Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղագործական արկածախնդրություն

Մարտ 03,2004 00:00

Դեղագործական արկածախնդրություն Օգնության դեղերը դիտավորյալ դարձրել են ժամկետանց 2003թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարի թիվ 1283-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մարդասիրական օգնության կենտրոնում գույքագրում է սկսել: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Է. Էքմեքջյանը: Վերջինս «Հայկական դեղագործական միության» անդամ է, իսկ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Լ. Իսախանյանը, «Լեւոն եւ Լամարա դեղատուն» ՍՊԸ-ի տնօրենն է: Այս մարդիկ դեղերի բիզնեսի ցանցի ներկայացուցիչներ են, ինչպես նաեւ՝ «Դեղագործների ասոցիացիայի» նախագահ եւ առողջապահության նախարարության պաշտոնյա Արտաշես Բիշարյանի համակուրսեցիները: Ա. Բիշարյանի միջոցով է կատարվել հանրապետություն ներկրվող դեղորայքի հավաստագրերի կազմումը, թույլտվությունը: Այսինքն՝ ՀՀ ներկրվող բոլոր տեսակի դեղերի, դրանց գների, առաջարկի եւ պահանջարկի ինֆորմացիան կատարվել է Ա. Բիշարյանի միջոցով: Հետեւաբար, մարդասիրական ճանապարհով Հայաստան ներկրված շուրջ մեկ միլիարդ դրամ արժողությամբ ժամկետանց դեղերի առաջացման պատճառը Ա. Բիշարյանի միտումնավոր գործողություններն են եղել: Այս խնդրի հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի գրասենյակից պարզաբանումներ ստանալու մեր փորձերն առայժմ ոչ մի արդյունք չեն տվել: Մեր ձեռքին է Միացյալ հայկական հիմնադրամի աշխատակից Նուրիցա Աբուջամրայի 12.08.02-ին գրած նամակը Արտաշես Բիշարյանին: Մեջբերենք այն ամբողջությամբ. «Շնորհակալություն 113 եւ 114 թռիչքներով առողջապահության նախարարությանը առաքած դեղերի եւ բժշկական պարագաների բաշխման վերաբերյալ հաշվետվության համար: Նայելով դեղերի բաշխման հաշվետվությունը՝ մենք նկատեցինք, որ բաշխումը նվազագույն չափերի է հասնում: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հավելվածի երկրորդ սյունակին, որտեղ ես ավելացրել եմ «բաշխված դեղերի ընդհանուր քանակը»: Այս սյունակը ցույց է տալիս բաշխված սրվակների եւ տուփերի ընդհանուր քանակը: «Չբաշխված դեղերի քանակը» սյունակում երեւում է, թե ինչքան դեղորայք է մնացել պահեստում առաքումից մեկ տարի անց, որոնք ավելի մեծ թիվ են կազմում: Չբաշխված դեղերի մեծ մասն արդեն չի կարող օգտագործվել, որովհետեւ ժամկետանց է դարձել: Կարո՞ղ եք բացատրել մեզ, թե ինչու այսքան մեծ քանակի դեղեր չեն բաշխվել: Մենք նաեւ նկատեցինք, որ ստացողների մեջ շատ քիչ է հիվանդանոցների թիվը: Լոս Անջելեսում հաճախ ենք հանդիպում Հայաստանից եկած բժիշկների, ովքեր ասում են դեղերի կարիքների մասին: Երբ դուք ուղարկում եք հաշվետվությունները, նկատելի է, որ ստացողները քիչ են: Խնդրում եմ պարզեք սա: Կաթոլիկ միսիային եթե ուղարկենք նման նամակ, ապա կունենա ավելի շատ բացասական, քան դրական արդյունք, եւ կազդի հետագայում Հայաստանին օգնություն տրամադրելուն: Սպասում ենք ձեր բացատրություններին: Նուրիցա»: Հայտնի չէ, թե այս նամակին ինչ բացատրություններ է տվել ՀՀ ԱՆ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը: Սակայն այս պատմությունն այսքանով չի ավարտվում: Պարզվում է նաեւ, որ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչությունը դեղերի բաշխումը կատարել է մեծ չարաշահումներով: (շարունակելի) ԷԴԻԿ ԲԱՂԱՍԱՐՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել