Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մարտ 03,2004 00:00

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (ԻԲԱՖ), որի կազմի մեջ մտնում են ՖԻՖԱ-ի, Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցիչները, Լոնդոնում կայացած ամենամյա 118-րդ նստաշրջանում ֆուտբոլային խաղի կանոններում մի շարք էական փոփոխություններ է մտցրել, որոնք ուժի մեջ են լինելու այս տարվա հուլիսի 1-ից: ԻԲԱՖ-ը պատմական որոշում է կայացրել՝ օրինականացնելով հանդիպումները արհեստական ծածկի վրա անցկացնելը, բայց դրա համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայման. դրանք պետք է համապատասխանեն ՖԻՖԱ-ի ստանդարտներին եւ այդպիսի հնարավորություն նախատեսված է մրցումների կանոնադրությունով: Երրորդ օրենքում տեղ է գտել հետեւյալ չափորոշիչը. ընկերական հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմ կարող է կատարել մինչեւ վեց փոխարինում: Հաջորդը, վերացվել է հաղթողին ոսկե կամ արծաթե գոլով որոշելու կանոնը: Դրա փոխարեն ուժեղ թիմը կորոշվի 15 րոպեանոց լրացուցիչ երկու խաղակեսով եւ տասնմեկ մետրանոց հարվածների շարքով: Կրկին մրցավարներին հանձնարարվում է զգուշացումով պատժել այն ֆուտբոլիստներին, ովքեր խփած գոլը կտոնեն մարզաշապիկը հանելով: – Այս կանոնը պարտադիր օրենքի ուժ է ստանալու հենց 2004 թվականի հուլիսի 1-ից,- նշել է ֆուտբոլային մրցավարների խորհրդի անդամ Նիկոլայ Լեւնիկովը:- Այս դեպքում մենք չենք սպասելու մինչեւ հաջորդ մրցաշրջան: Միեւնույն ժամանակ, ԻԲԱՖ-ը մերժել է իրեն ներկայացված մի շարք առաջարկներ: Օրինակ, խաղակեսերի միջեւ ընդմիջումը սահմանել 20 րոպե, կամ մրցավարներին թույլատրել գնդակը դարպասին մոտեցնել 9 մետրով, եթե պատժված թիմի ֆուտբոլիստները չեն կատարում տուգանային հարվածի ժամանակ գնդակից պահանջվող հեռավորության վրա «պատ» կանգնեցնելու հրահանգը, կամ խանգարում են ազատ հարվածն իրացնել: ամեն դեկտեմբերի Օրերս ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատթերը հայտարարել է, թե աշխարհի ակումբային առաջնությունը կրկին վերականգնվում է միջազգային օրացույցում: Առաջնությունը, որ առաջին անգամ կազմակերպվել է Բրազիլիայում չորս տարի առաջ, սկսած 2005 թվականից անցկացվելու է յուրաքանչյուր մրցաշրջանի դեկտեմբեր ամսին: Ըստ Բլատթերի ծրագրի, մրցաշարին մասնակցելու են վեց թիմեր՝ ՖԻՖԱ-ի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր կոնֆեդերացիայից՝ մեկական: Չեմպիոնների լիգայի հաղթողը պայքարի մեջ կներգրավվի կիսաեզրափակիչ փուլից: «Այսօր երջանիկ օր է,- ասել է Բլատթերը: – Կյանքի կոչվեցին մրցաշարի կազմակերպման նոր ծրագրեր, որոնք միավորում են ՖԻՖԱ-ի բոլոր վեց կոնֆեդերացիաների լավագույն թիմերը»: հակադոպինգային հայտարարագիր Իր գործկոմի նիստում ՖԻՖԱ-ն որոշել է մարտի 21-ին Փարիզում ստորագրել հակադոպինգային հայտարարագիրը, որ առաջարկել է ՄՕԿ-ի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ ՎԱԴԱ-ն: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել