Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԵՄԱՆԵՐԸ

Հունիս 03,2004 00:00

ՆԱ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԵՄԱՆԵՐԸ ԱԺ նախկին պատգամավոր, «ԱՖԱ» կոնցեռնի նախագահ Տարոն Սահակյանը, որը 1999-2003թթ. զբաղվել է միջուկային վառելիքի ՀՀ ներկրման հարցերով, որպես պատգամավոր մասնակցել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, եղել է նաեւ ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը ՌԴ կառավարությունում, անցյալ շաբաթ հարցազրույց է տվել «Իրավունք» թերթին: Նա անդրադարձել է «ՌԱՕ ԵԷՍ»-ի արտասահմանյան ակտիվները վաճառելու մասին շրջանառվող տեղեկություններին՝ նշելով, որ դա կարող է վտանգել ՀՀ տնտեսական անվտանգությունը՝ նկատի ունենալով, որ մեր էներգետիկ հզորությունների 85-90 տոկոսը հենց այդ ընկերությանն է պատկանում: «Տ. Սահակյանի այդ հարցազրույցը բավականին լուրջ էր իր բովանդակությամբ, բայց ինձ համար շատ զարմանալի է, որ նա չի խոսել իմ ՀՀ վարչապետ եղած ժամանակահատվածում՝ 99-2000թթ., ատոմային վառելիքի ներկրման մասին: Հենց այդ ժամանակահատվածում էր, երբ ՌԴ կառավարությունների միջեւ բանակցությունների արդյունքում ատոմային վառելիքի ներկրումը պետք է կատարվեր գործող գներից 40 տոկոս էժան եւ պետք է կատարվեր նույն Տ. Սահակյանի ղեկավարած ընկերության միջոցով: Լավ կլիներ նաեւ նա խոսեր այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սակագների մասին, որի հիմնական ջատագովը Վաղարշակ Հարությունյանն էր: Երեւի Տ.Սահակյանը վախեցել է խոսել այդ թեմայով՝ Վ.Հարությունյանի կողքին չհայտնվելու մտավախությամբ»,- երեկ անդրադառնալով հիշյալ հարցազրույցին՝ ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա նկատեց նաեւ. «Զարմանալի է, չէ՞, երբ երկու երկրների վարչապետներ հանդիպում, բանակցում են ՀՀ ներմուծվող վառելիքի որոշակի գնի շուրջ, ու հանկարծ հայտնվում են ընկերություններ, որոնք պայմանավորված գներից մինչեւ 40 տոկոս զեղչեր են առաջարկում, կամ՝ երբ նույնն արվում էր նախարարների մակարդակով: Հարցեր կան, որոնց պատասխանները ճիշտ կլիներ, որ Տ.Սահակյանը տար»,- ասաց Արամ Սարգսյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել