Լրահոս
Օրվա լրահոսը

Խ. Հարությունյանը դեմ է նախագահափոխությանը

Մարտ 13,2004 00:00

Խ. Հարությունյանը դեմ է նախագահափոխությանը Նա առաջարկում է ԱԺ արտահերթ ընտրություններ Նախորդ օրը կայացած մտավորականների հավաքում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն, ըստ էության, հայտարարեց այն, ինչը ամիսներ առաջ «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը։ Ըստ վերջինիս, գոյություն ունեցող բոլոր հարցերի (արդար ընտրություններից մինչեւ միասնական թեկնածուի ընտրություն) քննարկումներն անմիջապես պառակտման են տանելու։ Ուստի Ե. Աբգարյանն առաջարկում էր բոլորին համախմբվել իշխանափոխության գաղափարի շուրջ։ Որից հետո առաջնայինը պետք է դառնա ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու խնդիրը։ Մյուս հարցերը պարոն Աբգարյանը «հետագայի խնդիր» էր համարում։ Նախորդ օրը Ա. Բազեյանը հայտարարեց, որ դաշինքում թեկնածուի ընտրության հարց չի քննարկվում։ Ավելին, նրա հավաստմամբ, միասնական թեկնածու չի լինելու։ Բոլորը կհամախմբվեն մեկ՝ իշխանափոխության գաղափարի շուրջ։ Բաղձալի նպատակին հասնելուց հետո, յուրաքանչյուր ուժ իր թեկնածուով կգնա ընտրություն, բնականաբար, ստանձնելով ազատ-արդար ընտրությունների երաշխավորի պարտավորություն։ Երեկ մեզ հետ ունեցած զրույցում ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը վերապահումներով վերաբերվեց իշխանափոխությանն ընդհանրապես։ Ըստ նրա, իրադարձությունների զարգացումն այնպիսին է, որ իշխանական եւ ընդդիմադիր ճակատների միջեւ բախումն անխուսափելի է. «Ռուբիկոնն անցել են։ Խոսքերը՝ ամեն ինչ հնարավորինս անցնցում իրականացնելու մասին, լոկ խոսքեր են։ Ընդդիմությունն ամեն ինչի է պատրաստ»,- այսպիսի տպավորություն է ստացել պարոն Հարությունյանը մտավորականների վերջին հավաքից։ Արդյունքում, ըստ մեր զրուցակցի, երկրում կամ ավտորիտար ռեժիմ կհաստատվի՝ իր ողջ պերճանքով ու թշվառությամբ, կամ կընկնենք քաոսի մեջ։ Պարոն Հարությունյանին տարօրինակ է թվում նաեւ կոալիցիոն ուժերի անտարբերությունը՝ «նրանք էլ են ամեն ինչ թողել նախագահին։ Բայց երկրում ժողովրդավարության հաստատումը միայն նախագահի գնալով չի լուծվում։ Խնդիրն ԱԺ-ում է, որն իր քաղաքական որակներով ժողովրդի մեջ դրական սպասելիքներ չի ներշնչում։ Այն «քաղաքական գործիչները», որոնք այսօր ԱԺ-ում են՝ ի վիճակի չեն ոչնչի։ Դրանից զուրկ է նաեւ քաղաքական մեծամասնությունը։ Քաղաքականության մեջ ասելիք ունեցող մարդիկ ԱԺ-ում չեն։ Այստեղից պետք է սկսել»։ «Ի՞նչ եք առաջարկում» հարցի արձագանքը եղավ. «Նախագահը պետք է կանչի ընդդիմությանը եւ խոստովանի, որ ընտրությունները կեղծիքներով են եղել»։ Ընդ որում, նախագահի լեգիտիմությունը մեր զրուցակիցը 50/50 է գնահատում։ Որից հետո՝ «նախագահը պետք է ցրի ԱԺ-ն, նշանակի նոր ընտրություններ եւ դառնա դրանց երաշխավորը»,- գտնում է Խ. Հարությունյանը։ Տեսակետին, թե Ռ. Քոչարյանը կարո՞ղ է ազատ-արդար ընտրությունների երաշխավոր լինել, Խ. Հարությունյանը հակադարձեց. «Եթե չաներ, ես ընդդիմությանը կհասկանայի, որ նրանք ժողովրդավարություն էին ուզում՝ Քոչարյանը խանգարեց։ Այս առճակատումը լավ բանի չի բերի»։ ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը միայն իշխանափոխության շուրջ համախմբվելը «շատ լավ» տարբերակ է համարում։ Սակայն մեկնաբանություններն ընթերցողին թողնելով, ասաց. «Ուժեղին են միանում, մենք այդ կարգավիճակում ենք»։ Ազատական առաջադիմական Հովհաննես Հովհաննիսյանը առայժմ դժվարացավ հստակ կանխորոշել, թե «հետո ինչ կլինի, ոնց կորոշենք», սակայն իշխանափոխության շուրջ համախմբումը «նորմալ» մոտեցում է համարում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել