Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՌԸ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Մարտ 05,2004 00:00

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՌԸ ՊՏՈՒՂՆԵՐԸ Իր մատուցած որոշ ծառայությունների համար գումար ստանալու նպատակով «Արմավիան» «պատանդ» է պահում մարդկանց անձնագրերը: Խոսքը այլ երկրներից եւ մեծ մասամբ Ռուսաստանից արտաքսված (դեպորտացիայի ենթարկված) մարդկանց է վերաբերում, որոնք Հայաստան են ուղարկվում սահմանապահների կողմից: Տեսականորեն այդ մարդիկ Հայաստան կարող են ուղարկվել (արտաքսվել) նաեւ այլ ավիաընկերության միջոցով: Սակայն, ինչպես հայտնի է, ժամանակավոր եւ չնչին բացառություններով հայկական չվերթների բացառիկ իրավունքը «Արմավիային» է պատկանում, ուստի որպես հայկական ավիաընկերություն, արտաքսվածներին Հայաստան են ուղարկում հենց «Արմավիայի» միջոցով: Ու «Արմավիան» տուժում է. անասելի քանակով արտաքսված մարդկանց է տեղափոխում մեր երկիր, սույնով ծառայություններ է մատուցում, բայց չի վարձատրվում: Ստացվում է, որ «Արմավիայի» համար էլ բացառիկ իրավունքը մի բան չէ: Ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը չցանկացավ իր անունը նշել, պարզաբանեց, որ դա «աշխարհի գրեթե բոլոր ավիաընկերությունների թիվ մեկ խնդիրն է: Տվյալ երկրի օրենքներին մեկնողի փաստաթղթերի համապատասխանությունը ապահովելը մեկնողի պարտականությունն է, այստեղի սահմանապահները կամ այլ ծառայություններ պատասխան են տալիս դեպի երկիր թափանցելու համար: Սահմանապահն իրավունք ունի երկիր չթողնել, եւ պարտավոր չէ մեկնելիս հոգալ նրա փաստաթղթերի համապատասխանության հարցը ընդունող երկրի օրենքների հետ: Վերջապես, Մոզամբիկի վիզան միայն մոզամբիկցի սահմանապահներն են ճշգրտորեն տարբերում: Ու քանի որ արտաքսվածները ահավոր մեծ քանակության են, ընկերության ներկայացուցիչը փորձում է ինչ-որ ձեւ փող կորզել»: Եվ որպեսզի ապահովի իր շահերը, «Արմավիայի» մտքով անցել է, որպես մուծելիք գումարի երաշխիք, «պատանդ» պահել մարդկանց անձնագրերը: Մի շարք իրավաբաններ, «Առավոտի» հետ զրուցելիս, նշեցին, որ անձնագիր պահելը պատժելի է Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Անձնագրերը վերցնելու փաստն, ի դեպ, ընկերության աշխատակիցներն սկզբից չէին ընդունում, նշելով, որ անձնագրերը վերցնելու կամ պահելու հետ կապ չունեն: Սակայն, ի վերջո, երբ հայտնեցինք, որ մեզ դիմած քաղաքացիներից մեկի անձնագիրը դեռեւս «Արմավիայում» է, ընդունեցին: Ավելին, մեկ ուրիշն էլ գումարը մուծելուց հետո էր ստացել: Իսկ մեր աղբյուրը հայտնել էր կոնկրետ տեղը, որտեղ պահվում են այդ անձնագրերը: Ընկերության պատասխանատուն պաշտոնապես հայտնեց, որ այդ երեւույթը դադարեցվում է, եւ որ այսուհետեւ նման դեպքերում գործ կկազմեն եւ կդիմեն համապատասխան մարմիններին՝ դատական կարգով տոմսի գումարը պահանջելու համար: Որովհետեւ եթե «արտաքսվածը փաստաթղթերում ինչ-որ խախտում է թույլ տվել, միգուցե Հայաստանի համա՞ր էլ է այդ մարդը վտանգավոր»: Միգուցե: Բայց շատ են նաեւ դեպքերը, երբ մարդիկ արտաքսվում են ոչ մի խախտում էլ թույլ չտալով, ուղղակի «կասկածելի թվալու» կամ, ասենք, Մինվոդի մուտք գործելու համար $200 կանխիկ գումար չունենալու պատճառով: Այս դեպքում քաղաքացու մոտ տրամաբանական հարց է ծագում. ճիշտ է, ծառայություն մատուցվել է, բայց քաղաքացին չի խնդրել կամ չի դիմել այդ ծառայությունը ստանալու համար: Ընկերությունը այդ ծառայությունը մատուցել է ռուս սահմանապահներին կամ տվյալ երկրի համապատասխան մարմիններին, թող այդ երկուսի միջեւ էլ կարգավորվեն դրամական փոխհարաբերությունները: Մանավանդ որ, միջազգային պայմանագրերը չեն պարտադրում, որ անպայման քաղաքացին պետք է մուծի գումարը: «Արմավիայից» մեր զրուցակցի պարզաբանմամբ, «միջազգային օրենքների համաձայն, արտաքսվածներին բերում ենք: Այդ նույն օրենքները մեզ թույլ են տալիս պահանջել տոմսի գումարը»: Ուստի, երեւի ճիշտն, իրոք, գործ կազմելն ու համապատասխան մարմիններին հանձնելն է, որպեսզի որոշվի, թե որ դեպքերում պետք է քաղաքացին վճարի, որ դեպքերում՝ ոչ: Իսկ անձնագրեր, «Արմավիայից» հավաստիացրին, որ այլեւս չեն վերցնի, ծառայողական քննություն կսկսեն, պարզելու համար, թե որ աշխատակիցն է նման խախտում թույլ տվել, եւ մեղավորներն անպայման կպատժվեն: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել