Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Մարտ 03,2004 00:00

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ Արդյունքում Հայաստանի ֆրանսիական համալսարանի 61 ուսանող դուրս է մնացել Երեկ դասադուլ անելու հերթը Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանողներինն էր: Վերջիններս ուզում են հանդիպել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ հայտնելու, որ ոտնահարվում են իրենց իրավունքները: (Ի դեպ, հիմա բուհի իրավական կարգավիճակը փոխվել է, այն դարձել է շահույթ չհետապնդող, ուսուցման նպատակով ստեղծված հիմնադրամ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների կողմից): 2-3 ամիս առաջ բուհի ռեկտորը փոխվել է, եւ որոշել, որ փետրվարին պետք է վերաքննություն հանձնեն բոլոր այն ուսանողները, ովքեր ամռանը վատ ցուցանիշներ են ունեցել: Սակայն ամռանն այդ նույն ուսանողների ցուցանիշները համարվել են նորմալ եւ վերաքննության մասին խոսք անգամ չի եղել: Մի խոսքով, հետադարձ ուժով ուսանողներին պարտադրվել է վերաքննություն հանձնել, ու խստացված չափորոշիչներով անցկացված քննությունների արդյունքում բուհի 640 ուսանողից 61-ը դուրս է մնացել: Ռեկտոր Պոլ Ռուսեն ասում է. «Աշխուժությունը նրանից է, որ ամռանը վերաքննություն չի իրականացվել» եւ մատնանշում է պայմանագրերը, որ, իր տեղեկություններով, կնքվել են ուսանողների կողմից եւ որոնք թույլ են տալիս տարվա ընթացքում վերաքննություն անցկացնել: Սակայն ուսանողները միահամուռ պնդում են, որ պայմանագրերում նման կետ չկա, իսկ առաջին կուրսեցիներն ընդհանրապես պայմանագրի երես չեն տեսել: Երբ դիմեցինք ռեկտորին՝ պարզաբանելու խնդրանքով, վերջինս ասաց, որ ինքը նոր է եկել եւ դեռ չի ստուգել՝ արդյոք պայմանագրեր կնքվե՞լ են, թե՞ ոչ: Սակայն որ պայմանագիրը թույլ է տալիս ռեկտորին՝ հեռացնել անբավարար առաջադիմություն կամ վարքագիծ ցուցաբերած ուսանողներին, դա հաստատ է: Խնդիրն էլ հենց այն է, որ ուսանողներն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին նախապես չեն տեղեկացվում, եւ բուհի ղեկավարությունն էլ վարվում է նրանց հետ՝ ինչպես ուզում է: «Բուհի հայկական կողմն էլ ֆրանսիացի է դարձել: Մեր հայ դասախոսները տարին մեկ անգամ իրավունք ունեն եվրոպական երկրներում կատարելագործվելու, եւ փոխարենը շարժվում են ֆրանսիացիների քմահաճույքով»,- բողոքում էին ուսանողները: Ի դեպ, նրանց անունները չենք հրապարակում, քանի որ «շարժման» որոշ ակտիվիստների հանդեպ արդեն «համապատասխան» քայլեր ձեռնարկվել են, սակայն ունենք ձայնագրություններ: «Նոր ռեկտորի որոշմամբ, ամիսուկես ամեն օր քննություն ենք տալիս, հետո լիկվիդներ, 2 ամիս քննությունների մեջ ենք, ոչ մի տեղ նման բան չկա», «Երբ ընդունվել եմ, ինձ ասել են, որ տարվա ընթացքում դուրս մնալ հնարավոր չէ, ես հարցրել եմ՝ եթե բավարար գնահատական չեմ ստացել, ե՞րբ եմ քննություն տալու, ասել են՝ ամռանը: Հիմա կանգնել ենք փաստի առաջ: Պայմանագրեր կան իբր, բայց մենք չենք ստորագրել դրանք: Ռեկտորը չի պատասխանում մեր հարցերին: Հեռուստատեսությամբ դիմել ենք Արթուր Բաղդասարյանին, մենք անվստահություն ենք հայտնում մեր ադմինիստրացիային եւ մասամբ՝ դասախոսական կազմին: Որոշ դասախոսներ ուսանողների հետ մտածված կոնֆլիկտի մեջ են մտնում: Ֆրանսիայի կողմից հրաման է, թե ինչ է: Ռեկտորատի գործողություններին ուսանողությունը տեղյակ չի լինում»: Մի ուսանող էլ պատմում էր, որ մաթեմատիկայի իր գրավորը ուրիշ բուհի դասախոս նայել է եւ ասել, որ 2 միավոր ցածր է գնահատվել: Նույնը պնդել է ֆրանսիականի հայ դասախոսներից մեկը, սակայն ֆրանսիացիները խստացրել են չափորոշիչները: Ի դեպ, բուհի անձնակազմի, այսպես կոչված, հայկական կողմից ոչ ոք չհամաձայնեց մամուլին պաշտոնական որեւէ խոսք ասել. պարզվեց՝ դրա իրավունքը միայն ֆրանսիական կողմն ունի: Սակայն ոչ պաշտոնական զրույցում նրանք ասում էին, որ ֆրանսիացիներն իրենց պահանջներն են դնում, որոնց կամ պետք է ենթարկվել, կամ հրաժեշտ տալ բուհին: «Պրոբլեմն այն է, որ մնալով համալսարանում, ուսանողները կորցնում են իրենց ժամանակը, այս ուսումն իրենց մակարդակին չի համապատասխանում, ավելի լավ է այլ տեղ սկսեն սովորել»,- իր հերթին ասում է բուհի ռեկտորը՝ հայտնելով, որ այս հարցի շուրջ քննարկումներ եղել են նաեւ Արթուր Բաղդասարյանի հետ: Ռեկտորին հիշեցրինք, որ դուրս մնացած տղա ուսանողները փաստի առաջ են կանգնում նաեւ այն առումով, որ նրանց բանակ գնալու հարցը կա եւ նրանք չեն հասցնի այլ բուհեր տեղափոխվել: «Դա իրենց խնդիրն է, առավելություն կամ արտոնություն չենք կարող տալ: 61 հեռացվածներից 19-ին կթույլատրվի կրկնել կուրսը, մյուսների համար, բացի 5 հոգուց, որոնց հեռացումը անմիջապես կկատարվի (նրանք մշտապես խախտել են քննությունների ընթացքը), հրամանը կտրվի մարտի 9-ից եւ ժամանակը կբավարարի տեղափոխվելու: Հիմնական բողոքողներն այդ 5 հոգին են»: Սակայն իմ զրուցակից-բողոքողներից ոչ ոք հեռացման վտանգի տակ չէր: Պարզապես խաղի կանոններն ամեն պահի կարող են փոխվել եւ ուսանողները պատկերացնում են, թե հաջորդ անգամ ինչ կբերեն իրենց գլխին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել