Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՂԹԻ՞ ՎԱՍԻԼԱԿԻՍԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 03,2004 00:00

ԿՀԱՂԹԻ՞ ՎԱՍԻԼԱԿԻՍԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Եվ կփոխվի՞ արդյոք «ԱրմենՏելի» մենեջմենթը Ինչպես հայտնել ենք, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը երկուշաբթի մեկնել է Հունաստան՝ մարտի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Հայաստանում հունական համայնքի տասնյակ անդամների՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելը ուշագրավ չէ: Տարբերությունն այն է, որ պարոն Վասիլակիսը հայերիս համար հասարակական հետաքրքրություն ներկայացնող անձ է, իսկ նրա քաղաքական կողմնորոշումները բառի բուն իմաստով կարող են էական նշանակություն ունենալ մեր կյանքում: Նրա գլխավորած «ԱրմենՏել» ընկերությունն է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի սեփականատերը: Իսկ այս ոլորտը հանրային ու ռազմավարական նշանակություն ունի, որի անգամ մենեջմենթի ցանկացած փոփոխություն իր «ուրույն» հետեւանքը կարող է ունենալ: Հարց կարող է ծագել, թե ինչու պետք է Հունաստանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները «ԱրմենՏելի» մենեջմենթի վրա ազդեցություն ունենան: Խնդիրն այն է, որ կադրային քաղաքականության առումով Հունաստանը Հայաստանից գրեթե չի տարբերվում. կադրային նշանակումներն արվում են մեծ մասամբ ըստ քաղաքական պատկանելության: Իսկ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատերը Հունաստանի կառավարությանը պատկանող OTE ընկերությունն է, որտեղ կադրային նշանակումներ անելու համար կառավարությունը հանգիստ կարող է հիմնավորումներ գտնել: Հրապարակային աղբյուրների հաղորդմամբ, Հունաստանում այս պահին երկու հիմնական կուսակցություն կա, որոնք առավելագույն ձայների հավակնելու իրական շանսեր ունեն խորհրդարանական ընտրություններում: Նրանցից մեկը Նեոդեմոկրատիան է, որը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, թե իշխանության գալու դեպքում կվաճառի OTE-ին պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերը: Հենց սրան էր, որ հետեւեց «ԱրմենՏելի» պաշտոնյայի պարզաբանում-«սպառնալիքը», թե հնարավոր է այդ բաժնետոմսերը վաճառվեն թուրքական ընկերության: Դա տեղի ունենալուց հետո, կարծում ենք, ընտրությունների հետեւանքները մեր մաշկի վրա կզգանք: Թե արդյոք Գ. Վասիլակիսը ի՞նչ կուսակցության է պատկանում, ի՞նչ դերակատարում կունենա, կմասնակցի՞ ընտրություններին հարցերով դիմել էինք «ԱրմենՏել»: Պարոն Վասիլակիսը մեկնելուց հետո լրատվական ծառայության միջոցով փոխանցեց, որ այդ հարցերին կպատասխանի՝ երբ վերադառնա: Մինչ այդ, «ԱրմենՏելի» ղեկավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրից տեղեկացանք, որ պարոն Վասիլակիսը իշխող «ՊԱՍՈԿ» համահունական սոցիալիստական շարժման անդամ է: Նույն հրապարակային աղբյուրների հաղորդմամբ, շարժումը հիմնադրվել է Անդրեաս Պապանդրեուի կողմից, որը հետագայում դարձել է երկրի վարչապետ: Այս կուսակցությունը հայտնի է իր ձախ հայացքներով, որոնք հետագայում ձեւափոխվել են, հարմարեցվել Եվրոպայի տնտեսության զարգացումներին: Միայն 90-ականներին են այս շարժման առաջնորդները փոխել տնտեսության զարգացման վերաբերյալ իրենց քաղաքականությունը. տնտեսության սոցիալ-դեմոկրատական կուրսը պահելով, շարժումը համաձայն է ընկերությունների սեփականաշնորհմանը՝ պետական մասնակցությունը պահպանելով: Չնայած ստեղծումից ի վեր «ՊԱՍՈԿ»-ի վարկանիշը ժամանակ առ ժամանակ փոփոխվել է, վերլուծաբանների գնահատականներով, «ՊԱՍՈԿ»-ն ու Նեոդեմոկրատիան հավասար շանսեր ունեն: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել