Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՄՄ-ն բաժնետիրական ընկերություն չէ

Մայիս 05,2004 00:00

ԹՄՄ-ն բաժնետիրական ընկերություն չէ «Առավոտի» երեկվա համարում մենք ներկայացրել էինք ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի դժգոհությունները Արա Աբրահամյանից, Թեքեյան Մշակութային միությունից եւ «Ազգ» թերթից:Այդ մեղադրանքներին պատասխանելու հնարավորություն ենք տալիս ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանին, որն, իր մի քանի համախոհների հետ հեռացվել է ՀՌԱԿ-ից: Պարոն Միրզախանյանն ասաց, որ ինքը նախապես չի տեղեկացվել ՀՌԱԿ այդ որոշման մասին, եւ միայն նրանց տարածած հայտարարությունից է իմացել, որ այլեւս հեռացված է հարազատ կուսակցությունից: Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանի «փողոտ» խոստումներին, որոնք Հարություն Առաքելյանը համարում էր չկատարված, ապա Ռ. Միրզախանյանի տվյալներով, առաջին երկու խոստումները՝ $100 հազար Գրողների միությանն ու $25 հազար՝ Գյուղակադեմիային, արդեն իսկ կատարված են: Ինչ վերաբերում է երրորդ խոստմանը՝ $50 մլն՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, ապա Ռ. Միրզախանյանը գտնում է, որ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի նորոգումը, 16 հարկանի շենքի կառուցումը այդ խոստման շրջանակներում կատարված ներդրումներից են: Ինչ վերաբերում է «Ազգ» օրաթերթը Արա Աբրահամյանին նվիրելուն եւ Արա Աբրահամյանի՝ Թեքեյան կենտրոնի բաժնետեր դառնալուն, ապա պարոն Միրզախանյանի պատասխանը հետեւյալն է. «Մինչեւ անցյալ տարի դեկտեմբերը «Ազգ» ՓԲԸ-ն ուներ 3 հիմնադիր՝ Հակոբ Ավետիքյանը, Միհրան Մինասյանը եւ ես: Կատարվել է հիմնադիրների համալրում, ինչը մեր կանոնադրությունը թույլ է տալիս, եւ մեզ ավելացան եւս երկուսը՝ Արմեն եւ ոչ թե՝ Արա Աբրահամյանը, եւ ՌԱԿ-ի կենտրոնական վարչության համատենապետ Երվանդ Ազատյանը: Իսկ բաժնետոմսերի մասին խոսակցություններն ուղղակի ծիծաղելի են. Թեքեյան կենտրոնը հիմնադրամ է, իսկ Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով՝ հիմնադրամը բաժնետիրական ընկերություն չի, որը կարելի է վաճառել, կամ գնել»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել