Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Մարտ 10,2004 00:00

ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ Թափուր տեղի համար մրցույթում հաղթում են շատերը, նշանակվում է մեկը՝ ծանոթության կարգով: Այս տարվա փետրվարին «Քաղծառայության մասին» օրենքի քննարկումների ընթացքում խորհրդարանականներից շատերը հնչեցրին մտահոգություններ, որոնք շրջանառվում են հասարակության տարբեր շերտերում. «մրցույթների արդյունքները նախապես կանխորոշված են, թեսթերը չեն ծառայում մրցույթի մասնակիցների աշխատանքային ունակությունների հայտնաբերմանը, հանձնաժողովի անդամների քվեարկությունները կողմնակալ են, գործընթացը բավարար թափանցիկ չէ, կառավարման մարմիններում անցկացվող կրտսեր պաշտոնների մրցույթները առավել անվերահսկելի են, մրցույթներում մի քանի հաղթողների արձանագրումը դուռ է բացում կառավարման մարմնի կողմից կամայական ընտրության համար՝ հասարակության մեջ թերահավատություն արթնացնելով մրցույթի միջոցով աշխատանքի տեղավորվելու հնարավորության նկատմամբ: Արդյունքում՝ մարդիկ հաճախ դիմում են իրենց ծանոթ կամ կուսակից պաշտոնյային կամ կուսակցական գրասենյակ, ապա, խոստումներ ստանալով, որեւէ մրցույթի մասնակցում»: Մենք անց ենք կացրել հեռախոսային հարցում փետրվարի երկրորդ տասնօրյակի մրցույթներում հաղթած մեկ տասնյակի չափ քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել էին մեկ պաշտոնի համար մեկից ավելի հաղթողների խմբում եւ նշանակման էին սպասում: Բացառապես բոլորը դեմ էին իրենց անունները հրապարակելուն, քանի որ իրենց կարծիքով հետագայում դա կարող է խանգարել նոր թափուր պաշտոնի համար պայքարելիս: Ա. Ս.-ն թեսթի արդյունքում 98 տոկոս է հավաքել, հանձնաժողովի քվեարկության արդյունքը 5:1 է: Նա համարում է, որ թեսթավորման գաղտնի ընթացակարգի ողջ իմաստը կորչում է, երբ հարցազրույցի ընթացքում մասնագիտականի փոխարեն՝ հարցնում են անուն-ազգանուն, մինչ այդ պահի աշխատավայրերը եւ այդ կարգի այլ հարցեր: Նա համոզված էր, որ չնայած բարձր արդյունքին, իրեն չէին նշանակելու, քանի որ տվյալ գործակալության պետը (կառավարման մարմնի կողմից հանձնաժողովի անդամ) մրցույթից հետո վե րցրել էր հաղթողներից մեկի տվյալները (ինչը գործընթացի կանոնակարգից դուրս է): Քաղաքաշինության նախարարության թափուր հաստիքներից մեկի համար պայքարում հաղթած մասնակիցներից մեկը, որ նույնպես բարձր արդյունք էր գրանցել եւ ոչ մի դեմ քվեարկություն չուներ, էլի վստահ էր, որ անցնելու է ոչ թե ինքը, այլ նախարարության «դաբրոն» ստացած անձը (անգամ՝ անունը տվեց): Նա մրցույթի հայտարարման կարգում բացթողում համարեց, որ բարձրագույն պաշտոնի համար չէին գրել, թե ինչ մասնագիտություն է պահանջվում, եւ 10 դիմողից 8-ը մասնագետ չի եղել: Մ. Ա.-ն մրցույթի արդյունքներից գոհ էր՝ 92 տոկոս եւ 6 կողմ ձայն. այդպես գոհ էր եղել նաեւ նախորդ՝ ֆինանսների նախարարության թափուր հաստիքի համար մրցույթի արդյունքից, բայց, միեւնույն է, չէր նշանակվել: Նախորդ անգամ, երբ զանգել էր նախարարություն՝ ասել էին, որ արդեն նշանակում եղել է: Այս անգամ եւս սպասում էր այդ վիճակի կրկնությանը՝ մի ուրիշ նախարարության թափուր հաստիքի համար մրցույթից հետո: Նա 5 մրցույթի էր մասնակցել, մարտի կեսին պատրաստվում էր եւս մեկ մրցույթի մասնակցել: 10 հարցվողից 8-ը 2 եւ ավելի անգամ մրցույթների էր մասնակցել: ՔԾ համակարգում թափուր պաշտոնների համալրման թափանցիկության եւ մրցույթների արդյունավետության վերաբերյալ առաջին անկախ հետազոտության փորձ արդեն կա՝ «Հայաստան-հանրային ոլորտի բարեփոխումներ» ծրագրի կողմից։ Մրցույթների ընթացքի վերաբերյալ հետեւյալ առաջարկներն են ստացվել. հարցաշարերի պատասխանները չհրապարակել մրցույթից առաջ, հարցազրուցների ընթացքում կիրառել բալային համակարգ՝ 1 լավագույն թեկնածու ընտրելու նպատակով, հարցազրույցի անցկացման ընթացակարգ սահմանել, հանձնաժողովի անդամ ընտրելիս հարցազրույց վարելու ունակությունը եւս հաշվի առնել, հարցազրույցի ընթացքում շեշտը դնել պահանջվող ունակությունների հայտնաբերման վրա: Սակայն մրցույթում մեկ հաղթողի գաղափարը դեռեւս անընդունելի է համարում ՔԾԽ ղեկավար Մ. Բադալյանը, քանի որ այդպիսի պատասխանատվություն վերցնելու համար նախ պետք է ավելի կատարյալ դարձնել ինստիտուտը. «Գիտականորեն հիմնավորված թեսթային առաջադրանքներ եւ հարցաշարեր պետք է ստեղծել, չափորոշիչներ հաստատել»: Թափանցիկության ապահովման միջոցներից մեկը ԱԺ պատգամավոր Վ. Խաչիկյանը համարեց ողջ ընթացակարգը «օն-լայն» ռեժիմով ինտերնետում տեղադրելը: ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ www.hetq.am նտերնետային էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել