Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ

Մայիս 12,2004 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ Մայիսի 9-ին հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում երկրի փոխչեմպիոն «Բանանցի» հետ համառ պայքարում նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը եւ ծննդյան օրվա կապակցությամբ հիանալի նվեր մատուցեց գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցային: Ֆուտբոլի ֆեդերացիան գավաթի եզրափակիչ խաղը մարզական տոնահանդեսի վերածելու համար նախապատրաստական բավականին աշխատանք էր կատարել. հանդիպումից առաջ եւ ընդմիջումներին ելույթ ունեցան սիրված երգչուհիներ, իսկ ավարտին, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բյուրեղապակյա գավաթը հանձնեց «Փյունիկի» ավագին, այդ հանդիսավոր պահը նշանավորվեց հրավառությամբ: Պետք է ասել նաեւ, որ բուն հանդիպումն էլ արժանի եղավ գավաթային եզրափակիչին` 120 րոպեից ավելի լարվածության մեջ պահելով տրիբունաներում տեղ զբաղեցրած հազարավոր մարզասերներին: Խաղի հիմնական եւ երկու լրացուցիչ ժամանակները ի հայտ չբերեցին ուժեղին: Ամբողջ հանդիպման ընթացքում թեեւ երկրի չեմպիոնն առավելություն ուներ, սակայն մրցակցի դարպասը գրավելու առիթները օգտագործել չկարողացավ: Հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություններ ունեցան նաեւ փոխչեմպիոնները, բայց բախտը այդ օրը նրանցից էլ էր երես թեքել: Ի վերջո, հանդիպման գլխավոր մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավար Կարեն Նալբանդյանը նշանակեց 11 մետրանոց հարվածաշար, որն իրացնելիս ավելի դիպուկ գտնվեցին փյունիկցիները` 6 : 5: Խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում թիմերի գլխավոր մարզիչներ Միհայ Ստոյկիցան եւ Հովհաննես Զանազանյանը գոհունակություն հայտնեցին մրցակցությունից` ընդգծելով, որ իրենց սաները ցույց տվեցին լավ ֆուտբոլ: Ռումինացի մասնագետը նշեց, որ ֆուտբոլը Հայաստանում առաջընթաց է ապրում: Դա նկատվում է ինչպես ներքին առաջնությունում ընթացող պայքարից, այնպես էլ «Անկախության» գավաթի համար եզրափակիչ հանդիպումից: Եվ դա իրեն ուրախացնում է նաեւ որպես ազգային հավաքականի գլխավոր մարզչի`ընձեռելով խաղացողների ընտրության ավելի լայն հնարավորություն: Իր հերթին Հովհաննես Զանազանյանը շնորհավորեց գործընկերոջը հաղթանակի առթիվ: Նա ասաց, որ «Փյունիկն» անհամեմատ ավելի փորձառու կոլեկտիվ է, մինչդեռ «Բանանցը» բավականաչափ փոփոխված կազմով ընդամենը մեկ ամիս է համատեղ մարզվում: «Արարատ 8211 73»-ի լեգենդար ավագը գնահատելով խաղի ընդհանուր նկարագիրն ու 11 մետրանոցների կատարումը, նշեց, որ ինքը դաշտում ծավալվող իրադարձությունների թելադրանքով ստիպված եղավ մեկնարկային կազմում մի քանի փոփոխություն կատարել, ու դա բացասաբար անդրադարձավ հանդիպման արդյունքի վրա: Հակառակ դեպքում՝ հնարավոր էր նաեւ այլ արդյունք: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31