Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԳՈՄԵՐԻՆ

Մարտ 02,2004 00:00

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԳՈՄԵՐԻՆ Մոսկվացի հարուստներից մեկը պատրաստվում է տիրանալ Նորագավիթի նախկին անասնագոմերին, անտուն թողնելով 30 մարդու։ 1992 թվականից անասնագոմերում ապրում է 7 ընտանիք, որոնցից մեկը՝ զոհված ազատամարտիկի, իսկ երեքը՝ Չարդախլուից եւ Բաքվից արտաքսվածների։ Բոլորն էլ 90-ականների սկզբին աշխատել են Շահումյանի կոլխոզում, որի լուծարումից հետո, արհկոմի որոշմամբ, ստացել են տարբեր չափի տարածքներ՝ բնակության համար։ Անցած տարիների ընթացքում յուրաքանչյուրն իրեն հատկացված գոմի հատվածը դարձրել է տուն, փոխել պատերն ու հատակը, ստեղծել բնակության համար նորմալ պայմաններ։ Օրերս խմբագրություն էին եկել Չարդախլուից գաղթած Մելս Պետրոսյանը եւ ախուրյանցի Ալեքսան Մանուկյանը։ Նրանք պատմեցին, որ վերջերս ի հայտ է եկել Մակար անունով մոսկվացի մի հարուստ եւ պահանջել տարածքն ազատել, պատճառաբանելով, որ 1992-ին կոլխոզի ամբողջ սեփականությունը, այդ թվում եւ անասնագոմերը, Շահումյանի գործկոմի որոշմամբ տրվել են իրեն։ Մեր այցելուների ասելով, անցած տարիներին փորձել են սեփականության իրավունքով գրանցել իրենց բնակարանները, սակայն չի հաջողվել։ «Շահումյանի գործկոմի նախկին նախագահ Զատիկյանը մեկ ասաց՝ համբերեք, սեփականաշնորհման օրենքը դուրս գա, դա 93-ին էր, մեկ էլ՝ արդեն չէր ընդունում, ասում էր տարածքը վաճառված է, տրված է Մակարին»,- բացատրեցին բնակիչները։ Անցյալ տարի նրանք ի վերջո դիմում են Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան, որն էլ գույքը ճանաչում է տիրազուրկ եւ տրամադրում տեղի բնակիչներին, յուրաքանչյուրին՝ իր զբաղեցրած տարածքը։ Սակայն երբ վերջիններս փորձում են դատարանի վճռով հողհատկացման որոշում ստանալ, պարզվում է, որ տարածքի համար հայտնվել է մեկ այլ սեփականատեր՝ «Ելիզավետա-Գայանե» ՍՊԸ-ն։ Ինչպես պարզել են հետո, դա նույն Մակարի շահերը ներկայացնող ընկերությունն է, որի նախագահը, ըստ մեր զրուցակիցների, նոր է «հատել» չափահասության սահմանը։ Ընկերությունը ունի նույնաբովանդակ որոշում, ինչպիսին ժամանակին տրվել է բնակիչներին։ «Ելիզավետա-Գայանե» ՍՊԸ-ն բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը, այն հասցրել է մինչեւ վճռաբեկ դատարան։ Փետրվարի 25-ին դատական նիստը հետաձգվել է՝ քաղաքապետարանի ներկայացուցչի բացակայության պատճառով։ Մեր այցելուները ճշտել էին, որ ՍՊԸ-ն տարածքի համար սեփականության իրավունքները հաստատող որեւէ այլ փաստաթուղթ չունի՝ գոնե առայժմ։ Սակայն բնակիչները անհանգստանում են, որ թե՛ քաղաքապետարանի ներկայացուցչի շարունակաբար բացակայությունը նիստերին, թե՛ Փախստականների կոմիտեի անտարբերությունն իրենց ճակատագրին, պատճառ է այն բանի, որ «մեր մրցակիցները մեծահարուստներ են ու կարող են իրենց ուզածին հասնել»։ «Ես իմ երկու տղաներին ինքնակամ ուղարկել եմ հայկական բանակ։ Հիմա նրանք վերադարձել են, ընտանիք կազմել, զավակներ ունեցել, մենք ոչ մի տեղ չենք ուզում գնալ մեր հայրենիքից։ 10 հոգանոց ընտանիք ենք դարձել, ո՞ւր գնանք, որտե՞ղ ապրենք»,- նեղսրտեց Մելս Պետրոսյանը։ Երեկ մենք Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից փորձեցինք պարզել, թե ինչու չեն մասնակցում դատական նիստերին՝ չստացվեց։ Հեռախոսը լռում էր։ Ի դեպ, այս էլ որերորդ անգամ, կարեւոր դատական լսումներին նկատվում է քաղաքապետարանի բացակայությունը։ Եվ դա այն դեպքում, երբ դատական գործի քննությունը, առանց այդ կառույցի մասնակցության, հայտնվում է փակուղում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել