Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՏԻԶԲՈՆ ՉԷ

Մայիս 05,2004 00:00

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՏԻԶԲՈՆ ՉԷ «Արդարության», «Ազգային միաբանության» եւ Հայկոմկուսի երեկ անցկացրած հանրահավաքի գլխավոր թեման ԵԽԽՎ բանաձեւն էր: Մեր պետական եռագույնների եւ «Ազգային միաբանության» սպիտակ դրոշների հետ միասին՝ այս անգամ հանրահավաքում պարզել էին նաեւ Եվրամիության դրոշները: «Դեմիրճյա՛ն, մի զարկ տվեք ցարի գահին, որ խորտակվի նա հիմնովին» կարգախոսի, «Հանրապետության» բանտարկված գործիչների պատկերների հետ միասին՝ բարձրացրել էին նաեւ Արտաշես Գեղամյանի մի քանի տասնյակ լուսանկարներ: Վերջին հանգամանքն «ԱՄ» գործիչներն այսպես մեկնաբանեցին, թե սա իրենց պատասխանն է օդանավակայանում բազեականների ցույցին: Հանրահավաքը վարողը՝ «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն իր խոսքը սկսեց Ստրասբուրգ-Տիզբոն համեմատություններին հակադարձելով. «Եթե Եվրախորհուրդը Տիզբոն է, ապա ինչո՞ւ էինք ինքներս գնում այնտեղ, խնդրում, որ անդամագրեն այդ միջազգային հեղինակավոր կառույցին»: Իսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներին «Թուրքիայի գործակալ» ներկայացնելու փորձերի առնչությամբ, պրն Բազեյանը հարց ուղղեց հավաքվածներին, թե ինչպե՞ս որակել նրանց գործողությունները, ովքեր, ասենք, կուսակցությունների գրասենյակներից ձերբակալում են երիտասարդ աղջիկների, տանում ոստիկանություն եւ այնտեղ դաժանորեն ծեծում նրանց: «Թուրքե՛ր»,- արձագանքեցին հանրահավաքի մասնակիցները: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն առաջարկեց, որ ԵԽԽՎ բանաձեւին հաջորդած «հիստերիկ» արձագանքների փոխարեն ուղղակի տեղեկացնեն դրա բովանդակության մասին. «Եվ հասարակությունն ի վիճակի է ինքը եզրակացության գալ»: Հավելեց. «Տեսնում ենք նաեւ ցինիզմի եւ երեսպաշտության դրսեւորումներ: Երբ դրված էր մահապատժի վերացման հարցը՝ խոսում էին եվրոպական արժեքներից, խոսում էին կեղծարարները, պարզապես հանցագործություն կատարած մարդիկ: Այսօր, երբ ԵԽ-ն կոչ է անում վերջ տալ մեր երկրում անպատժելիությանը՝ նկատի ունենալով նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կեղծողներին եւ հարգել մարդու իրավունքները՝ տեսնում եք, թե ինչ պիտակներ են կպցնում եւ փորձում պարզունակ մակարդակով վարկաբեկել հեղինակություն վայելող պատգամավորներին»: Այդ փորձերի թիրախ դարձած ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն իր ելույթում նկատեց. «Այս իշխանությունները մի բան չեն հասկացել՝ ում իրենք են անվանում դավաճան՝ դառնում է ժողովրդի աչքի լույսը»: Նաեւ բացահայտեց, որ երբ ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբում քննարկվել է այս հարցը՝ «2 թուրք կողմ է քվեարկել այն նախագծին, որին մենք դեմ էինք: Նրանց հետ կողմ քվեարկեց նաեւ Արմեն Ռուստամյանը»: ՀԺԿ մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը նշեց, թե դավաճանության մասին խոսում են մարդիկ, որոնց կենսագրությունը «դավաճանությունների շարան» է եւ հիշեցրեց 2000-ի մարտի 3-ին ՀՀԿ-ի արած հայտարարությունը, որով պահանջվում էր պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին եւ այլոց: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, թե իրենք պաշտպանում են ընդդիմության քայլերը Ստրասբուրգում. «Եվ ինչքան էլ շինծու կարգախոսներ բերեն, «ամոթ» ու «դավաճանություն» գրեն՝ հետհարվածն ուղղվելու է դեպի իշխանությունը»: Ի դեպ, Ալբերտ Բազեյանը հետաքրքրվեց, թե արդյոք արտոնվա՞ծ էր «պետբյուջեի միջոցներից սնվող», «իշխանամետ բազեների» կազմակերպած այդ շոուն. «Արդյոք քաղաքապետարանը նպատակահարմա՞ր էր համարել դրա անցկացումը»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտնեց, թե հենց այդ հավաքին գալուց առաջ իրեն է զանգահարել օդանավակայան եկած երիտասարդներից մեկը եւ ներողություն խնդրել, խոստովանելով՝ «Կամքիս հակառակ էի եկել, քանի որ «բազեներն» ասել էին, թե համալսարանից դուրս ես մնում՝ եթե գաս, հետդ էլ ընկերներ բերես, ապա ուսման վարձդ կվճարենք եւ կշարունակես սովորել»: Անդրադառնալով Ստրասբուրգում կատարվածին՝ պրն Գեղամյանը նշեց, թե Հայաստանի իշխանությունները թերեւս կարծում էին, որ մեր երկիրը «7 սարի ետեւում է», կամ Եվրախորհուրդն իր դատողությունները Հայաստանում ժողովրդավարության առկայության մասին անելու է՝ ելնելով իշխանական լրատվամիջոցներից: Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ ճանաչված մտավորական Երվանդ Մանարյանը, որին խիստ վրդովեցրել էր արտաշատցի ուսուցիչ Գրիշա Վիրաբյանի հետ կատարվածը: Հիշեցնենք, որ նա հերթական հանրահավաքից հետո տարվել էր ոստիկանություն, ենթարկվել դաժան ծեծի, ապա տեղափոխվել հիվանդանոց, որտեղ հեռացվել էր նրա ամորձին։ «Ուզում եմ իմանալ, եթե մենք արժանապատվություն ունեցող ժողովուրդ ենք, եւ հետեւում ենք Մեսրոպ Մաշտոցին՝ առաջին ուսուցչին, ինչպե՞ս ենք թույլ տալիս, որ ուսուցիչն ամորձատվի՛, որ ուսուցչին այդպես ծեծե՛ն»,- զայրացած գոռում էր Երվանդ Մանարյանը, պահանջելով պատժել այն «օրինապահներին», ովքեր արել են այդ բանը: «…Լավ, բա այդ մարդիկ ձեր մեջ չե՞ն ապրում, բա դուք չե՞ք թքում նրանց երեսին»,- այս հարցադրմամբ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ կրկնեց իր այն կոչը, որ տարիներ առաջ արել էր Վաչագան Հարոյանի եւ ՀՀՇ այլ գործիչների առնչությամբ: Սադոյանի եւս մի արտահայտությունը տեղիք տվեց հարթակում փոքրիկ բանավեճի: Նա ասաց, թե «երկար ենք պայքարելու՝ մինչեւ այդ մարդիկ հասկանան, որ նրանց ոտքերի տակ հողն է այրվելու» եւ նշեց, թե դա ամիսների հարց է, իսկ Ալբերտ Բազեյանը տեղում առարկեց, թե սա «շաբաթների հարց է ընդամենը»: «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն ամփոփեց հանրահավաքային պայքարի մեկամսյակը, որ լրանում էր երեկ: Որպես ձեռքբերում նշեց այն, թե իրենք կարողացան ստիպել իշխանությանը, որ գնան ժողովրդի մոտ՝ նկատի ուներ նախարարների մարզային հանդիպումները, բացի այդ՝ «իշխանություններին ստիպեցինք, որ իրենց դեմքը ցույց տան ամբողջ աշխարհին» եւ երրորդ ձեռքբերումն էր՝ «ապացուցեցինք, որ մեզ մի թեթեւ լողացնելով կամ էլեկտրահարելով ոչնչի չե՛ն հասնի ու չե՛ն հասնելու: Եվ մենք անընդհատ հավաքվելու ենք Ազատության հրապարակում»: Հաջորդ անգամ կհավաքվեն մայիսի 14-ին, ժամը 18-ին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել