Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԸՍՏ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ

Մայիս 01,2004 00:00

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԸՍՏ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵԽ ԽՎ բանաձեւը իշխանություններն ու ընդդիմությունը մեկնաբանում են՝ յուրաքանչյուրը յուրովի։ Ընդդիմությունը ներկայացնում է, որ այդ բանաձեւը զսպաշապիկ է իշխանությունների համար, իսկ իշխանությունը՝ նախորդ օրվա շփոթվածությունը թոթափելուց հետո, այսօր արդեն գտել է բանաձեւի լուսաբանման սեփական տարբերակը։ Ըստ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, ԵԽ ԽՎ բանաձեւը զսպաշապիկ է ոչ թե իշխանությունների համար, այլ. «լրիվ հակառակն է։ Այս ամիսների ընթացքում մեր առաջարկությունների ամբողջ փաթեթը մտել է այդ տեքստի մեջ եւ թվում է՝ օտարները պետք է ասեն, որպեսզի ընդդիմությունը հասկանա, որ քաղաքական գործառույթները ունենում են սկիզբ ու վերջ։ Իսկ դրանց մեջ ամենակարեւորը երկխոսությունն է»։ «Եթե Հայաստան անունը հանվի, այս նույն փաստաթուղթը կարելի է ուղղել որեւէ երկրի, որտեղ տեղի են ունեցել ցույցեր»,- կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, հավելելով, թե բանաձեւը որեւէ արտառոց բան չի ֆիքսել։ Իսկ իշխանություններին ուղղված ԵԽ ԽՎ բազմաթիվ դիմում-առաջարկությունների մասով, պարոն Հովհաննիսյանը նկատել է. «Բնական է, որ պառլամենտական վեհաժողովը հիմնականում դիմում է իշխանություններին։ Օպոզիցիային ի՞նչ դիմի։ Օպոզիցիան ոչնչի համար իր վրա որեւէ պատասխանատվություն չի վերցնում։ Այո, երկրի համար պատասխանատու են իշխանությունները։ Այսինքն, նրանք, ովքեր փորձում են սրա մեջ տեսնել հակաիշխանական մոտեցում, սխալվում են»։ Իսկ ընտրությունների ժամանակ ապօրինություններ կատարածների մասով դժգոհություններ ունեն նաեւ դաշնակցականները. «Դժգոհ ենք եղել այնպիսի մարդկանց, քաղաքական շրջանակների միջամտությունից, ովքեր ստվեր գցեցին այդ կեղծիքներով»։ Իսկ պատժի մասին հարցերը, ըստ Վահան Հովհաննիսյանի, պետք է լուծվեն քաղաքական կյանքի դրսեւորմամբ. «Մենք հույսներս պետք է դնենք ոչ թե դատախազության, այլ կոալիցիայի մեր կոլեգաների, կամ, ինչո՞ւ չէ՝ նաեւ կոալիցիայից դուրս ուժերին համոզելու, որ իրենք եւս միանան սրան»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել