Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՈՎ Է ԲԱՆԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ»

Մարտ 13,2004 00:00

«ՄԵԶ ՈՎ Է ԲԱՆԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ» Երեկ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին գիտնականներն անհասկանալիորեն լռում էին Մինչեւ մեկ օր առաջ նրանք շարունակում էին մամուլի միջոցով աղաղակել հենց թեկուզ Լեզվի ինստիտուտի շենքը վերադարձնելու մասին: Իսկ երեկ նույնիսկ մեկ հարց չհնչեց այս թեմայով, բացի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ելույթից («Ով չի տեսնում Աստծուն մարդու մեջ, չպիտի կարողանա նրան տեսնել երբեք ուրիշ որեւէ տեղ: Իսկ գիտության մեջ առավել է երեւում մարդու աստվածային պատկերը») հետո դահլիճից հնչած բավականին անհարիր մի ռեպլիկից՝ «Կեցցե~ լեզվի ինստիտուտը»: Երբ ժողովից հետո գիտնականներին հարցրինք, թե ինչու նրանք որեւէ հարց չուղղեցին նախագահությանը՝ ՀՀ վարչապետին, ԳԱԱ նախագահին, կաթողիկոսին, նրանք պատասխանում էին՝ «Մեզ ո՞վ է բանի տեղ դնում, որ: Գնում են փակ ժողովներում ամեն ինչ իրենք որոշում են»: Իհարկե, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ ժողովից հետո լրագրողներին հայտնեց, որ Լեզվի ինստիտուտի հարցը փակված է, որոշումը կայացված է, մնում է ինստիտուտին սենյակներ հատկացնելու հարցերը կարգավորել: Սակայն որոշումը անցյալ տարվա նոյեմբերին է կայացվել եւ դրանից հետո մտավորականները բազմաթիվ անգամ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով են հանդես եկել: Եվ երեկ էլ կարող էին հրապարակավ իրենց պահանջները ներկայացնել: Փոխարենը գիտնականներից մեկը պահանջեց Սերգո Երիցյանի ելույթը, ինչին ի պատասխան ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը հայտնեց, որ Ս. Երիցյանն իրենց համար առանձին ելույթ կունենա: Եվ մի դժգոհություն էլ հնչեց՝ կապված դահլիճի ամբիոնին փակցված արեւի ժամացույցի շկալայի հետ, որտեղ տառերով արտահայտված թվերը սխալ էին 11-ի եւ 12-ի դեպքում: Ի-ի եւ Լ-ի փոխարեն պետք է լիներ ԺԱ ու ԺԲ: Այս տարի նորից ԳԱԱ նախագահ վերընտրվեց Ֆադեյ Սարգսյանը: Իր ելույթում վերջինս, ըմբռնումով մոտենալով ՀՀ բյուջեի սուղ հնարավորություններին, նշեց այն բոլոր բարեգործների անունները, ովքեր գիտության զարգացման գործում իրենց լուման (դոլարը) են ներդրել: Քիչ չէ նաեւ գրանտների թիվը. նախորդ 3 տարիներին ԳԱԱ-ն 3 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել, ընդ որում որոշ դեպքերում էլ գումարը պաշտոնապես ֆիքսված չէ: Սակայն ավելի ուշ ակադեմիկոս Յուրի Ալեքսանյանը հավելեց. «Արտասահմանյան գրանտները շատ լավ են, բայց ոչ մի կազմակերպություն հայագիտությանը, Սեւանի հարցի լուծմանը կամ Հայաստանի ֆլորայի ու ֆաունայի համար փող չի տա: Իրենց համար կարեւորագույն հարցերն են հետաքրքրում նրանց: Եվ պետության բյուջեն մեր ազգային հարցերին պետք է ուշադրություն դարձնի»: Ակադեմիկոսը նաեւ ցավ հայտնեց երիտասարդ կադրերի ֆինանսավորման կապակցությամբ. «Երիտասարդ կադրը 15 հազար դրամով չի գա գիտական հիմնարկ»: Ինչի պատճառով էլ իրենց փոխարինողներ շուտով չեն լինի. «Ծերացման գործընթացը շարունակվում է: Գործնական քայլեր չեն արվում»: Եվ հիշեց, թե ինչպես ժամանակին մեկը կարծիք էր հայտնել, որ աղքատ Հայաստանը կադրեր է պատրաստում հարուստ Ամերիկայի համար: Եվ եթե նույնիսկ մեր կադրերը, մեր սերուցքը չգնա էլ արտասահման, անպայման կլքի գիտության բնագավառը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ելույթում նշեց, որ խնդիրներ ունենք նպատակային ֆինանսավորման հետ: Եթե անցյալ տարի միայն 4 ծրագիր է ֆինանսավորվել, տարեցտարի դրանց թիվը կավելանա: Վարչապետը մտահոգիչ համարեց նաեւ գիտության եւ դասախոսական կազմի ծերացումը: Ըստ նրա, ե՛ւ ԱԺ համապատասխան հանձնաժողովին, ե՛ւ ԿԳՆ-ին հանձնարարվել է՝ կատարել այնպիսի քայլեր, որ ասպիրանտուրա ավարտածները պարտավորված լինեն աշխատել այն բուհերում, որտեղ անցել են իրենց ասպիրանտական կրթությունը: «Եթե պետությունը գումար է ծախսում՝ ծախսում է գիտության համար, ոչ թե հետո այդ անձը գնա մասնավոր սեկտորում աշխատելու»: Դառնալով հայագիտության խնդիրներին, Ա. Մարգարյանը նշեց, որ այն ՀՀ-ի խնդիրն է, եւ ոչ՝ սփյուռքի: Վերջինս միայն պետք է օգտվի մեր կատարած աշխատանքից: Նշվեց նաեւ, որ կառավարությունն ստեղծել է մի կառույց, որն ուսումնասիրում է Հայաստանի համալսարաններում գործող հայագիտական ամբիոնների գործունեությունը: Պարզվել է, որ դրանց կեսը հայագիտության անվան տակ հակահայագիտական գործունեություն է ծավալում: «Խայտառակ վիճակի առաջ կանգնեցինք: Պետք է հակահարված տանք դրան: Սրանք նաեւ մեր ազգային անվտանգությանն ուղղված քայլեր են, որոնց դեմ պետք է պայքարենք՝ Ակադեմիայի գլխավորությամբ»: (Թե ինչ է թաքնված վարչապետի այդ մեղադրանքի տակ, առայժմ չհաջողվեց պարզել): Վարչապետը բարոյական խնդիր է համարում գիտնականներին հավելավճարներ տալու հարցը: Սակայն խոստացավ տարեցտարի ավելացնել դրանց ներկայիս ծիծաղելի չափը: Ինչ վերաբերում է գիտնականների բողոքին, թե հունվարից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 13 հազար դրամ, իսկ Ակադեմիայում ավելի ցածր ստացողներ են եղել, վարչապետը խորհուրդ տվեց պատճառը Ակադեմիայի ներսում փնտրել, գուցե ավելի շատ աշխատողներ կան, քան սահմանված է: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԵրեկ «Առավոտում» տպագրվել էր ակադեմիկոսների եւ թղթակից անդամների մի նամակ, որում վերջիններս բողոքում էին Լեզվի ինստիտուտի շենքը փլելու եւ տարածքը կաթողիկոսի նստավայր դարձնելու դեմ: Դատելով նրանց երեկվա պահվածքից, եթե Մայր աթոռը «նախաքննություն» սկսի՝ պարզելու համար թե ով է համարձակվել այդ նամակը ստորագրել, ակադեմիկոսների մեծ մասը կհրաժարվի իր ստորագրությունից: Ստալինյան վախի իներցիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել