Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդի հողի վրա

Մարտ 03,2004 00:00

Խանդի հողի վրա Վարդան Վարդանյանը կյանքից զրկեց իր հղի կնոջը Ինչպես արդեն գրել էինք, 26-ամյա Մարինե Դոլունցին, որը 7 ամսական հղի էր, 5-րդ հարկի պատշգամբից ցած էր նետել ամուսինը՝ Վարդան Կամոյի Վարդանյանը։ Երեկ տեղեկացանք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով։ Ըստ այդ հոդվածի, դիտավորյալ սպանությունը պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ։ Մեզ հաջողվեց պարզել այդ սպանության մի քանի մանրամասներ։ Մեղադրյալ Վարդան Վարդանյանը (ծնված՝ 1971թ.) դատապարտված չի եղել, չի աշխատում եւ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի բնակիչ է։ Կինը՝ ծնված 1978թ. ԼՂՀ Գետաշեն գյուղում՝ տնային տնտեսուհի էր։ Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 4 տղա՝ Հարությունը (22.01.98թ. ծնված), Մանուկը (01.04.99թ.), Կամո եւ Դավիթ երկվորյակները (08.03.2000թ.)։ Վարդան Վարդանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որտեղ եւ ձերբակալվել է։ Նա իր զարհուրելի արարքը փորձել էր արդարացնել նրանով, թե կասկածել է կնոջը անհավատարմության մեջ։ Խաբեությամբ, իբրեւ թե Ռուսաստան է մեկնելու, հարազատներից գումար հայթայթելու պատրվակով, կնոջ եւ իրենց 3,5-ամյա Կամո ու Դավիթ երեխաների հետ եկել են մայրաքաղաք։ Գնացել են Փափազյան փողոցի 11 շենք, ուր իբրեւ թե բնակվում են բարեկամները։ Իրավապահ մարմիններին նա խոստովանել էր, որ երեխաների ներկայությամբ բռնել է կնոջ ազդրերից եւ վայր է նետել։ Այնուհետեւ Վարդանյանը բախել է տվյալ շենքի 5-րդ հարկի թիվ 11 բնակարանի դուռը, բնակիչներին հայտնել, թե երեխաների մայրը վայր է ընկել մուտքի պատշգամբից, եւ դիմել էր փախուստի։ Իրավապահ մարմինների տված ամփոփագրի համաձայն, «ակնհայտ հղի կնոջը սպանելու դիտավորությամբ բարձրանալով նշված շենքի շքամուտքի 5-րդ հարկի բաց պատշգամբ, դրսեւորելով առանձին դաժանություն, երեխաների ներկայությամբ վայր է նետել Մ. Դուլունցին, որի հետեւանքով վերջինս բախվելով գետնին՝ տեղում մահացել է»։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 13.30-ի սահմաններում։ Մեր տեղեկություններով, դեռ ուշքի չեն գալիս երկվորյակ երեխաները եւ նույնքան ծանր վիճակում են այն բնակիչները, որոնց շենքի տարածքում տեղի է ունեցել վերոնշյալ ոճրագործությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել