Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՈՐՐԸ ԹՎԱՑՅԱԼ Է

Մայիս 20,2004 00:00

ԱՆԴՈՐՐԸ ԹՎԱՑՅԱԼ Է Աթենքում օգոստոսին կայանալիք ամառային 28-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մոտ երկու ամիս: Սակայն օլիմպիական մարզաձեւերում, ասես, անդորր է: Բայց միայն առաջին հայացքից է այդպես թվում: Իրականում բոլորն էլ ամենայն լրջությամբ նախապատրաստվում են տարվա գլխավոր մարզական ստուգատեսին ու ամեն մի րոպեն ոսկու արժեք ունի: Վերջին շրջանում մի տեսակ ուշադրությունից դուրս են մնացել նաեւ Հայաստանի օլիմպիականները: Ինչո՞վ են նրանք այժմ զբաղված: Նրանց այսօրվա առօրյայի մասին պատմում է ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը: «Ներկայումս մեր օլիմպիական հավաքականների անդամները, ովքեր Խաղերին մասնակցելու իրավունք արդեն ձեռք են բերել կամ դեռ հավակնում են ուղեգրերի, նախապատրաստության բուռն փուլի մեջ են: Հունա-հռոմեական ըմբշամարտից Հայաստանն Աթենք գործուղելու է երեք հոգու: Հիմա հավաքականը 10-օրյա առողջարարական հավաքի մեջ է մայրաքաղաքի ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտում: Մարզիկներն ապաքինվում, բուժվում, վերականգնվում են: Դրանից հետո Երեւանում նոր հավաք կանցկացվի, որի ընթացքում ըմբիշները կնախապատրաստվեն հուլիսի 9-13-ը Ֆրանսիայում կազմակերպվելիք նախաօլիմպիական միջազգային խոշոր մրցաշարին: Ֆրանսիայից թիմը կմեկնի Ալուշտա՝ նախավերջին հավաքներից մեկին: Այնուհետեւ կգա Ծաղկաձոր, հետո կրկին կմեկնի Ալուշտա, նորից կվերադառնա Երեւան եւ այստեղից օգոստոսի 21-ին կմեկնի Աթենք: Ազատ ոճայիններն, ինչպես գիտեք, նվաճել են չորս ուղեգիր: Եվրոպայի առաջնությունից հետո օլիմպիականները մարզվում են իրենց ակումբներում: Նախատեսված էր այս ամսին անցկացնել հանրապետության առաջնություն, սակայն մարզչական խորհուրդը նպատակահարմար գտավ այն հետաձգել: Մայիսի վերջին հավաքականի անդամները նույնպես 10-օրյա առողջարարական հավաք կանցկացնեն ֆիզիոթերապեւտիկում: Ընդունված կարգ է, որ մարզիկները օլիմպիական խաղերից 2 8211 2,5 ամիս առաջ պետք է կարողությունները վերջնականապես ճշտեն որեւէ մրցաշարում: Այդպիսի մրցում լինելու է Խասվյուրտում, ուստի որոշվել է մինչ այդ ուսումնամարզական հավաք կազմակերպել այդ քաղաքին մոտ գտնվող Մախաչկալայում ու այնտեղից մեկնել մրցավայր: Խասվյուրտից ազատ ոճայինները նույնպես կգնան Ալուշտա, ուր այդ ժամանակ հավաքվում են ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հավաքականները: Քանի որ քաշային կարգերում ամբողջական թիմ գործուղելու հնարավորություն չկա, նմանատիպ համատեղ մարզումներն անչափ հարմար են: Հավաքականը հուլիսի 20-ին կվերադառնա Ծաղկաձոր, օգոստոսի 6-ից վերջին հավաքը կանցկացնի «Այգ» մարզաբազայում եւ այնտեղից էլ կմեկնի օլիմպիական խաղեր: Ինչ վերաբերում է ծանրորդներին, մենք դժգոհ ենք Կիեւում նրանց մրցելույթներից: Թիմի վերջնական կազմն ընտրելու նպատակով այս ամսի 25-26-ին կազմակերպվելու է հանրապետության առաջնություն: Ու հայտարարված է՝ ովքեր ցույց կտան լավագույն արդյունք, նրանք էլ կգնան Աթենք: Ի տարբերություն ըմբշամարտի կամ բռնցքամարտի, ծանրամարտում ուղեգրերը քաշային կարգերով չեն: Մենք ունենք չորս տեղ ու Հունաստան տանելու ենք չորս հոգու: Հնարավոր է, որ միեւնույն քաշում Աթենքում հանդես գա երկու ծանրորդ: Հայաստանի առաջնության արդյունքներով կընտրվեն արժանիները: Նրանց համար հավաքներ կկազմակերպենք Ծաղկաձորում, հետո՝ Արարատում: Նրանք մրցումների մասնակցելու ժամանակ այլեւս չեն ունենա, այնպես որ՝ Հունաստան կմեկնեն հայաստանյան հավաքներից: Անհամբեր սպասում ենք Հռիփսիմե Խուրշուդյանի մասնակցության մասին ՄՕԿ-ի որոշմանը: Նա ըստ էության ուղեգիր նվաճել է: Սակայն ՄՕԿ-ը պետք է մեկ անգամ էլ քննարկի այդ հարցը: Կարծում եմ, վերջնական պատասխանը կստանանք մայիսի 29-30-ին: Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում մենք ունենալու ենք մեկ մասնակից: Ըստ իս, դա քիչ է՝ կարող էինք ավելին ունենալ: Այդուհանդերձ, Ալեքսան Նալբանդյանը, լինելով փորձառու մարզիկ, մեր հույսերից է: Նա մարզչի եւ մի քանի մարզումային մրցակիցների հետ նախապատրաստվում էր Ծաղկաձորում: Հիմա կմեկնի Արարատ: Աթենքում կազմակերպվելու է նախաօլիմպիական շաբաթ: Մենք կազմակերպիչների հետ արդեն պայմանավորվել ենք, որպեսզի 48 կգ քաշային Ալեքսանն այնտեղ հանդես գա 51 կգ քաշայինների հետ: Այնտեղից նա կգնա Ալուշտա, հետո կվերադառնա Արարատ ու «Այգից» կմեկնի Աթենք: Օլիմպիական վարկանիշ ունի մեր հրաձիգ Նորայր Բախտամյանը, որը որպես կանոն հաջող մրցելույթներ է ունենում միջազգային մրցումներում: Դա լավ նախապատրաստության հետեւանք է: Հիմա էլ նա ըստ ծրագրի շարունակում է մարզվել եւ մասնակցել հեղինակավոր մրցումների: Մասնավորապես, Լվովում Գրան պրիին, հետո՝ հավաք, էլի աշխարհի գավաթի խաղարկություն (երկրորդ փուլ) հունիսին՝ Միլանում: Դրանից հետո արդեն նախապատրաստության շարունակությունը կընթանա ըստ նրա մարզավիճակի, անհատական ծրագրով»: Պրն Իսպիրյանը խոսեց նաեւ այն մարզաձեւերի ու մարզիկների մասին, ովքեր դեռ կարող են օլիմպիական ուղեգիր նվաճել: Օրինակ, թենիսիստ Սարգիս Սարգսյանը, եթե մնա ATP-ի դասակարգման առաջին 60-ի մեջ: Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմը դեռ կարող է համալրել թիավարորդների երկյակը: Բարի լուրեր են ակնկալվում նետաձգությունից, աթլետիկայից, սեղանի թենիսիստ Դավիթ Սարգսյանից, խճուղային հեծանվորդ Տիգրան Կորկոտյանից, որի համար ՀԱՕԿ-ը պաշտոնապես դիմել է ՄՕԿ եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիա: Մինչ այս հարցազրույցը պատրաստվում էր տպագրության, հայտնի դարձավ, որ ձյուդոիստ Արմեն Նազարյանը եւս օլիմպիական ուղեգիր նվաճեց: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել