Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ուզածը պլանային տնտեսությունն է»

Մայիս 20,2004 00:00

«Ձեր ուզածը պլանային տնտեսությունն է» Բնապահպանության նախարարը համաձայն չէ ոչ միայն ԱԺ Վերահսկիչ պալատի (ՎՊ) եզրակացությունների, այլեւ առաջարկությունների հետ։ Ընդերքօգտագործման ոլորտում ՎՊ հայտնաբերած խախտումների մասին նախարար Վարդան Այվազյանն իր բացասական կարծիքն արտահայտել է դեռեւս ամիսներ առաջ՝ հաշվետվության քննարկումների ժամանակ, ինչին «Առավոտն» անդրադարձել է։ Այս անգամ մեզ հետաքրքրում էր, թե գործնականում որքանո՞վ են կիրառելի ՎՊ հաշվետվության մեջ տեղ գտած առաջարկությունները։ Մասնավորապես, ՎՊ-ի մասնագետների ուսումնասիրությամբ պարզվել է, որ «վիճահարույց է օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ բնօգտագործման վճարների հաշվարկման մեխանիզմն՝ այն պատճառով, որ վերջիններս հաշվարկվում են օգտակար հանածոյի իրացման փաստացի գնից»։ Պալատն առաջարկում է բնօգտագործման վճարների հաշվարկման ժամանակ կիրառել հաստատագրված մեծություններ՝ ըստ հանքավայրերի եւ օգտակար հանածոյի տեսակի։ Նաեւ՝ որ «պետբյուջե հաստատագրված մուտքերի ապահովման նպատակով հարկավոր է բնօգտագործման վճարները հաշվարկել ոչ թե փաստացի արդյունահանված կամ մարված պաշարի համար, այլ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված տարեկան մարվող պաշարի համար»։ Նախարար Վ. Այվազյանը միանշանակ դեմ էր այս «նորամուծությանը». «Պետությունը հանքավայրի պաշարը գնահատում է ամբողջությամբ, տրամադրում 25 տարով, սակայն բնօգտագործման վճարը գանձում է միայն փաստացի մարված պաշարի դիմաց։ Այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ արդյունահանողն առաջնորդվում է շուկայի պահանջով, ոչ թե պլանային տնտեսության մեխանիզմներով»։ Թեման զարգացնելով, մեր զրուցակիցը նկատեց, որ չեն կարող պահպանվել նաեւ արդյունահանման չափի վերաբերյալ ամեն տարի կնքվող պայմանագրերը՝ «եթե իրացում չլինի, քարը հանի՝ ի՞նչ անի»։ Իսկ բերված օրինակներից կարելի է համոզվել, որ արտոնագրով սահմանված 25 տարի ժամկետն իրատեսական է ոչ բոլոր հանքավայրերի համար. «Մենք տուֆի հանքավայրեր ունենք, որտեղ 100 մլն խմ քար կա, դրանցից յուրաքանչյուրը տարեկան 400 հազար խմ պաշար պիտի մարի, որ հասցնի 25 տարվա ընթացքում «դատարկել» ողջ հանքավայրը։ Բայց մեկ հանքավայրից արդյունահանվածը արդեն ծածկում է ողջ շուկան, բա մնացածն ի՞նչ անեն»։ Հանքավայրերն անգործության չմատնելու համար պարոն Այվազյանը բավարար է համարում եղած պաշարի տարեկան 10%-ի պարտադիր արդյունահանման պայմանը, որն ապահովում է շահագործողների 95 %-ը։ ՎՊ-ի մյուս առաջարկությունները կապված էին հիմնականում օրենսդրական փոփոխությունների հետ։ Նախարարի ասելով, դրանց մի մասն արդեն իր լուծումը գտել է համատեղ աշխատանքի շնորհիվ, մնացածն էլ ուսումնասիրման փուլում է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել