Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 26,2004 00:00

ՀԻՄԱ ԷԼ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ Պաշտպանության նախարարն իր առաջարկած օրենքով խնդիր չի դնում կոռուպցիայի դեմ պայքարելու կամ բանակի թվաքանակն ավելացնելու: Սերժ Սարգսյանը պարզապես ուզում է արդարություն հաստատել Արդարության սկզբունքը, ըստ պաշտպանության նախարարի, դրսեւորվում է հետեւյալ կերպ՝ որ ոչ մի զինվոր չասի՝ «իսկ ինչո՞ւ ես պիտի ծառայեմ, իսկ այն մյուսը՝ ոչ: Ինչո՞ւ պիտի մի բուհի ուսանողները չծառայեն, մյուսինը՝ ծառայեն»: Ահա սա է այն հիմնավորումը, որը պատճառ է դարձել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Համենայն դեպս, երեկ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն այսպես ներկայացրեց իր տեսակետը: Ժամը 14-ին ԵՊՀ մեծ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Հազարից ավելի ուսանողներ եւ դասախոսներ լցվել էին դահլիճ: Ուսանողները իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին նախարարին: ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի չորրորդ կուրսի ուսանող Տրդատ Հովհաննիսյանի դիտարկմանը, թե պատերազմի վտանգի դեպքում ուսանողների 80%-ը կամավոր կգնա բանակ, իսկ այժմ այն 170-200 ուսանողը, որ պատրաստվում են շարունակել ուսումը մագիստրատուրայում, մեծ դեր չեն խաղա բանակում, սակայն նրանց պակասը կզգացվի գիտական համակարգում, դահլիճը պատասխանեց բուռն օվացիաներով: Նախարարը նկատեց, թե որեւէ կասկած չուներ, որ հատկապես ԵՊՀ ուսանողները կամավոր բանակ գնալու առաջարկն այսպիսի ոգեւորությամբ կընդունեին, բայց «ազնվորեն հայտարարում եմ՝ այսօր հայկական բանակում թվաքանակի պրոբլեմ չկա»: Նա ներկայացրեց նույնիսկ գլխավոր շտաբի պետի զեկույցն առ այն, որ 2003թ.նոյեմբերին նախատեսված էր զորակոչել 11 081 մարդ, բայց 2003թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զորակոչվել է 11 227 մարդ: Շեշտելով, որ երբեւէ չի խոսել այն մասին, թե «Զինապարտության մասին» օրենքի նախագիծն անհրաժեշտ է կոռուպցիայի դեմն առնելու համար, նախարարն ասաց. «Դա պաշտպանության նախարարի խնդիրը չի եւ ես ինձ թույլ չեմ տա գնահատական տալ այլ համակարգում կատարվող երեւույթներին»: Որպեսզի վերջնականապես պարզ լինի, թե քանի ուսանողի զորակոչի մասին է խոսքը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը բերեց տվյալներ՝ ԵՊՀ-ում տարկետման իրավունք այսօր ունեն մագիստրատուրայում սովորող 870 ուսանող եւ 660 ասպիրանտ: Տնտեսագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Գեւորգ Սաֆարյանին հետաքրքրում էր, թե «բյուջեում նախատեսվա՞ծ են եւս 1500 զինվորի համար ծախսեր», նա նաեւ նկատեց, որ մագիստրատուրան ավարտող ութ-ինն հարյուր ուսանողներից հետագայում թեկնածուական է պաշտպանում ընդամենը երկու հարյուրը, իսկ մնացածը գնում են բանակ: Պարոն Սարգսյանը պատասխանեց՝ «ինչ վերաբերում է բյուջեին, ապա կրկնեմ՝ այս օրենքի փոփոխության հետ կապված բանակում թվաքանակ չի ավելանալու, որովհետեւ ովքեր այսօր սովորում են մագիստրատուրաներում եւ ասպիրանտուրաներում, շարունակելու են ուսումը, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի: Խոսքը վերաբերում է հետագայում ընդունվողներին, իսկ նրանց քանակը չի կարող այնքան մեծ լինի, որ բյուջեում հատուկ միջոցներ նախատեսվեն»: Նախարարը զրպարտություն համարեց «գիտությունը գլխատելու մասին» շրջանառվող թեզը: Նույնիսկ հիշեց սովետական տարիները, երբ բոլորը գնում էին բանակ, բայց գիտությունը ծաղկում էր: Իսկ երբ բերեց Իսրայելի օրինակը, դահլիճը վրդովվեց՝ «մի համեմատեք»: Ժամը 14.45 ուսանողները սկսեցին լքել դահլիճը: Ռադիկ Մարտիրոսյանն ու Սերժ Սարգսյանը զարմանքից լռել էին: Ուսանողները միմյանց ձայն էին տալիս՝ «բոլորս դեպի Կինոյի տուն», եւ դուրս գալիս: Կինոյի տանը նախատեսված էր նրանց հավաքը: Հինգ րոպե անց դահլիճում մնացել էին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ: «Մնացողները բազե են»՝ ամոթանք տալու նման գոչում էին ուսանողներն ու լքում դահլիճը: Դրանից հետո նախարար-ուսանողներ հանդիպումն անցավ ջերմ, կառուցողական մթնոլորտում: Արդյունքում նախարարն առաջարկեց մագիստրատուրա կամ ասպիրանտուրա ընդունել ուսանողներին, նոր տանել բանակ, որպեսզի նրանք հանգիստ լինեն, որ ընդունված են արդեն, եւ բանակից վերադառնան հետագա ուսմանը հոգեբանորեն նախապատրաստված: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել