Լրահոս
Օրվա լրահոսը

Աջարիայում լարվածությունը պահպանվում է

Մայիս 05,2004 00:00

Աջարիայում լարվածությունը պահպանվում է Բաթումում շարունակվում են ցույցերն՝ ընդդեմ Ասլան Աբաշիձեի Երեկ Ախալքալակի Ազմանա գյուղում ընդհարում է տեղի ունեցել հայերի եւ 1990 թ.-ից այդ գյուղում բնակություն հաստատած աջարացիների միջեւ: Ըստ Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիկ Մուրադյանի, դա ընդամենը կենցաղային միջադեպ է եղել: Սակայն վերջինս հավաստիացնում է, որ վերջին 14 տարում ոչ միայն այս երկու ազգերի, այլ ընդհանրապես՝ հայերի եւ այլազգիների միջեւ որեւէ պրոբլեմ չի եղել: Նա հակված է կարծելու, որ կատարվածը կարող էր սադրանք լինել Աբաշիձեի կողմից՝ Աջարիայից ուշադրությունը շեղելու համար: Կասկած է հարուցում հատկապես այն հանգամանքը, որ ձկան որսի շուրջ ծագած կենցաղային շարքային խոսքուկռվի հենց սկզբից ներկա է եղել եւ ամբողջ ընդհարումը նկարահանել եւ հեռարձակել է Թբիլիսիի «Մզե» հեռուստաընկերությունը: Մայրաքաղաքից մինչեւ Ազմանա հեռավորությունը հաղթահարելու համար «Մզե» հեռուստաընկերությունը 5-6 ժամ պիտի ծախսեր: Երեկ երեկոյան միջադեպն արդեն հարթվել էր, սակայն Հենրիկ Մուրադյանը չի բացառում, որ Վրաստանի այլ բնակավայրերում էլ, որտեղ աջարացիներ են ապրում, առաջիկա մի քանի օրերին կարող են դարձյալ սադրանքներ լինել: Հատկապես եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Աջարիայից ուշադրությունը շեղելը մնում է հրատապ: Իսկ բուն Աջարիայում երեկ երեկոյան ժամը 8-ի դրությամբ վերսկսվել էին Աբաշիձեի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերը, որոնց հետո միացել էին դպրոցների մանկավարժները եւ այլ մարդիկ: Ցերեկը Բաթումի պետհամալսարանի մոտ նման ցույց ոստիկանները ցրել էին նախ ջրցան մեքենաներով, այնուհետեւ մահակներով: Ինչպես Բաթումից հայտնեց լրագրող Նաթիա Սիրաբիձեն «մի շարք «սաքարթվելո» վանկարկող ցուցարարներին ցրող ոստիկանները եւ զինվորականները զինված են եղել միայն մահակներով: Ցերեկը փակվել էր նաեւ Կոբուլետի քաղաքից, եւ մի քանի շրջաններից Բաթում տանող ճանապարհները, քանի որ տեղեկություններ էին տարածվել, որ ցուցարարների նոր խմբեր են ժամանելու մայրաքաղաք: Բաթում չհասնելով, մարդիկ ցույցերը սկսել են Կոբուլետիում: Սիրաբիձեն հաղորդեց, որ Ժամը 20-ի դրությամբ համալսարանի մոտ մոտավորապես 4-5 հազար մարդ պահանջում է Աբաշիձեի հրաժարականը, եւ նրանց դեռ չէին քշում: Տեղի բնակչությունն ասում է, որ նա չի համարձակվի զենք բարձրացնել այդքան մարդու վրա: Բացառություն են միայն լրագրողները, հատկապես օպերատորները: Նրանց ծեծելիս ոստիկանները կամ նկարահանման խցիկն են կոտրում, կամ օպերատորին ծեծում: Բայց նրանք հաջողացնում են նկարահանել պատշգամբներից կամ թաքնված տեղերից: Տեղի բնակչությանը անհայտ է, թե ինչ մտադրություն ունի Աբաշիձեն, մանավանդ, որ երեկ Վրաստանի անվտանգության ազգային խորհուրդը իր դիրքորոշումը հայտնեց Աջարիայի կապակցությամբ, այն է՝ Աբաշիձեն միանշանակ պետք է հեռանա: Հենրիկ Մուրադյանը հայտնեց, որ Վրաստանի պառլամենտը երեկ հստակ իր դիրքորոշումն է հայտնել՝ պետք է բացառել ուժային մեթոդը: Իսկ երկրի նախագահ, զինված ուժերի գերագույն հրամանատար Միխայիլ Սահակաշվիլին, Աջարիայի բոլոր ուժային կառույցներին հրամայել է ենթարկվել բացառապես իր հրամանններին, իսկ չենթարկվողները կհայտարարվեն երկրի դավաճան: Աջարիայից պաշտոնական տեղեկություն ստանալու բոլոր փորձերը երեկ ապարդյուն էին: Աբաշիձեի գրասենյակում հեռախոսները զբաղված կամ անջատված էին: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել