Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՓՇԱԼԱՐԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂՆԵՐԸ

Մայիս 12,2004 00:00

ՓՇԱԼԱՐԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂՆԵՐԸ «Քաղաքացիական կամքը՝ հանուն եւ ընդդեմ» ֆորումի մասնակիցները դահլիճ մտնելու համար պետք է անցնեին փշալարերի վրայով, դրանով իսկ բողոքելով ոստիկանական բռնությունների դեմ: «Մենք չենք կարող կողքից դիտորդի կարգավիճակ որդեգրել: Սա մեր երկիրն է, եւ մենք չենք կարող անտարբեր գտնվել»,- ահա այս ոգով էին հնչում «Քաղաքացիական կամքը հանուն եւ ընդդեմ» հասարակական կազմակերպությունների ֆորումի մասնակիցների ելույթները: «Անհապաղ ազատել քաղբանտարկյալներին», «Պատժել լրագրողներին բռնության ենթարկածներին», «Համապատասխանեցնել զանգվածային միջոցառումների մասին օրենքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին», «Հաճախականություն տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը»՝ ահա ֆորումի մասնակիցների պահանջների ոչ լրիվ ցանկը, որ արտահայտվել էր նրանց ընդունած հայտարարության մեջ: Ֆորումի առաջին մասը նվիրված էր ստեղծված իրավիճակի պատճառների հայտնաբերմանը: Ելույթ ունեցողները առաջարկում էին իրենց տարբերակները, թե ինչո՞ւ եղավ այն, ինչը եղավ: Բոլոր տարբերակները արագ գրառվում էին թղթի վրա, եւ փակցվում պատին: Արդյունքում, կարճ ժամանակ անց, պատի վրա գրեթե տեղ չկար: «Պատճառները» բազում էին՝ անտարբերությունը, վստահության պակասը, քաղաքացիական ինքնագիտակցության եւ բացասական երեւույթների նկատմամբ անհանդուրժողականության պակասը, մենթալիտետը, ինֆորմացիայի սովը, եւ ի վերջո՝ «մենք բոլորս»: Բացի այս «պատճառներից», պատերը զարդարված էին նաեւ կոչերով՝ «Բնակիչ, դարձիր քաղաքացի», «Վախ կամ ազատություն», «Նա, ով գերադասում է անվտանգությունը ազատությունից, արժանի չէ ո՛չ մեկին, ո՛չ մյուսին»: Կային նաեւ մեջբերումներ Գարեգին Նժդեհից՝ «Ճշմարտորեն ազատ է միայն նա, ով չի ուզում բռնության ազատությունը», «Պարտություն, ստրկություն, տառապանք՝ ահա կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը»: «Մեր այս հավաքները չպետք է միջոցառում լինեն, սրանք պետք է դառնան հետեւողական ակցիաներ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք»,- նկատում էին հ/կ-ների ներկայացուցիչները: Քանի որ խոսակցությունները հիմնականում ծավալվում էին քաղաքացիական հասարակարգի կառուցման կոնտեքստում, Շավարշ Քոչարյանն առաջարկեց նախ ճշտել, արդյո՞ք մենք իսկապես ձգտում ենք այդ արժեքային համակարգին: Նա նկատեց, որ որոշ երկրներ տոտալիտարիզմից անցել են ոչ թե ժողովրդավարության, այլ՝ ավտորիտարիզմի: Սակայն գոնե այդ ֆորումի մասնակիցերի մեջ չկային ավտորիտարիզմի կողմնակիցներ: Իսկ ֆորումը վարող Կարեն Հակոբյանը հիշեց ճապոնական ֆիլմից մի դրվագ, որում պապիկը անընդհատ ջրում էր չորացած ծառը: Թոռան հարցին՝ ինչո՞ւ ես ժամանակ վատնում այդ չորացած ծառը ջրելու վրա, իմաստուն պապը պատասխանում է՝ «դա իմ պարտքն է, ես պարտավոր եմ ամեն օր ջրել այդ ծառը, հույսով, որ մի օր այն կկանաչի»: Եվ կոչ արեց բոլորին՝ կատարեք ձեր պարտքը, ջրեք այս չորացած ծառը, գուցե այն երբեւէ կանաչի: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31