Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՌՆԻՈՒՄ

Փետրվար 27,2004 00:00

Տրամաբանական
որեւէ բացատրություն չունի, թե ինչու են իշխանությունները խոչընդոտում «Արդարության»
պատգամավորների հանդիպումները մարզերի բնակչության հետ, եթե իրոք, ինչպես
բազմիցս հայտարարել են՝ թույլ են համարում ընդդիմությունը:
Կառավարության նախորդ նիստից հետո պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է նախարարներին եւ իրենց գործունեությամբ բնակչության հետ ուղղակի կապ ունեցող գերատեսչությունների (Ջրային տնտեսության պետական կոմիտե, Կենսաթոշակային ապահովագրության հիմնադրամ եւ այլն) ղեկավարներին՝ յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում այցելել մարզեր, մարզկենտրոններից բացի լինելով նաեւ մեծ համայնքներում, եւ բնակչության հետ հանդիպումներում ներկայացնել իրենց ղեկավարած բնագավառներում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքներն ու նախատեսվող ծրագրերը: Այս տեղեկությունը գնահատելով «կառավարության պատասխանը ընդդիմությանը»՝ շատ սրամիտ մեկնաբանություն տվեց Հ1-ի թղթակիցը, նշելով, թե այժմ մարզերում կլինեն երկու տեսակի հանրահավաքներ. բնակչությունն ընդդիմությունից կլսի, թե ինչ չի արվել, իսկ իշխանության ներկայացուցիչներից՝ ինչ է արվել. «Սա կոչվում է փոխլրացման քաղաքականության մարզային դրսեւորում»:

Առայժմ հայտնի չէ՝ որեւէ իշխանավոր հետեւե՞լ է վարչապետի այդ առաջարկին: Սակայն վստահ ենք, որ մարզեր նրանց այցելության ժամանակ տեղական իշխանավորները չեն հարուցի նույն խոչընդոտները, ինչ ընդդիմադիրների առջեւ: Երեկ Գառնի «Արդարություն» դաշինքի այցելությունից առաջ էլի տարվել էին նախապատրաստական աշխատանքներ: «Ոստիկանները էս էլ մի շաբաթ է տղամարդկանց բոլորին տանում են բաժին՝ ահ տալիս, թե ձեզ կդատենք, տնից դուրս չգաք, գործ չունեք, ոչ մի բանի մի խառնվեք, ձեզ չվերաբերող հարց է: Նաեւ ասում են, թե Դեմիրճյանը խոսել չգիտի, դա ինչ մարդ է՝ լիդեր չի, էս մեկը լավ լիդեր է»,- պատմեց մի տարեց կին՝ Սիլվա Միքայելյանը: Ոստիկանները հերքեցին, թե իրենք արել են այդպիսի որեւէ նախազգուշացում: «Նման բան չի եղել: Մենք որեւէ միջոց ձեռք չենք առել, ոստիկանությունը միայն հասարակական կարգի ապահովում է կատարել»,- ասաց Կոտայքի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալ Գրիգորյանը: «Թող գա իմ դեմն ասի, որ այդպիսի բան չի եղել: Ես իմ աչքով եմ տեսել,- այս հերքումներին այսպես արձագանքեց գառնեցի Հուսիկ Հարությունյանը:- Մի օր հանդիպում է գյուղում, էն էլ չեն թույլատրում միլիցեքն ու ղեկավարությունը»: Հանդիպմանը ոստիկանների (որոնք, ի դեպ, ամաչկոտ շրջվում էին, երբ փորձում էինք նրանց լուսանկարել) ներկայության առնչությամբ տեղացիներն ասում էին. «Մենք կռվի դուրս չենք եկել, որ իրենք էլ մեզ կարգի հրավիրեն»: Պատմեցին նաեւ ոստիկանապետի՝ Մանվել Անդրեասյանի դերակատարության մասին, որը նաեւ ընտրությունների ժամանակ էր քարոզչություն անում հօգուտ Քոչարյանի: Հայտնեցին, որ կանգնեցրել ու ետ են վերադարձրել Աբովյանից եկող ավտոբուսը: «Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը, եթե մենք մեր ընտրած պատգամավորների հետ ենք հանդիպում, եւ ոչ թե ցույց անում կամ՝ միտինգ: Մենք ընտրել ենք նրանց եւ պահանջներ ունենք: Բայց ինչո՞ւ չեն թողնում, որ ժողովուրդը մասնակցի եւ հետ են դարձնում ավտոբուսը»,- ասաց մի տղամարդ, որը, ճիշտ է, համաձայնեց, որ իր խոսքը ձայնագրվի, սակայն ձեռնպահ մնաց անունը հրապարակելուց: Նրան շրջապատող այլ տղամարդիկ լրացրին, թե ամեն անգամ էլ ճանապարհները փակում են, երբ իրենք ցանկանում են մեկնել հանրահավաքի: Աբովյանից Գառնի մի կերպ հասած Գրետա Խաչատրյանը, Շուշիկ Մանուչարյանը եւ մի քանի այլ կանայք հաստատեցին, թե այս անգամ էլ են փակել ճանապարհները: Ի դեպ, երբ Գրետա Խաչատրյանն ասաց, որ ժողովուրդը հուսահատված է այս իշխանության գործողություններից՝ հարցրինք, թե արդյոք հուսահա՞տ չեն նաեւ ընդդիմությունից, պատասխանեց. «Ո՛չ, բոլորովին: Մեր հույսն ու հավատը հենց ընդդիմությունն է՝ Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը»:

Եվս մի մանրամասն՝ Գառնիի դպրոցի տնօրինությունը կողպել էր շենքի դռները, որ աշակերտները չկարողանան մասնակցել «Արդարության» հետ հանդիպմանը: Մեր նկատառմանը, թե այդպես ավելի ճիշտ է՝ աշակերտները թող սովորեն, կանայք վրդովված արձագանքեցին. «Բա ինչո՞ւ են Քոչարյանի հետ հանդիպումների ժամանակ երեխաներին դասերից ազատում ու ծաղկեփնջեր տալիս ձեռքները՝ քշում հանդիպման»:

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը նույնպես ներկա էր «Արդարություն» դաշինքի հավաքին: Սակայն մեր հարցին՝ «Դո՞ւք եք գյուղապետը», պատասխանեց. «Երեւի՝ չէ: Թե չէ գյուղ մտնելուց առաջ գոնե մեկը կմոտենար ինձ: Բայց ինձ մոտ ոչ ոք չի եկել, որեւէ մեկը ոչինչ չի ասել, դահլիճ չեն պահանջել, չեն փորձել լուծել հոսանքի հարցը»: Գառնեցի Թամարա Գաբրիելյանն այս առնչությամբ ասաց. «Գյուղապետը քանի օր է՝ փախած էր: Բոլորը գիտեին, որ այսօր հավաք է, պետք է գան, ինքը չէ՞ր իմանում: Հետո՝ ամբողջ օրը այստեղ հոսանքը չի դադարել, այս պահին ինչո՞ւ պիտի անջատվեր»: Էներգամատակարարումը վերականգնվեց միայն հանդիպման գրեթե վերջում:

Մի քանի խոսք նաեւ ելույթների մասին: «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանը շուրջ 1000 հավաքվածներին ասաց, թե իրենց լրացուցիչ կասեն օրն ու ժամը, երբ պետք լինի շրջապատել ԱԺ-ն: Արշակ Սադոյանը դատողություններ արեց այն թեմայով, թե ինչպես անցնցում եւ անարյուն իշխանափոխություն անեն, թեեւ հնարավոր համարեց նաեւ այն տարբերակը, որ ստիպված լինեն «մտնել այդ կարմիր հեղուկի բեռի տակ»: Ալբերտ Բազեյանն ասաց, որ ժողովուրդն իրենցից կտրուկ գործողություններ է սպասում եւ խոստացավ, թե կանեն այդ քայլերը: Իսկ ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ այն փաստը, որ փորձում են խոչընդոտել իրենց հանդիպումները բնակչության հետ. «Ընդամենը խոսում է իշխանության թուլության, հոգեւարքի մասին: Նրանք վախենում են ժողովրդից»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել