Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ

Հունիս 10,2004 00:00

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ Երեւանի Վրացյան 71 եւ 71/1 շենքերի միջնամասում կապույտ պաստառներով շրջափակվել է հերթական կանաչ տարածքը։ 2002թ. ամռանը կայացած տասնչորս հարկանի երկու սպիտակ շենքերի բացումը խիստ հանդիսավոր էր՝ նախագահ Քոչարյանով, կարմիր ժապավենով։ Մինչ այդ հետնաբակը ծածկել էին սեւահողով, վրան խոտ ցանել, ծառեր տնկել։ Իսկ բակում շինարարները տեղադրել էին նստարաններ։ Մի խոսքով, արել էին այնպես, որ նախագահը գոհ մնա կառուցողներից էլ, քաղաքապետից էլ։ Նաեւ՝ 15 տարի սրա-նրա տանն ապրող տարածքի նախկին բնակիչներին հպարտ-հպարտ հանձնել նոր բնակարանի բանալիները։ Այժմ անդրադառնանք նույն շենքերին հարող նույն բակերի ներկա վիճակին։ Բակի կողմից նկուղում տեղավորվել է «Տաքսի-սերվիս»՝ բակը ծանրաբեռնելով անընդհատ ներսուդուրս անող ավտոմեքենաներով։ Բացի այդ, տեղում հասցրել են «բուսնել» վերգետնյա ավտոտնակներ։ Բազմահարկ շենքերի բնակիչներին մնում է մուտքից դուրս գալու պահից «մանեւրել» մեքենաների միջով՝ մինչեւ կհասնեն փողոցի մայթ։ Երեխաների խաղալը կամ բակում մաքուր օդ շնչելը դարձել է կյանքի համար վտանգավոր։ Այդ նպատակին կարող էր ծառայել կանաչապատված հետնաբակը։ Սակայն, բնակիչների պատմելով, «նախագահի գալ-գնալուց որոշ ժամանակ անց, անհայտ անձինք չորացրին ծառերը՝ երեւի վառող նյութ էին լցրել բներին»։ Նպատակը հասկացել են հետո, երբ արդեն այս գարնանը կանաչ գոտում կառուցվել է երկհարկանի մի շինություն, իսկ մեկ ամիս առաջ կապույտ պաստառներով մի խումբ բանվորներ շրջափակել են տարածքի մյուս մասը եւ փորել մեծ փոս։ Բնակիչներն աշխատողներից տեղեկացել են, որ այդտեղ կառուցվելու է եռահարկ շենք՝ նկուղը չհաշված։ Նաեւ, որ այն ձգվելու է մինչեւ շենքի պատը՝ զրկելով բնակիչներին հրդեհների եւ արտակարգ այլ իրավիճակների ժամանակ օգնություն բերելու այլընտրանքային ճանապարհից (խոսքը մեքենաների մասին է)։ Բնակիչները բողոքել են քաղաքաշինության նախարարություն, որտեղից եկած մասնագետների այցից հետո շինարարական աշխատանքները միառժամանակ դադարել են։ Սակայն մինչ օրս բողոքարկուները պատասխան չեն ստացել, թե ի՞նչ կառույց է, ի՞նչ փաստաթղթեր ունի, շինարարական նորմերը խախտվա՞ծ են, թե՞ ոչ։ Թեպետ արդեն վստահ են, որ ժամանակավոր դադարը կիսատ-պռատ փաստաթղթերն ամբողջացնելու նպատակով է։ Ավելին, որ նորակառույցի տերը՝ Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա իրենց հարեւանն է, ուստի եւ՝ պայքարի արդյունքն անհույս է։ Ի դեպ, նույն քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանը երկու օր առաջ հայտարարեց, որ պետք է սկսեն շենքերի բակերի բարեկարգման ծրագիր։ Ըստ որի, կվերանան վերգետնյա ավտոտնակները, բակերը կկանաչապատվեն եւ կունենան հանգստի պայմաններ։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ սկզբի համար եղածը չեն պահպանում կոնկրետ այս շենքերի համար, պարոն Դանիելյանը այդ օրը պատասխանեց հարցով. «Իսկ նախագծով այդ տարածքն այդ շենքերի՞նն է»։ Հետաքրքիր է, իսկ ո՞ր շենքի կանաչ տարածքն էին ներկայացրել նախագահին՝ այս շենքերի բացման ժամանակ։ Երեկ մեր հարցմանը նույն վարչությունից պաշտոնապես պատասխանեցին, որ այդ տարածքում կառուցապատման համար հայտ ներկայացվել է, բայց իրենք մերժել են։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930