Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներից դասեր վերցրեք

Մարտ 03,2004 00:00

Ուսանողներից դասեր վերցրեք Ստեփան Գրիգորյանը ժողովրդին ակտիվության կոչ է անում «Մեր ժողովուրդն ընկել է քաղաքական աֆերիստների ձեռքը։ Ուստի պետք է ակտիվանա ու պայքարի իր իրավունքների համար։ Ուսանողներն ապացուցեցին, որ կարելի է ջարդել այս հանցավոր կլանին։ Նրանք ծանրագույն հարց լուծեցին, այլ հարցերն ավելի հեշտ կլուծվեն։ Ուսանողներից դասեր պետք է վերցնենք»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը։ Այն, որ արտահերթ ընտրությունները մեր երկրում անխուսափելի են, պարոն Գրիգորյանը կասկած չունի։ Այստեղ, բացի քաղաքական գործընթացներից, մեր զրուցակիցը մեծ տեղ է տալիս սոցիալական լարվածությանը, որը նա ժողովրդի ըմբոստացման հիմնական պայմանն է համարում։ Իսկ ամենակարեւորը՝ «իշխանափոխությունն արագ կլինի, որովհետեւ այս իշխանությունների լեգիտիմությունը ցածր է ոչ միայն ներսում։ Աշխարհը չի ընդունում այս ընտրությունները, դա ամրագրվեց համապատասխան փաստաթղթերում։ Բացի այդ, մի հասարակ բանի վրա ուշադրություն դարձնենք՝ այցելությունների այն ցանկը, որը մեկ ամսում ունեցավ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ընտրվելուց հետո երեք ամսում՝ Իլհամ Ալիեւը ու նայենք ինչ է կատարվում մեր դեպքում։ Քոչարյանի հետ ոչ ոք չի ուզում հանդիպել»։ Նաեւ, պարոն Գրիգորյանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Սահակաշվիլու ամերիկյան հանդիպումների այն հատվածին, երբ նա հնարավորություն ստացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալ։ Ի դեպ, վերջինիս որոշումները պարտադիր ուժ ունեն։ Ուստի՝ «այլ բան է ՄԱԿ-ի հերթական ասամբլեայի ամբիոնի ելույթը, սա՝ այլ է»,- ասում է Ստ. Գրիգորյանը։ Արդյունքում, այս իշխանության գոյատեւման շանսեր մեր զրուցակիցն այլեւս չի տեսնում։ Մանավանդ որ՝ «ՕԵ-ն եւ ՀՅԴ-ն դեմագոգիայով են զբաղվում ու իր միամտության գինը ժողովուրդն այսօր վճարում է»։ Եվ հենց դա է պարոն Գրիգորյանի համար երաշխիք, որ սպասվելիք արտահերթ ընտրությունների ժամանակ ժողովուրդը ճիշտ եզրակացություն կանի։ «Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր հարվածը փոխանակ գանձագողերի դեմ ուղղվի, ուղղվեց ժողովրդի դեմ»,- ասում է Ստ. Գրիգորյանը ու հիշեցնում Դալմայի այգիների պատմությունը, փախստականներին իրենց բնակատեղերից դատարանների որոշմամբ վտարումները, հասարակական տրանսպորտի (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս) համակարգի քանդումը, կրթության, առողջապահության ոլորտների կրճատումները եւ այլն։ Իսկ երթուղայինների դեղնող համարանիշերը մեր զրուցակիցը բացատրում է նրանով, որ ուժեղացնում են գծերի տերերին, հետեւաբար նաեւ մենաշնորհն ու կոռուպցիան, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն, իսկ իշխող վերնախավը (նույն իրենք՝ իշխանության ներկայացուցիչները) մաքսիմալ շահույթ ստանան։ «Դա լավ դաս է մեր ժողովրդի համար,- ասում է Ստ. Գրիգորյանը,- հենց այն պատճառով, որ քննադատելով նախկին իշխանություններին, ժողովուրդը չափն անցավ։ Իսկ այսօրվա իշխանությունն օգտվեց դրանից»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել