Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Մայիս 25,2004 00:00

ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին դիտարկումներ, առաջարկություններ
ու բողոքներ են ներկայացրել «Առավոտին» շարքային քաղաքացիները։ Մանկավարժ
Կառլեն Քալաշյանը հիշեցնում է, որ 1999թ. ընդունված «Բենզինի եւ ծխախոտի
հարկերի բարձրացման մասին» օրենքի ընդունումից մի քանի ամիս հետո կառավարությունը
«փոշմանել» էր իրենց օրենսդրական առաջարկի համար եւ լրատվամիջոցներով հայտարարել,
որ օրենքը չեղյալ համարելու քայլեր կսկսեն։ Իսկ բենզին ներկրողներն էլ խոստացել
են, որ գները կիջեցնեն։ Ինչպես հայտնի է, փոփոխություն չի եղել։ Ընդհակառակը,
գնալով աճող բենզինի գները մինչեւ մայիսի վերջ կրկին կբարձրանան։ Մանկավարժն
առաջարկում է իշխանություններին՝ չեղյալ հայտարարել «վնասակար» օրենքը։
Իսկ Աջափնյակ համայնքի բնակիչների հոգսն իրենց կանաչապատ տարածքների կառուցապատումն է, ինչի հետեւանքով «նախկինում կանաչ մեր շրջանը վեր է ածվել հետամնաց գյուղական կենտրոնի»։ Շատ ավելի հետամնաց եւ անմխիթար վիճակում է հայտնվել Արագածոտնի մարզի Մաստարա գյուղը, ինչը դրդել է վաստակաշատ մանկավարժ Զավեն Վարդանյանին՝ փողոց առ փողոց ներկայացնել հարազատ գյուղի «բարեմասնությունները». կուլտուրայի տունն ապակի չունի, ծերերն այնտեղ նարդի են խաղում ոտքի վրա՝ աթոռ չկա, Սուրբ Հովհաննես եկեղեցի հասնելու համար ճանապարհ չկա, երիտասարդները գյուղից հեռանում են՝ աշխատանք չկա։

Ավելին, այս տարվա մարտին գյուղնախարար Դ. Լոքյանի խոստացած օգնությունից գյուղ է հասել հայտարարվածից թանկ գնով եւ քիչ պարարտանյութ, ուժը կորցրած մկնդեղ, շատ քիչ քանակի կարտոֆիլի սերմացու։ «Զարմանալի չէ, որ 900 տնտեսություն ունեցող գյուղից 300-ը քոչել են»,- գրում է մաստարացի մանկավարժը։

Իսկ երեւանցի Հակոբ Սաղաթելյանը դադարել է զարմանալ իշխանությունների սին խոստումներից. նա այլեւս զբաղված է միջին կենսամակարդակի բարձրացման մասին հնչող հայտարարությունների «նրբությունները» բացահայտելով։ Օրինակ, եթե կառավարական վերնախավի՝ վերջին տարիներին մի քանի անգամ բարձրացած աշխատավարձը բազմապատկվի տասնյակ հազարավոր աշխատողների նվազագույն՝ 13.000 դրամ աշխատավարձով (շատ տեղերում չեն էլ ստացել այդ «մինիմումը») ու հաշվարկվի միջին թվաբանականով, ապա կստացվի, որ հանրապետությունում բարձրացել է միջին աշխատավարձը։

Խմբագրությունն այս ամիս նույնպես ստացել է բազմաթիվ նամակներ, որոնց հեղինակները չգիտես ումից նյութական օգնություն հայցող միայնակ թոշակառուներ են, ինչպես նաեւ կենսաթոշակի ուշացման պատճառով հոսանքազրկվածներ։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել