Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀՈՒՇՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Փետրվար 28,2004 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀՈՒՇՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Սերժ Սարգսյանը կառավարության վերջին նիստում առաջարկել էր դատախազությանը
եւ Ազգային անվտանգության ծառայությանը քայլեր ձեռնարկել պարզելու Արտաշես
Գեղամյանի հնչեցրած այն մեղադրանքի հիմնավորվածությունը, թե ՊՆ նախարարը
կազմակերպել է իր հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսումը: «Բնականաբար,
ես իմ սրբազան պարտքն եմ համարում ամեն կերպ աջակցել եւ օգնել դատախազությանը:

Ուստի եւ ուզում եմ պարտքս գործնականորեն կատարած լինել,- «Առավոտին» ասաց «Ազգային միաբանության» նախագահը:- Թող այդ մարմինները պարզեն, թե որտեղ է աշխատել Աշոտ Խաչատրյանը, որն Արկադի Տեր-Թադեւոսյանը ներկայացրել է «ՀԺ»-ի թղթակցին՝ իբրեւ այն բաժնի ղեկավարի, որի իրավասությունների ներքո է գտնվում «Ինտերտելեկոմ»-ի միջազգային հեռախոսակապի ապահովումը: Եթե դատախազությունը դժվարության հանդիպի, ապա կարող եմ հուշել, որ Աշոտ Խաչատրյանը նախկինում ԼՂՀ պետական անվտանգության ծառայության ղեկավարն էր: Դրանից հետո Սերժ Սարգսյանը նրան, որպես խիստ արժեքավոր կադրի, հրավիրել էր աշխատելու Հայաստանի ԱԱՆ-ում: Կարող են պարզել նաեւ մեկ այլ ուշագրավ հանգամանք, որ այդ Աշոտ Խաչատրյանը դատապարտվել է Սերժ Սարգսյանի հանդեպ իբր մահափորձ կազմակերպած Լեւոն Աբրահամյանի հետ նույն հանցագործության, այն է՝ իրանահայի կողոպտելու համար: (Ի դեպ, Իրանից գործարար Վարուժան Անդրեասյանի գործով դատավարության ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստովանեց, որ Աշոտ Խաչատրյանն իր ընկերն է.- Ա. Ի.): Չգիտես ինչու՝ վերջինս վաղուց ի վեր ազատ է արձակվել եւ գլխավորում է այն ստորաբաժանումը, որի միջոցով իրականացվել են գաղտնալսումները»: Արտաշես Գեղամյանը խոստացավ առաջիկայում այլ հանգամանքներ եւս նշել, որոնք կօգնեն դատախազությանը: Սակայն նաեւ հույս հայտնեց. «Կարծում եմ՝ այս կեղտոտ գործին խառնելով մեր կողմից հարգված Կոմանդոսին, դրանով կանգ կառնեն, թե չէ ՊՆ շատ պատասխանատու աշխատակիցների մերձավոր բարեկամներ էլ են ներկայումս աշխատում «ԱրմենՏելի» համակարգում եւ անմիջական առնչություն ունեն միջազգային հեռախոսակապին»:

Ա. Ի.
Հ. Գ. Ի դեպ, որ պրն Գեղամյանի հեռախոսը գաղտնալսվում է,
հայտնի էր դեռ այն պահից, երբ ՌԴ իրավապահները պաշտոնապես հայտնեցին, թե
այդ գաղտնալսումների հիման վրա ՀՀ օպերատիվ մարմիններն իրենց հաղորդել էին
Արբակ Խաչատրյանի կազմակերպած տարադրամի փոխադրման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել