Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ միլիոն դոլար՝ անկախ փորձագիտական կենտրոնին

Մայիս 20,2004 00:00

Մեկ միլիոն դոլար՝ անկախ փորձագիտական կենտրոնին Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյը ստորագրեցին 2001թ. հունիսի 11-ին ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված «Թմրանյութերի վերահսկման եւ օրենքի կիրարկման» համաձայնագիր-նամակի լրացումները: Հայաստանին լրացուցիչ կտրամադրվի 1 միլիոն 466 հազար ԱՄՆ դոլար՝ նշված ծրագրով տրվող գումարի ընդհանուր չափը հասցնելով 2,158 միլիոն։ Ծրագրով նախատեսվում է իրավապահ մարմինների մարզային կառույցների եւ այլ երկրների իրավապահ մարմինների միջեւ համակարգչային ցանցի ստեղծում (350 հազար դոլար), մարդկանց տրաֆիքինգի դեմ պայքարի ծրագիր (92 հազար դոլար), իրավապահ մարմինների աշխատակիցների ուսումնական կենտրոնների առարկայական ծրագրերի մշակում (716 հազար դոլար): Սակայն գլխավոր դատախազն ու դեսպանը հատկապես կարեւորեցին դատաքննչական, փորձագիտական լաբորատորիայի ստեղծումը՝ 1 մլն դոլար։ Ըստ Աղվան Հովսեփյանի, փորձագիտական այս կենտրոնը լինելու է լիովին անկախ եւ դրանով «ապահովվելու է փորձագիտական անկողմնակալ գործունեություն, որը զերծ է լինելու գերատեսչական միջամտություններից»։ Ըստ ծրագրի, կենտրոնը կղեկավարի մի խորհուրդ, որում ներգրավված կլինեն շահագրգիռ կառույցների ղեկավարների տեղակալները, կենտրոնի ընթացիկ աշխատանքները կղեկավարի խորհրդի նշանակած տնօրենը։ Խորհրդի անդամները, սակայն, իրավունք չեն ունենա միջամտել «կենտրոնի արտադրական գործունեությանը»։ Ուշագրավ էր գլխավոր դատախազի շուրթերից լսել, որ «այս կենտրոնը կծառայի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը եւ անգնահատելի է դատաիրավական բարեփոխումների այս փուլում»։ Գլխավոր դատախազի խոսքում փոքրիկ հակասություն կար։ Նախ նա նշեց, որ փորձաքննությունների ոլորտում անաչառության եւ արհեստավարժության գրավականը մրցակցությունն է, ապա ավելացրեց, որ այժմ Հայաստանում գործող փորձագիտական կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը եւ մասնագետների պակասը թույլ չեն տալիս բավարարել ժամանակի պահանջները եւ քրեական գործերի լուծումները։ Այդ դեպքում ո՞ւմ հետ են մրցակցելու նոր ստեղծվող կենտրոնի աշխատակիցները, որոնք, ըստ ծրագրի, ընտրվելու են թափանցիկ, մրցակցային հիմունքներով։ Հայաստանը մտադիր է այս կենտրոնում իրականացնել նաեւ ուսումնական ծրագրեր այլ լաբորատորիաների աշխատակիցների համար եւ գիտական աշխատանքներ։ Ուստի նպատակահարմար է կենտրոնը ներգրավել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում։ ԱՄՆ դեսպանն էլ կարեւորելով հայ-ամերիկյան համագործակցությունը հատկապես իրավական եւ անվտանգության ոլորտում, ասաց, որ վստահության արժանի ապացույցներ կարելի է ստանալ միայն լավ կազմակերպված եւ որակյալ մասնագետներով համալրված կենտրոնից։ Ամերիկյան կողմը պարբերաբար կծանոթանա ծրագրի իրականացմանն ու կատարվող աշխատանքներին։ Սակայն լաբորատորիայի շահագործումը ՀՀ կառավարության պատասխանատվությունն է։ Ու թեեւ ծրագրով հստակ ժամկետներ սահմանված չեն, այնուհանդերձ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը հույս հայտնեցին, որ այս տարի կենտրոնը կսկսի գործել, իսկ նախնական աշխատանքներն էլ կավարտվեն մինչեւ հունիսի 15-ը։ Ծրագրի բոլոր կետերով տրամադրվող օգնությունը տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ են։ Փող չկա։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել