Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» հիմնական տերերը ՌԴ քաղաքացիներն են

Փետրվար 26,2004 00:00

«Արմավիայի» հիմնական տերերը ՌԴ քաղաքացիներն են Բայց նոր ապրանքանիշի մեջ մեր եռագույնն է լինելու «Մենք ցանկանում ենք մեզ համար ստեղծել ազգային փոխադրողի իմիջ եւ լինել հայ ժողովրդի թռչող դեսպանը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Արմավիա» ավիաընկերության ղեկավարները՝ կոմերցիոն տնօրենի պաշտոնակատար Մուշեղ Սայադյանի գլխավորությամբ։ Իսկ հանդիպման նպատակը «Արմավիայի» արածի եւ անելիքների մասին տեղեկացնելն էր։ ՌԴ քաղաքացիների եւ «Արմավիայի» կապի վերաբերյալ հարցն անցանկալի էր ավիաընկերության ղեկավարների համար, քանի որ վերջիններս բազմիցս նշեցին, որ «Արմավիան» հայկական ընկերություն է, որի 32%-ը Միխայիլ Բաղդասարովի ղեկավարած «Միկային» է պատկանում, իսկ 68%-ի սեփականատերը հայկական գրանցում ունեցող «Ավիաֆին» ընկերությունն է։ Նույն հարցը տարբեր ձեւակերպումներով տալուց հետո, լրագրողներն ի վերջո տեղեկացան, որ «Ավիաֆինի» տերերը ՌԴ քաղաքացիներ են եւ որ «Արմավիայի» մասնագետների ծախսերն ու մնացած ներդրումներն էլ ռուսական կողմինն են։ Թերեւս սա է պատճառը, որ «Արմավիայի» «ռազմավարական գործընկերը» ռուսական «Սիբիր» ավիաընկերությունն է։ Ոչ պակաս հուզմունքով էր ընկալվում «Ճի՞շտ է, որ Բաղդասարովը մտադիր է վաճառել իր բաժնեմասը» հարցը։ «Արմավիայի» գործադիր մարմնի ներկայացուցիչները այնքան էլ ճիշտ չէին համարում սեփականատիրոջը հարցնել առաջիկա քայլերի մասին։ «Դուք ավելի մոտ եք Բաղդասարովին եւ պետք է որ քաջածանոթ լինեք նրա մտադրություններին» մեր դիտարկմանն ի պատասխան, «Արմավիայի» ղեկավարներն ասացին, որ այս հարցում տեղեկացված են լրագրողների չափ։ Չնայած ռուսական «կողմնորոշմանը», «Արմավիան» բրիտանական հայտնի «Landor» ընկերությանը նոր ապրանքանիշ է պատվիրել, ուր անպայման կլինեն մեր դրոշի երեք գույները եւ Արարատը. «ապրանքանիշը կարմիր թելի նման կանցնի ինքնաթիռների, տոմսերի, անձնակազմի հագուստի վրայով»։ Ու քանի որ «Արմավիան» արդեն ունի կայուն նավատորմ, ենթադրում է, որ իր ծառայությունների գները եւս կայուն կլինեն։ Գուցե նույնիսկ իջնեն։ Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել