Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարագրված» երգիչը կվերադառնա

Մարտ 20,2004 00:00

«Տարագրված» երգիչը կվերադառնա Երեւանի ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը ժամանակավորապես գտնվում է հայրենիքում։ Տեղեկացնենք, որ 2002-ից նա դասավանդում է Էկվադորի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում։ 2005-ի մարտին կլրանա Կ. Սիմոնյանի աշխատանքային պայմանագիրը եւ նա դարձյալ կվերադառնա հարազատ թատրոն։ Իսկ արտերկրում հայտնվել է Մոսկվայում կատարված մի տհաճ միջադեպից հետո։ Գործընկերոջ՝ Կ. Սիմոնյանի ծանր վիճակին տեղեկանալով, Էկվադորի Գուայակիլ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Դավիթ Հարությունյանը միակն էր, որ օգնության ձեռք մեկնեց նրան ու միջնորդեց Էկվադորի կոնսերվատորիայում դասավանդելու հարցում։ Հիշեցնենք, որ 2001թ. Լիսաբոնի թագավորական «Սաո-Կառլո» օպերային թատրոնի բեմադրած Մ. Մուսորգսկու «Բորիս Գոդունով» ներկայացման պրեմիերային մասնակցելուց հետո, Կ. Սիմոնյանը վերադառնում է հայրենիք։ «Աշխատածս գումարը բանկերից մեկի միջոցով որոշեցի փոխանցել Հայաստան։ Սակայն պարզվեց, որ դրա համար պետք է բանկին թողնեմ գումարի 6-6,5%-ը (մոտ 750 դոլար)։ Հրաժարվեցի փոխանցումից ու որոշեցի գումարն ինձ մոտ պահել»,- հիշեց երգիչը։ Լիսաբոնի ֆինանսների դեպարտամենտից ստանալով գումարի չափը հաստատող հայտարարագիր, երգիչը մեկնում է օդանավակայան՝ Լիսաբոն-Մոսկվա-Երեւան չվերթով հայրենիք ժամանելու։ Մոսկվայի «Շերեմետեւո-1» օդանավակայանում Կ. Սիմոնյանից պահանջում են դատարկել գրպաններում եղածը։ «Պատճառը ակնոցիս մետաղյա տուփն էր ու ինքնահոսիս մետաղյա փականը, որոնց պատճառով հնչել էր ազդանշան»,- ասաց պարոն Սիմոնյանը։ Օդանավակայանի համապատասխան բաժնի աշխատակիցները առանց ուշադրություն դարձնելու գումարի մասին հայտարարագրին, ասում են, որ պորտուգալական փաստաթղթերը Ռուսաստանում ուժ չունեն։ Երգչի մասին դրական միջնորդագրերով հանդես եկան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, Երեւանի օպերային թատրոնի տնօրինությունը, ՀՀ-ում Ռուսաստանի եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատները, ճանաչված արվեստագետներ, բայց՝ ապարդյուն։ Չնայած հեղինակավոր միջնորդագրերին, դատարանը նրան մեղավոր ճանաչեց, իսկ ռուսական մամուլը հայ երգչին վարկաբեկեց «ավանտյուրիստ», «կոնտրաբանդա տեղափոխող» եւ այլ որակումներով։ Երգչից առգրավվում է գումարը ու միայն դատական վերին ատյաններ բողոքարկումից հետո է չեղյալ հայտարարվում շրջանային դատարանի որոշումը։ «Առաջին դեպքն էր, որ դեմոկրատական Ռուսաստանում պետբյուջե մուտքագրված գումարը վերադարձվում էր»,- նշեց երգիչը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել