, իսկ ՆԳ նախարարությունը հավանաբար կգլխավորի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Վիկտոր Իվանովը: Այս ամենով հանդերձ, Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ վարչապետի թեկնածուն արդեն ընտրված է, եւ ոչ մեկի մտքով չի էլ անցնում, թե նա ով է: «Այդ անունը բոլորի համար նույնքան անակնկալ է լինելու, որքան կառավարության հրաժարականի մասին լուրը»,- նշում են նույն աղբյուրները: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել