Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԳԵՏ ՏՈՒՐ՝ ՀՈՂ ՏԱՄ

Մարտ 02,2004 00:00

ՄԱՍՆԱԳԵՏ ՏՈՒՐ՝ ՀՈՂ ՏԱՄ Երեկ Երեւանի քաղաքապետարանի գլխավոր պաշտոնյան նույնպես չհստակեցրեց, թե ով է դարձել Գումի սեփականատերը։ Մինչ այդ, «Առավոտի» այս հարցին «չգիտեմ»-ով պատասխանել էր Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը, այս անգամ՝ քաղաքապետը։ Մեր ունեցած ոչ պաշտոնական տվյալներով, չինական մի ընկերությունից հետո նախկին հանրախանութի սեփականատերն այժմ «Մաքս գրուպի» նախագահ, ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Հարություն Փամբուկյանն է, որն այս օրերին մեծ թափով վերանորոգում է շենքը։ Իր համար անհայտ սեփականատիրոջ անելիքի մասին, սակայն, քաղաքապետը տեղյակ էր. երեկ նա ասաց, որ հանրախանութը ծառայելու է նախկին նպատակին՝ առեւտրային կենտրոն, իսկ բացվելուց հետո այն կտեղավորի նաեւ շրջակայքի «շորավաճառներին»։ Իսկ մեր տեղեկությամբ, շենքում վաճառատեղ ունենալու համար այժմ հերթագրում են ցանկացողներին։ Պարոն Զախարյանը տեղյակ էր, որ Գումի գյուղմթերքի շուկան, որը նույնպես վերանորոգվում է, գործարար Գագիկ Ծառուկյանի սեփականությունն է։ Քաղաքապետը հերքեց մեր ունեցած տեղեկությունն այն մասին, որ շուկան վերափոխվելու է ավտոսրահի. «Դա լինելու է գյուղմթերքի շուկա, այնտեղ կտեղափոխվեն նաեւ այդ տարածքի բացօթյա առեւտրականները»։ Վերջին օրերին Մոսկվա կատարած իր այցի մասին խոսելիս, Ե. Զախարյանը տեղեկացրեց, որ Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի փոխհամաձայնությամբ, մարտին ռուս մասնագետների հետ կքննարկվի Երեւանի կենտրոնի՝ իրացման ենթակա մի շարք հատվածներում կառուցապատման խնդիրը։ Տեղեկությունը մանրամասնելիս պարզվեց, որ մոսկվացի մասնագետներն իրենց մասնագիտական առաքելության դիմաց փոխհատուցում կստանան հողատարածքի տեսքով, եւ՝ որ Կենտրոնի կառուցապատման համար դռները բաց են բոլոր ներդրողների առջեւ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել