Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇՏԱՐԱԿ ԹԻՎԻՆ» ԴԱՐՁՅԱԼ ԶՐԿՎԱԾ Է ԵԹԵՐԻՑ

Մայիս 25,2004 00:00

«ԱՇՏԱՐԱԿ ԹԻՎԻՆ» ԴԱՐՁՅԱԼ ԶՐԿՎԱԾ Է ԵԹԵՐԻՑ Աշտարակի կաբելային հեռուստաընկերությունը, որն, ըստ էության, այս քաղաքի բնակչությանն այլընտրանքային լրատվությամբ ապահովելու միակ միջոցն է, արդեն մի քանի տարի շարունակ եւ պարբերաբար հայտնվում է փակման վտանգի առաջ: Մեկ՝ նրան հրաժարվում էին հեռարձակման արտոնագիր տալ, մեկ՝ հարկայինի եւ ոստիկանության աշխատակիցներն էին ներխուժում հեռուստաստուդիա ու խոչընդոտում նրա աշխատանքները, մեկ՝ տեղի իշխանություններն էին ներքաշում դատական պրոցեսների մեջ եւ այսպես շարունակ: Այդուհանդերձ, հեռուստաընկերությանը հաջողվում էր դիմակայել ճնշումներին: Մայիսի 23-ին «Աշտարակ Թիվին» կրկին հայտնվել է նույն խնդրի առաջ: Այս անգամ «Արագածոտն առսպաս» ՍՊԸ-ի, կամ՝ այլ կերպ ասած, քաղաքի կենցաղի տան տնօրեն Սարգիս Ամիրյանը, կողպել է շենքի բոլոր դռները, հեռուստաստուդիայի մուտքը՝ արգելելով հեռուստաընկերության գործունեությունը: Մինչ այդ, դեռ շաբաթ գիշեր հեռուստատեսությամբ հայտարարվել էր, որ ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանն ու Խաչիկ Մանուկյանը պետք է ուղիղ եթերում պատասխանեին աշտարակցիների հարցերին: Իսկ հեռուստաընկերության աշխատակիցների ասելով, տեղի ունեցածն, ինչպես միշտ, իր նախապատմությունն ունի: «Ընդդիմության հանրահավաքների շարքը սկսելուց ի վեր ստուդիայի հանդեպ վերսկսվել էին ճնշումները, մասնավորապես Արագածոտնի մարզպետի՝ ՀՅԴ անդամ Գաբրիել Գյոզալյանի կողմից: Ստուդիայի տնօրենը՝ Սարգիս Ամիրյանը, որն Աշտարակում հայտնի է «Պապո» մականվամբ, որ ԵԿՄ անդամ է, ըստ հեռուստաընկերության աշխատակիցների, սատարում է ՀՅԴ-ին եւ մարզպետին: Ս.Ամիրյանը մարզպետի հրահանգով դեռ ապրիլի սկզբներին էր կտրել հեռուստաստուդիայի հեռախոսների եւ հոսանքի լարերը այն բանից հետո, երբ «Աշտարակ Թիվին» ստուդիայի ուղիղ եթեր էր հրավիրել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Արամ Սարգսյանին եւ, այն ժամանակ դեռեւս ազատության մեջ գտնվող, Սուրեն Սուրենյանցին»: Ավելի ուշ, արդեն մայիսի 20-ին, հեռուստաընկերությամբ ցուցադրվել էր Կարեն Դեմիրճյանի մասին պատմող, հենց ստուդիայի կողմից պատրաստված տեսաֆիլմ: Իշխանությունների արձագանքը չէր ուշացել. մարզի ԱԱԾ պետն էր նախ հեռուստաստուդիայի տնօրեն Վիլիկ Բոցինյանին հրավիրել իր մոտ՝ «հորդորելով» չգրգռել ժողովրդին, որից հետո շենքի տնօրենը, նույն ինքը՝ «Պապոն», ստուդիայի դռները ջարդել ու տեխնիկան դուրս էր շպրտել: Թե ինչ էր եղել արդեն այս կիրակի օրը՝ վերն արդեն ներկայացրել ենք: Ի դեպ, ոչ «Առսպասի» տնօրենը, ոչ մարզպետը որեւէ իրավական հիմք չունեն դադարեցնելու, կամ՝ անգամ խոչընդոտելու «Աշտարակ Թիվիի» գործունեությանը, կամ՝ նրա աշխատակիցներին արգելել մտնել «Առսպասի» տարածքում գտնվող հեռուստաստուդիա: Բանն այն է, որ «Աշտարակ Թիվին»՝ «Առսպասի» հետ կնքած պայմանագրի համաձայն, տարածքը վարձակալել է մինչեւ 2021 թիվը: Նույն պայմանագրի համաձայն, շենքի պահպանությունն ու մաքրությունը պետք է իրականացնի շենքի տնօրինությունը: Բայց քանի որ վերջինս դա չի արել եւ շենքում սարսափելի հակասանիտարական վիճակ է եղել, «Աշտարակ Թիվին» ժամանակին նամակով դիմել է սանէպիդկայանին՝ միջոցներ ձեռնարկելու համար: Դե՝ սանէպիդկայանն էլ մայիսի 19-ի իր որոշմամբ դադարեցրել է «Առսպասի» գործունեությունը, բայց ոչ՝ հեռուստաստուդիայի: Շենքի տնօրենն էլ հիմնվելով այդ որոշման վրա շենքը կնքել է այն պատճառաբանությամբ, թե չի կարող բացել, որովհետեւ սանէպիդկայանն իրեն կտուգանի: Ոստիկանությունն ի դեմս Արագածոտնի ոստիկանության տարածքային բաժնի պետ Գոռ Ալեքսանյանի, հայտարարել է, թե՝ անկարող են ինչ-որ բան անել, որովհետեւ դա մարզպետի խնդիրն է: Ինչ վերաբերում է մարզպետին, ապա՝ հեռուստաընկերության ղեկավարության հավաստիացմամբ, նա այդ հարցի վերաբերյալ սեփական մոտեցում ունի՝ ելնելով սեփական շահերից: Այսինքն՝ բացի «Աշտարակ Թիվին» փակելու քաղաքական ենթատեքստից, այս հարցը նաեւ տնտեսական կողմ ունի: Շենքը դիտավորյալ հասցվել է փլուզման շեմին, որպեսզի աճուրդի հանվի: Մարզպետն ինքն է մտադիր գնել այդ շենքը, բնականաբար, որքան հնարավոր է էժան գնով: Ուստի՝ շենքի տնօրեն «Պապոն», ըստ Վ.Բոցինյանի, մարզպետի հրահանգով, հարկային տեսչության պետին պաշտոնական գրությամբ ծանուցել է՝ պետական հարկերը մուծելուց հրաժարվելու մասին: Ըստ այդմ՝ հարկայինը մտել է դատարան, լուծարել է «Առսպաս» ՍՊԸ-ն եւ կենցաղի տան շենքը փոխանցվել է դատական ակտերի հարկադիր կատարմանը՝ աճուրդով վաճառքի ներկայացնելու համար: Մարզային իշխանությունները հեռուստաստուդիային տարածք մուտք գործելն արգելելը բացատրում են նրանով, որ, իբր, «Աշտարակ Թիվի» ՍՊԸ-ն տարածքի վարձակալության օրինական պայմանագիր չունի: Սա այն դեպքում, երբ Վ.Բոցինյանի ձեռքի տակ կա համապատասխան պայմանագիր, որը կնքել է հենց նախկին մարզպետ, դարձյալ ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանի ստորագրությամբ: Վ.Բոցինյանը պատրաստվում է դիմել դատարան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել