Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ»

Մարտ 23,2004 00:00

«ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ» Իր հասցեին հնչած մեղադրանքներին անդրադառնում է առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը։ Պարզաբանելով մեր թերթի հոդվածներում ներկայացվածը, պարոն Բիշարյանը «Առավոտին» հայտնեց. «Դատախազությունն այժմ քննում է 1999-2003թթ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում բաց թողնված օգնության դեղերի հարցը։ Այդ ընթացքում բաշխմամբ ես զբաղվել եմ միայն 2001-02թթ.։ Ճիշտ չեմ համարում նախաքննության շրջանում որեւէ բան ասելը, բայց վստահ հայտարարում եմ, որ «Առավոտում» տպագրված շարունակական հոդվածներում ներկայացված ակնարկներն ու մեկնաբանություններն անհիմն են, համենայնդեպս՝ իմ անձի հետ կապված»։ Վարչության պետը դեղերի ժամկետանց լինելը կապեց ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառների հետ։ «2001թ. մայիսին 113 չվերթով եկած օգնության դեղերը, որն, ի դեպ, իմ նախորդի պատվերն էր, երկու ամսից ավելի պահվեցին մաքսակետում, որովհետեւ սխալ տեղեկություն էր ստացվել, թե դրանց մեջ առկա հոգեմետ դեղերը փորձ է արվում ներմուծել մաքսանենգ ճանապարհով։ Այդպես առանց այդ էլ կարճ ժամկետ ունեցող օգնության դեղերը, գործածության ժամանակը լրացած, մտան Հայաստան,- օբյեկտիվ պատճառից բացի, Ա. Բիշարյանը ներկայացրեց սուբյեկտիվը,- երբ ես նշանակվեցի վարչության պետ, հենց սկզբից զգացի, որ կան կուտակված ժամկետանց դեղեր, որոնք, չգիտես ինչու, դեռ բաց էին թողնվում։ Ես ահազանգեցի նախարարին, նույնիսկ 6-7 զեկուցագիր եմ գրել, որ պետք է շտապ գույքագրում եւ ֆինանսատնտեսական գործունեության ստուգում անել։ Չարեցին, այնինչ մեր բացթողած թվերը մարդասիրական օգնության հանձնաժողովի պահեստում փոխվում էին՝ պակասում կամ ավելանում։ Նրանց հաշվետվությունները մեր թվերին չէին համապատասխանում։ Այս ամենի մասին ժամանակին զեկուցագրերով տեղեկացրել եմ ղեկավարությանը, ընթացք չեն տվել, իսկ հիմա ստացվում է՝ ե՞ս եմ մեղավորը»։ Հոդվածներից մեկում հիշատակված էր Հրազդանի օպտիմալացված թիվ 2 պոլիկլինիկային դուրս գրված շուրջ 26 մլն դրամի դեղորայքի մասին։ «Եթե պոլիկլինիկայի գլխավորը կնիքով ու լիազորագրով գալիս է դեղորայք ստանալու, իսկ ինձ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր չեն տեղեկացրել, որ այդ պոլիկլինիկան օպտիմալացվել է, ես ինչպե՞ս կարող եմ դեղ դուրս չգրել»,- փաստը մեկնաբանեց Ա. Բիշարյանը։ Զրույցի ընթացքում նա մի քանի անգամ նշեց, որ արել է ամեն ինչ, որպեսզի դեղերի բաշխման գործընթացում կանխվեն ապօրինությունները։ Բայց «ցավալի է, որ այդքանն անելուց հետո ինձ են մեղադրում կատարվածի մեջ»։ Վարչության պետն ինքը բավականին կոշտ ու թափանցիկ ակնարկներով մեղադրյալի աթոռին «տեղավորեց» Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի նախկին տնօրինությանը, որը մի անգամ այրել է դեղորայքն ու բուժպարագաները՝ հետքերը թաքցնելու համար, իսկ մի քանի օր առաջ էլ կենտրոնի վարչական շենքի տանիքից հայտնաբերվել են օգնության դեղերի թաքցրած արկղեր։ Ի դեպ, այդ դեպքերի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր։ Ինչ վերաբերում է դեղերի ժամկետներին ընդհանրապես, ապա Ա. Բիշարյանի տեղեկացմամբ, «մենք դեղերը ստանում ենք հիմնականում Ամերիկայից, իսկ ամերիկյան դեղերի 1-2%-ն է մեր շուկայում գրանցված։ Եվ մինչեւ բժիշկներին ծանոթացնում ենք, թե որը ինչի համար եւ ինչպես օգտագործել, դրանց առանց այդ էլ կարճատեւ ժամկետն ավարտվում է»։ Վարչության պետը խոստացավ դատախազության ուսումնասիրության ավարտից հետո բոլոր փաստերը ներկայացնել հանրությանը։ Օրինակ, որ 2002-ին ստացված 9 կոնտեյներից չմուտքագրված ապրանք է մնացել պահեստներում եւ այլն։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել